Եվրոպայի մի շարք երկրներում առաջիկա օրերին սաստիկ շոգեր են սպասվում։ Ըստ Euronews-ի՝ Իսպանիայում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 45°C-ի, իսկ Ֆրանսիայի որոշ շրջաններում նույնպես սպասվում է շոգի զգալի ուժգնացում։
Ըստ կանխատեսումների՝ Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները կազդեն հատկապես Իսպանիայի և Ֆրանսիայի վրա։ Իսպանիայում շոգը կուժգնանա երկուշաբթիից, իսկ ամենադժվար օրերը կլինեն երկուշաբթին և երեքշաբթին։ Երկրի մեծ մասում գիշերային ջերմաստիճանը չի իջնի 25°C-ից, իսկ որոշ շրջաններում ցերեկը կարող է գրանցվել մինչև 45°C։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ևս իշխանությունները պատրաստվում են սաստիկ շոգերին․ մի շարք շրջաններում ջերմաստիճանը կարող է մոտենալ 40°C-ի։ Որոշ դեպարտամենտներում բարձր մակարդակի զգուշացում է հայտարարվել, իսկ տեղական իշխանությունները սահմանափակումներ են մտցրել հանրային միջոցառումների և բացօթյա ակտիվությունների համար։
Ֆրանսիայում շոգի պատճառով որոշ քաղաքներում այգիները բաց են պահվում նաև գիշերը, որպեսզի բնակիչները կարողանան ավելի հեշտ դիմանալ բարձր ջերմաստիճանին։ Ըստ լրատվամիջոցների՝ որոշ վայրերում սահմանափակվել է նաև ալկոհոլի օգտագործումը հանրային միջոցառումների ժամանակ։
Շոգը զգացվում է նաև Իտալիայում և Գերմանիայում։ AP-ի տվյալներով՝ Իտալիայի մի շարք քաղաքներում բարձր ջերմաստիճանի պատճառով զգուշացումներ են հայտարարվել, իսկ Գերմանիայում օդի ջերմաստիճանը կարող է մոտենալ 38°C-ի։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ սաստիկ շոգերին կարող են հաջորդել ուժեղ ամպրոպներ։
Մասնագետները նշում են, որ նման բարձր ջերմաստիճանները ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական ռիսկեր են ստեղծում՝ ազդելով աշխատանքի արտադրողականության, էներգիայի սպառման, տրանսպորտի և զբոսաշրջության վրա։ Գիտնականները նման երևույթների հաճախակիացումն ու ուժգնացումը կապում են կլիմայի փոփոխության հետ։



















