«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց Հայաստանում դեռ շրջանառվում է «Արցախը պետք է ազատագրենք» օրակարգը։ Նրա խոսքով՝ սա խնդրահարույց է, քանի որ նախկինում ևս Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խոսույթների միջև եղել են էական տարբերություններ։

Փաշինյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը բնորոշել է որպես Հայաստանի և տարածաշրջանային անվտանգության համար լուրջ մարտահրավեր։

«Բայց հիմա մենք ուրիշ մարտահրավերների ենք առերեսվում, երբ մենք գործ ունենք հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների և բանաձևումների զուգահեռ գոյության հետ:

Իմ կարծիքով՝ այստեղ է, որ նաև անվտանգության լրջագույն մարտահրավերներ են առաջանում, որոնց մենք պետք է առնչվենք։ Իհարկե, սահմանների ջնջված լինելը՝ ինտերնետի տրամաբանությամբ, մեզ այլ ինֆորմացիա էլ է տալիս, որ, օրինակ, զուգահեռաբար նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում Ադրբեջանում, մասնավորապես բոլորիս արդեն հայտնի «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը, որը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար, և որը սպառնալիք է ՀՀ-ի տարածաշրջանային անվտանգության համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: