Ֆրանսիայում արգելվել է ալկոհոլի օգտագործումը Fête de la Musique-ի մեծ միջոցառումների ժամանակ, որոնք անցկացվում են հունիսի 21-ին ողջ Ֆրանսիայում, քանի որ սաստիկ շոգի պատճառով ջերմաստիճանը մոտենում է ռեկորդային ցուցանիշների։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Ամենամյա Fête de la Musique-ը միլիոնավոր մարդկանց է դուրս բերում Ֆրանսիայի փողոցներ։ Սակայն երկրի մոտ մեկ երրորդում հայտարարվել է սաստիկ շոգի վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ, և կառավարությունը որոշել է կարմիր մակարդակի տակ գտնվող հանրային վայրերում արգելել ալկոհոլի օգտագործումը։
«Պետության և նրա կառույցների կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումների համար հանձնարարական է տրվել ալկոհոլ չառաջարկել»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի գրասենյակը։
Կիրակի օրը Ֆրանսիայի հարավ-արևմուտքից մինչև Փարիզի շրջան և Բուրգունդիա սպասվում է 39-40°C ջերմաստիճան, իսկ որոշ վայրերում այն կարող է հասնել 41°C-ի։
Կանխատեսվում է, որ ջերմաստիճանը գագաթնակետին կհասնի երկուշաբթի։ Իշխանությունները զգուշացրել են, որ այն կարող է մոտենալ պատմական առավելագույն ցուցանիշներին։
Կառավարությունը կոչ է արել սահմանափակել ալկոհոլի օգտագործումը՝ «արտակարգ և առողջապահական ծառայությունները պահպանելու և բուժանձնակազմին ամենախոցելի մարդկանց խնամքի վրա կենտրոնանալու հնարավորություն տալու համար»։
Եվրոպայում ուժեղ շոգ է ձևավորվել, և բազմաթիվ վայրերում ջերմաստիճանը սեզոնային միջինից 10-15°C-ով բարձր է։
Ֆրանսիայում շոգը շարունակվում է արդեն մի քանի օր և խաթարել է երկրի բնականոն կյանքը՝ ստիպելով դադարեցնել դասերը։
Ֆրանսիայի օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը, հայտնել է, որ դեռ պարզ չէ, թե որքան կտևի շոգը, որը, ըստ գնահատականների, ազդում է բնակչության մոտ երեք քառորդի վրա։
Փարիզում բնակիչներին և զբոսաշրջիկներին շոգը հաղթահարելու համար իշխանությունները այգիներն ու պուրակները բաց են պահում նաև գիշերը։
Fête de la Musique-ը անցկացվում է արդեն ավելի քան 40 տարի և ամեն տարի համընկնում է ամառային արևադարձի հետ։ Անցյալ տարի միայն Փարիզում միջոցառումներին մասնակցել է մոտ երկու միլիոն մարդ։



















