«Այս օրենքը ամրապնդում է այդ կարծրատիպը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կինը հաշտվի, նույնիսկ եթե վտանգը շարունակում է մնալ». Լարա Ահարոնյան

«Այս օրենքը ամրապնդում է այդ կարծրատիպը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կինը հաշտվի, նույնիսկ եթե վտանգը շարունակում է մնալ». Լարա Ահարոնյան
«Այս օրենքը ամրապնդում է այդ կարծրատիպը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կինը հաշտվի, նույնիսկ եթե վտանգը շարունակում է մնալ». Լարա Ահարոնյան

Ընտանեկան բռնությունը կանխարգելելու մասին օրինագծի անվանման փոփոխությունն ի ցույց դրեց իշխանության ներկայացուցիչների վախերն ու կարծրատիպերը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը:

«Անհասկանալի է, թե կոնկրետ ինչ ճնշումների տակ այդ փոփոխությունները եղան: Մի քանի հայտարարություններ եղան, որոնք իրենց վախերն ի ցույց դրեցին: Ինչո՞ւ է այդպես, որովհետև բռնությունն ընդունված է մեր հասարակության մեջ՝ սկսած երեխաներին բակում բռնության ենթարկելուց ,վերջացրած պետության մեջ մարդկանց բռնության ենթարկելով»,- «Մեդիալաբին» ասում է Լարա Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ այդ պատճառով իշխանությունների համար մի քիչ անընդունելի է, որ բռնությունը կարող է պատժվել:

«Մեծ մասամբ տղամարդիկ են իշխանության թվում, ովքեր վախենում են իրենց իշխանությունը կորցնելուց: Պետական համակարգում էլ այդ վախերը կան, թե ոնց կլինի ես չկարողանամ ճնշել կնոջը, որոշում կայացնեմ: Այսինքն՝ այդ մարդիկ պրոբլեմի մաս են կազմում, և հիմա իրենք պետք է ընդունեն օրենք: Իհարկե, իրենք չպետք է ընդունեն այնպիսի օրենք, որն իրենց նման մարդկանց դեմ կլինի և կկոտրի իշխանության մոտեցումները»,- ասում է մասնագետը:

Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի անվանումը փոխվել է՝ դառնալով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ: Այն կառավարության նոյեմբերի 16-ի նիստում հաստատվել է:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ վերջին տարիներին ընտանիքում բռնության տարածվածությունը և դրա ծանր հետևանքներն ավելի և ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանիքում բռնության 602 դեպք:

Ընդհանուր առմամբ, նախագծով նախատեսվում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության երեք հիմնական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում: Նախատեսվում են բռնություն գործած անձի նկատմամբ մի շարք սահմանափակումներ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս, օրինակ` ալկոհոլամոլությունից: Բռնությունից տուժածների համար նաև ապաստարաններ կկառուցվեն:

Նախարարը կառավարության նիստում անդրադարձել էր նաև այս փուլում հնչած մտահոգություններին: «Պետք է մեկ անգամ ևս հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման կամ սահմանափակման որևէ նոր հիմք, և հիմք չի պարունակում, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները»,- ասել է նա:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան մտահոգություն է հայտնել նախագծի անվանման վերաբերյալ: Կոալիցիան հայտարարություն է տարածել և կառավարությունից պահանջում է վերականգնել օրինագծի նախկին անվանումը, որը բխում էր անհատի իրավունքի պաշտպանության հրամայականից և համապատասխանում՝ ընտանեկան բռնությունը կարգավորող իրավական փաստաթղթերի միջազգային ձևակերպմանը: Ինչպես նաև, կոչ է անում զերծ մնալ օրինագծում՝ մարդու իրավունքներին և միջազգային իրավական նորմերին հակասող, օրինագիծը խեղաթյուրող փոփոխություններ իրականացնելուց:

Հիշեցնենք, որ այս օրինագիծն ավելի վաղ հանրային քննարկման դնելուց հետո մի խումբ մարդիկ դեմ էին արտահայտվել դրան: Այնուհետև իշխող ՀՀԿ-ի անունից ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ականները մտահոգված են օրենքի որոշ դրույթների կապակցությամբ, այն պետք է փոփոխության ենթարկվի: Եվ ահա, նախագծի հեղինակ արդարադատության նախարարությունը փոփոխել է օրենքի անվանումը:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանի խոսքով՝ թեև բովանդակային առումով էական փոփոխություններ չեն եղել, բայց վերնագրի փոփոխությունը փոխում է ամբողջ նախագծի ենթատեքստը:
«Շեշտը դրված է համերաշխության, հաշտարարի սկզբունքի վրա: Բայց համաշխարհային փորձը ցույց է տվել, որ դա չի աշխատում, երբ ընտանեկան բռնության դեպքերի հետ գործ ունենք: Շատ անգամ վտանգավոր դեպքեր են լինում: Այս օրենքի վերնագիրը փոխելով այն մի քիչ ավելի ճնշող է դառնում: Արդեն իսկ մեր հասարակության մեջ անընդհատ ճնշում կա բռնության ենթարկվող կնոջ նկատմամբ, որ ինքը շատ չբարձրաձայնի, ների բռնարարին, ընդունի ու համակերպվի: Այս օրենքը շատ համահունչ է այդ մոտեցմանը և ամրապնդում է այդ կարծրատիպը, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի կինը հաշտվի, նույնիսկ եթե վտանգը շարունակում է մնալ»,- ասում է Լարա Ահարոնյանը:

Մասնագետը նաև տարօրինակ է համարում արդարադատության նախարարության պահվածքը, որ ոլորտի շահագրգիռ կազմակերպություններից թաքուն է պահել օրենքի նախագծի անվան փոփոխման տեղեկատվությունը: Նա ասաց, որ վերջին պահին են իմացել այդ մասին, երբ արդեն նախագիծը կառավարության նիստի օրակարգ էր ներառվել:

Լարա Ահարոնյանի խոսքով՝ կառավարության անդամներն ամեն ինչ արեցին, որպեսզի հաշվի նստեին այն մարդկանց կարծիքների հետ, ովքեր նախագծին դեմ էին:

«Այդ մարդիկ դեմ էին, չէին հասկանում, թե ինչ է ընտանեկան բռնությունը, իրական դեպքեր չգիտեին: Իսկ նախագծի հեղինակները կարծես հարմարվում էին այդ մարդկանց, փոխանակ լսեին մասնագետներին, ովքեր տարիներ շարունակ աշխատել են ոլորտում: Մեր կոալիցիայի առաջարկներից շատերն իրենք չէին ընդունել: Շեշտը դրել էին այն բանի վրա, թե ինչ անեին, որ մարդիկ, որոնց թվում կարող են լինել պոտենցիալ բռնարարներ, չվախենան այս օրենքից»,- ասաց Լարա Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով հայաստանյան իրականությունը՝ համերաշխության սկզբունքի վրա կառուցված այս նախագիծը արդյունավետ մոտեցում չի կարելի համարել:

Լուսանկարը՝ boon.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am