«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ««Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք Հայաստանի համար»: Տևական ժամանակ է, ինչ ադրբեջանական կողմից ամենաբարձր մակարդակով խոսվում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, ինչո՞ւ հիմա Նիկոլ Փաշինյանը արձագանքեց այդ խոսույթին:
– Գոնե որ հիմա Նիկոլ Փաշինյանը տալիս է այդ գնահատականը, ես դրական եմ համարում, որովհետև ամիսներ առաջ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտի մասին այս երկրում ընդամենը երկու մարդ էր խոսում, որոնցից մեկը ես էի, հետո դա դարձավ ընդդիմության խոսույթ, հիմա լավ է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է դա դատապարտել: Ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական շփումներում, բանակցային գործընթացում ինչ-որ անտեսանելի խնդիրներ կան, ու Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հենց դրանց է արձագանքում: Փաշինյանը հրապարակային խոսում է «Արևմտյան Ադրբեջան» թեզի մասին, որովհետև ինչ-որ խնդիրներ կան հարաբերություններում, այնուամենայնիվ Հաջիևի այդ ցուցադրական հակահայկական խրախճանքին ինչ-որ ձևով պետք է արձագանք տրվեր, ըստ երևույթին ձևը գտան, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ ավելի անշառ դրսևորմամբ արձագանքեր այդ ամենին:
– Իսկ այդ խնդիրները, որ ասում եք կողմերի միջև կան, ինչի՞ հետ են կապված:
– Դժվարանում եմ ասել, բայց դատելով այն քայլերից, որ Ադրբեջանն անում է հրապարակայնորեն, վերջին օրերին էլ Ալիևն ու Բայրամովը բավականին սուր հայտարարություններ են անում՝ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Բայրամովն է բավականին սուր խոսել, Ալիևը, ըստ էության, այսօր ասել է, որ ԹՐԻՓՓ-ը հնարավոր դարձավ Ադրբեջանի հաղթանակի հետևանքով, ինչը նշանակում է, որ դա պարտադրանք է հայկական կողմին, ինչի մասին բազմիցս մենք խոսել ենք:
Այս ամենը խոսում է այն մասին, որ ամեն ինչ չէ, որ այնքան հարթ է ընթանում, ինչպես սովորաբար ներկայացնում է իշխանությունը: Եթե Փաշինյանը, որն ընդհանրապես աշխատում էր Ադրբեջանի մասին որևէ թթու խոսք չասել, այսօր համարժեք գնահատական է տվել «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտին, շատ բաների մասին, այնուամենայնիվ, խոսում է:
– Պարո՛ն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությամբ կրկին նույնացրել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին խոսույթը Արցախի վերաբերյալ խոսույթների հետ, ինչո՞ւ:
– Ես դատապարտում եմ, որ նա կրկին համահարթեցնելու փորձ է արել. էլի կրկնեմ, որ Արցախի խնդիրն արմատապես տարբեր է մնացած փախստականների խնդրից, որովհետև ԼՂԻՄ-ը սուբյեկտ է եղել՝ նույնիսկ Սովետական Միության տարիներին, այն Ադրբեջանի անքակտելի մաս չի եղել այն իմաստով, որ ինքնորոշման իրավունք է ունեցել՝ որպես Սովետական Միության սուբյեկտ, ուղղակի հանրապետություն չի եղել:
Երկրորդ՝ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, երրորդ՝ Հայաստանում ես չգիտեմ որևէ մագիստրալ քաղաքական ուժ, որը Արցախն ազատագրելու կարգախոս է այս պահին շրջանառում, դա արհեստական թեմա է, ու շրջանառում է Նիկոլ Փաշինյանը:
Առավելագույնը, ինչ խոսում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, վերաբերում է արցախահայության վերադարձի թեզին՝ անկախ նրանից, որ ես այս թեզը ռեալ չեմ համարում, այնուամենայնիվ, վերադարձի թեզը բխում է ՄԱԿ-ի բոլոր կոնվենցիաներից ու որևէ ձևով պահանջատիրություն չի ենթադրում:
Փաշինյանը ուղղակի համահարթեցնում է սրանք, որպեսզի շատ չզայրացնի Ադրբեջանի իր կառուցողական գործընկերոջը, բայց դժվար է ասել, թե դա հաջողվում է: Համենայնդեպս այսօր Նիկոլ Փաշինյանն իր համար համարձակ հայտարարություն է արել, ու հիմա պետք է սպասել Բաքվի արձագանքին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















