«Շատ հաճախ ձերբակալում ու պատժում են նրանց, ովքեր ինչ-որ բան թաքցրել են ու «վերևներին» չեն հասցրել». Կոռուպցիայի դեմ պայքար, թե իմիտացիա

«Շատ հաճախ ձերբակալում ու պատժում են նրանց, ովքեր ինչ-որ բան թաքցրել են ու «վերևներին» չեն հասցրել». Կոռուպցիայի դեմ պայքար, թե իմիտացիա
«Շատ հաճախ ձերբակալում ու պատժում են նրանց, ովքեր ինչ-որ բան թաքցրել են ու «վերևներին» չեն հասցրել». Կոռուպցիայի դեմ պայքար, թե իմիտացիա

Հայաստանում կատարվող պաշտոնանկություններն ու պաշտոնատար անձանց ձերբակալությունները հնարավոր կլինի որպես կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կատարվող գործողություն դիտարկել այն ժամանակ, երբ կտեսնենք, որ այդ ձերբակալություններին ու պաշտոնանկություններին լուրջ բացահայտումներ կհաջորդեն: Նման դիտարկում է անում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին:

Ռազմական ոլորտում պաշտոնանկություններին ու ձերբակալություններին հաջորդեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի պաշտոնից Արտյոմ Մովսիսյանին ազատելու գործընթացը:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ նա կաշառք է պահանջել գերմանական ավիաընկերություններից մեկից: Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով էլ ձերբակալվեցին Առողջապահության նախարարության պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, ևս երկու պաշտոնա:

Հանրությունը սպասում է՝ արդյոք այս գործողությունների շրջանակներում կլինե՞ն իրական բացահայտումներ ու պատիժներ:

«Քաղաքացիական ավիացիայի վարչության պետի մասին մամուլում տեղեկություններ կան, որ ավիաընկերություններից մեկից կաշառք է ուզել: Չգիտեմ, թե որքանով է դա ճիշտ: Ձերբակալություններ միշտ  էլ լինում են, կոռումպացված երկրներում էլ են ձերբակալում, չկոռումպացվածում էլ, խնդիրը հետևյալում է՝ ինչի՞ն է բերում այդ ամենը: Եթե այդ քայլերից հետո մենք տեսնում ենք, որ տվյալ ոլորտն արդեն այլ կանոններով է շարժվում, դա նշանակում է, որ իսկապես կոռուպցիայի դեմ պայքար կա: Բայց եթե մենք տեսնում ենք, որ այդ բուրգը մնացել է նույնը, ուրեմն ոչինչ չի փոխվում»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Նա նկատում է, որ գաղտնիք չէ՝ շատ հաճախ ձերբակալում ու պատժում են նրանց, ովքեր ինչ-որ բան թաքցրել են ու «վերևներին» չեն հասցրել: Եթե կոռուպցիոն բուրգի մեջտեղից կամ ներքևից է ինչ-որ բան հանվում, Վարուժան Հոկտանյանի խոսքով, դա հնարավոր է հետո վերականգնել, և բուրգը մնում է: Եթե կոռուպցիան ոչնչացնելու նպատակ կա, պետք է վերևից ներքև հարվածել:

«Հիմա տեսնենք, թե սա ինչի կբերի: Ինձ համար կարևոր ցուցանիշն այն է, որ բոլոր ոլորտներում այս ամենից հետո կանոնները փոխվեն»,- նշում է Հոկտանյանը:

Այս փուլում, երբ միջազգային կառույցները նախազգուշացնում են Հայաստանի իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունք ցույց տալ, արդյոք կառավարության այս քայլերը իրական են, թե՞ ձևական բնույթ են կրում՝ միջազգային կազմակերպություններին «արդյունք» ցույց տալու համար: Այս հարցին ի պատասխան Վարուժան Հոկտանյանն ասում է, որ միջազգային կառույցները շատ լավ տարբերում են իրական և ձևական պայքարը:

«Եվրոպան էլ սուրբ չի եղել, իրենց մոտ էլ այս վիճակը եղել, կարողացել են կամաց-կամաց մաքրվել: Հետևաբար նրանք շատ լավ կարող են իրարից տարբերակել իմիտացիան ու իրական պայքարը: Եթե մեզ մոտ վերևներում իշխում են գավառական շուստրիները, որոնք կարծում են, որ եվրոպացիներին ֆռռացրեցին, դա իրականությանը չի համապատասխանում: Կարևոր հարց է, այն, որ ոչ թե եվրոպացին, այլ մենք ինչ ենք ուզում: Ի՞նչ է ուզում մեր հասարակությունը, ուզում է մնալ հանդուրժող կոռուպցիայի նկատմամբ, թե՞ պետք է հասկանան, որ սա կործանման է բերում, և առաջին սիգնալն այդ ապրիլյան պատերազմն էր: Ի միջիայլոց դա վերջին սիգնալը չէ»,- ասում է Հոկտանյանը:

Մասնագետը նաև հարցադրում է անում՝ եթե միջազգային կառույցները գումար չտան, Հայաստանի իշխանությունները չե՞ն պայքարելու կոռուպցիայի դեմ:

«Չէի ուզենա մեր իշխանություններին պատկերացնել Պավլովյան շների վիճակում, որ պայմանական ռեֆլեքս է առաջանում, երբ որ փողը տեսնում են, սկսում են պայքարել կամ ձևանցնում են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Լավ կլիներ, եթե առանց այդ փողերը խոստանալու պայքարեին»,- ասում է նա:

Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը կարծում է, որ այն, ինչ այսօր իրականացվում է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ոչ այնքան միջազգային կառույցների պահանջները բավարարելուն է ուղղված, որքան Հայաստանի հասարակության մոտ ակնհայտ առկա դժգոհություններին պատասխան տալուն:

«Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ ամբողջ պաշտպանական համակարգը կոռումպացված է: Ավելին, հանրության համար ակնհայտ դարձավ, որ կոռուցիան ուղղակիորեն վտանգել է երկրի պաշտպանությունը, տնտեսությունը, պետական ինստիտուտները, և իշխանությունները բացարձակապես անպիտան դուրս եկան երկրի արտաքին մարտահրավերները լուծելու հարցում: Եվ նրանք պետք է փորձեն իրենց դեմքը փրկել, հատկապես, որ մեկ տարի հետո սպասվում են պառլամենտական ընտրություններ, որպեսզի փորձեն արդարացնել, որ, այո, իրենք դասեր են քաղում իրենց սխալներից: Չնայած, սխալներից դասեր քաղելուն պետք է նախորդի այդ սխալների հրապարակվ ընդունումը և անաչառ ու օբյեկտիվ գնատական տալը: Բայց մենք չենք տեսնում դա, իսկ լռելայն և ընտրողաբար պայքարել կոռուպցիայի դեմ, չի լինում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը: Նա նշում է, որ իշխանություններն ստիպված են հանրությանը տեսանելի պատասխան տալ այն մասին, որ երկար ժամանակ շահարկվել էր, թե իբր պետք է կարևորել անվտանգության ապահվոման խնդիրը և հանուն դրա կրել զրկանքներ:

Այս թեզը, նրա խոսքով, սնանկ դուրս եկավ, որովհետև զրկանքներ կրում են միայն քաղաքացիները, սոցիալապես անապահովները, իսկ այդ նույն պաշտպանության ապահովման համար զրկանքներ բացարձակապես չի կրում իշխող վերնախավը:

«Ավելին, պաշտպանության և անվտանգության ապահովման հետ կապված մարտահրավերները չեն խոչընդոտում, որ նրանք զբաղվեն կոռուպցիայով: Եվ հիմա քավության նոխազների միջոցավ փորձել փրկել իրավիճակը, սա են անում, բայց իրապես կարծում եմ, որ նրանք շատ ավելի խորը և արմատական քայլերի անհրաժեշտություն ունեն, որը չեն անում: Այն, ինչ կատարվում է, դա մակերեսային է»,- ասում է Արթուր Սաքունցը:

«Իրական քայլ կարող ենք համարել, երբ կտեսնենք, որ անձամբ Սերժ Սարգսյանի եղբոր կողմից բիզնեսի բնագավառում կիրառվող 50-50 սկզբունքի հետևանքով ձեռք բերված ռեսուրսների օրինականության հարցը քննարկվի և ընդհանրապես այդ ուղղությամբ քննություն կատարվի: Այդ թվում՝ նաև պետք է ՀՀԿ խմբակցության անդամ օլիգարխ պատգամավորների բիզնեսներում ստուգումներ անցկացվեն»,- ասում է Սաքունցը:

Նրա խոսքով՝ նախ և առաջ հանրության վստահությունը պետք է շահել, առանց կոռուպցիայի դեմ պայքարի նկտամամբ հանրային վստահության, հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքարել, առանց արդարադատության նկատմամբ հանրության վստահության ձևավորման, հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքարել:

«Այնպես որ, այս ժամանակավոր փոփոխություններն ավելի շատ միտում ունեն խուսափել անմիջական պատասխանատվությունից»,-վստահ է նա:

Էմմա Մանուկյան

MediaLab.am