«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը
– Պարո՛ն Ղազարյան, խորհրդարանում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կարծիքներ հնչեցին, թե իշխանությունն այդ տեսարաններով փորձում է հանրության ուշադրությունը շեղել հերթական հնարավոր զիջումներից։ Այս համատեքստում մատնանշվում է նաև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի վավերացումը։ Ձեր կարծիքով՝ իշխանությունն իսկապե՞ս հանրության ուշադրությունը շեղելու անհրաժեշտություն ունի։
– Իշխանությունն օրակարգ է դարձնում այնպիսի հարցեր ու հրամցնում է հանրությանը, ինչն իրական խնդիրների հետ կապ չունի, ու երեկվա միջադեպը իշխանությունը, ինչ այս գումարման խորհրդարանի աշխատանքները մեկնարկել են, վաղուց հասունացնում էր այդ պահը: Իշխանական որոշ պատգամավորներ շատ լավ, հետևողականորեն սադրում էին, մինչև երեկ ստացան այդ արդյունքը, ու երբ այդ ծեծկռտուքից հետո լսում ես իշխանականների հայտարարությունները, դրանք վկայում են իմ ասածի ճշմարտացիությունը:
Այստեղ պետք է անդրադառնալ նաև ընդդիմությանը. փաստացի պարզ էր, որ մենք ունենալու էինք այս պատկերը, դրա համար էլ երբ մեր կուսակցությունը նախընտրական շրջանում իր ծրագիրն էր ներկայացնում, ասում էինք, որ եթե չհաջողվի այս իշխանությանը հեռացնել, ապա անիմաստ կլինի այս իշխանության հետ ընդդիմություն աշխատելը։ Դա նույնն է, ինչ դու հինգ տարի կրկեսում գազանների դեր ստանձնես, երբ քեզ օղակների միջով թռցնում են, դանակներ են շպրտում վրադ և այլն: Մենք հիմա դա էլ ունենք։ Այս դեպքում ընդդիմությունը այդ գազաններն են, իսկ հանդիսատեսը՝ ողջ հանրությունը, որ այդ կրկեսն ուղիղ եթերով նայում է:
Մեզ համար սա վաղուց էր տեսանելի, դրա համար էինք ասում, որ չպետք է գնալ Ազգային ժողով ու փորձել այս իշխանության հետ քաղաքականություն խաղալ: Հայաստանի անվտանգության վերաբերող ոչ մի ռեալ խնդիր այս խորհրդարանում չի քննարկվում, առաջիկա հինգ տարում այս խորհրդարանը քննարկելու է սեքսի նախարարություն բացել-փակելու հարցը, հարցերը տարվելու են անձնական դաշտ, ու ամեն անգամ հասարակությանը հրամցնելու են նման կրկես: Այս խորհրդարանի միակ խնդիրը շոու ապահովելն է:
– Բայց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագրի քննարկումն արդյոք Հայաստանի անվտանգությանն առնչվող կարևոր հարց չէ՞ր։
– ԹՐԻՓՓ-ն անվտանգության հետ ընդհանրապես որևէ կապ չունի: Երկու տարուց ԱՄՆ-ում նոր իշխանություն է գալու, ո՞վ գիտի, թե ինչպիսին է լինելու նոր վարչակազմի դիրքորոշումը ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ, նույնիսկ Թրամփի դիրքորոշման հարցում չպետք է վստահ լինել՝ աչքի առաջ ունենալով Ուկրաինայի օրինակը: Այս պարագայում խոսել, որ ԹՐԻՓՓ-ը Հայաստանի անվտանգությունն է ապահովելու, ֆանտաստիկայի ժանրից սերենադ է:
Հայաստանի անվտանգությունն ապահովող միակ գործոնը մեր զինված ուժերն են, իսկ այս իշխանությունը, իրական բարեփոխումները թողած, ձևական բուտաֆորիա, սիրուն կամուֆլյաժով ինչ-որ զորահանդես արեց, բայց հետո պարզվեց, որ ադրբեջանցի զինվորը Իշխանասարից կարող է զենքով իջնել հայկական գյուղ, մի քանի օր այնտեղ մնալ, գնալ գյուղացու տուն, պատանդ վերցնել երեխաներին, կրակել տանտիրուհու վրա: Պատկան մարմիններն էլ, մի քանի օր տեղյակ լինելով այդ մասին, որևէ բան չեն արել՝ կանխարգելելու դա:
Դեպքի հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց, թե այդ զինվորը մոլորվել էր մառախուղի պատճառով, իսկ ի՞նչ երաշխիքներ ունենք, որ հաջորդ մառախուղի ժամանակ ադրբեջանական մի վաշտ չի «մոլորվի»: Մեր խորհրդարանում այս հարցերը պետք է տրվեն իշխանությանը, անվտանգության հայեցակարգի շուրջ: Վերջին շրջանում մենք Սյունիքի այդ հատվածի առաջնագիծն ենք ուսումնասիրում, ամբողջ առաջնագիծն այդ հատվածում խոցելի է, տասնյակ մարտական դիրքեր կան, որ ադրբեջանական մարտական դիրքից 3-4 մետր հեռավորության վրա են գտնվում, ինչը նոր ռազմական էսկալացիայի պարագայում հարյուրավոր կյանքեր է արժենալու:
Այս հարցերը խորհրդարանում իհարկե չեն քննարկվելու, փոխարենը կքննարկեն այլոց անձնական կյանքը, ինչը փաստում է այն մասին, որ այս խորհրդարանը աղբանոց է, ու մեզ անհապաղ պետք է ազատվել այս աղբանոցից, ի դեպ, աղբանոց է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, դրանք մեկը մյուսին սնում են:
– Դառնանք իմ առաջին հարցին՝ իշխանությունն իսկապե՞ս անհրաժեշտություն ունի հասարակությանը շեղելու, հասարակությունն այդքան զգայո՞ւն է կարևոր հարցերի նկատմամբ:
– Ո՛չ, հասարակությունը անտարբեր է դարձել բոլոր հարցերի նկատմամբ: Արցախի կորստից, հայաթափումից հետո, նույնիսկ Ամուլսարի հանքի շահագործման հարցը, որը տասնյակ տարիների պայքարի հարց էր, բացելու վերաբերյալ հայտարարությունից հետո սահմանափակվեցին մի քանի լալահառաչ ստատուսներով: Հասարակության համար ամեն բան միևնույն է դարձել:
– Այդ դեպքում ինչո՞ւ են շրջանառում վարկածը, թե իշխանությունը հասարակությանը շեղելու համար է նման տեսարաններ անում:
– Հասարակության անտարբերությունը երկարաժամկետ ու հետևողական քաղաքականության հետևանք է, բայց դա երկկողմանի զսպանակ է, ու որքան այդ զսպանակը սեղմվի, այնքան պայթյունը մեծ ու անկանխատեսելի կլինի: Երբ իշխանությունը լեգիտիմացնում է այս ատելության մթնոլորտը, ուժի կիրառումը, նույն Նիկոլ Փաշինյանը փոխանակ երկու կողմին էլ դատապարտեր ու կոչ աներ ուժի չդիմել ու հասարակությանը օրինակ չծառայել, ասում է՝ շատ լավ են արել, պետք այդ ձեռքը հենց աթոռով էլ ջարդել, ապա հետևանքների մասին պետք է մտահոգվել:
Բռնության լեգիտիմացումը քաղաքականության մեջ ամենավատ հետևանքներն է բերում, բոլորս լավ հիշում ենք հոկտեմբերի 27-ը, ու եթե իշխանությունը շարունակի բռնությունը լեգիտիմացնելու քաղաքականությունը, առաջին տուժողը հենց ինքն է լինելու: Երբ բոլոր կարմիր գծերը ջնջվում են, հասարակական այդ արգելակը չի գործում, իսկ այդ դեպքում նոր Նաիրի Հունանյանի ծնունդը ոչ մեկը չի կարող կանխել: Մենք դրա հետևանքներն արդեն տեսնում ենք հասարակության մեջ՝ ամեն երկրորդ օրը նոր կրակոցներ, նոր միջադեպեր են փողոցում ու նոր մահեր: Այս ամենը իշխանությունից եկող խնդիր է, ու փոխանակ այս խնդիրը լուծելուն, ավելի է խորացնում ատելության մթնոլորտն ու քաջալերում բռնությունը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















