Աշխատելու նոր ոճ է՝ մարդուն աշխատանքից ազատում ես, որ հետո ասես՝ նա այլևս իմ թիմից չէ, հետո քրեական գործ հարուցես. Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, «Սիներջի» ընկերության գործով մեղադրանք առաջադրվեց նաև էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին, որի նկատմամբ կիրառվեց տնային կալանք երկու ամիս ժամկետով։ Մինչև Քերոբյանի խափանման միջոցի վերաբերյալ կարծիք արտահայտելը, կխնդրեմ նախ ձեր գնահատականը ընկերության կին աշխատակիցների խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։

– Աշխատակիցների խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորված էր ոչ թե իրենց ցանկություններով, իշխանությունների կամ դատական համակարգի ողջամտությամբ, այլ՝ հանրային ճնշմամբ, որովհետև չմնաց մարդ, որ չխոսեր այդ մասին՝ անկախ գործող իշխանության նկատմամբ վերաբերմունքից։ 

Փոփոխությունը, իհարկե, շատ ավելի տրամաբանական, այստեղ ուրիշ հարց կա. արդյոք այս ընթացքում իրենք հասցրե՞լ են նաև այլ ցուցմունքներ ձեռք բերել կամ կորզել՝ հաշվի առնելով կանանց անազատության մեջ գտնվելու իրավիճակը, որը դրվել է նաև մյուս անձանց, մասնավորապես, Քերոբյանի մեղադրանքի հիմքում։ Այլապես ի՛նչ տրամաբանություն կար, երբ այդ նույն կանանց մեղադրանք էին առաջադրում, ինչո՞ւ չկար Քերոբյանի անունը, երբ հենց այդ նույն ընթացքում ինքը մասնակից էր այդ գործընթացին։ Դա ժամանակը ցույց կտա, պարոն Քերոբյանն էլ, թեկուզ շատ տխրել էր, բայց պետք է ասեմ, որ էլի պետք է ուրախ լինի, սա այն դատական համակարգն է, որն իրենք բարեփոխել էին, որի աշխատանքից բոլորն այդ թիմում շատ գոհ էին ու համարում էին, որ բավարար ջանք են գործադրել։ 

Չեմ հասկանում, թե Քերոբյանն ինչն է ուզում բողոքարկել, համարում է, որ այդ որոշումն անարդա՞ր է, իսկ բարեփոխված և, իրենց պատկերացմամբ, շվեյցարական ժամացույցների նման աշխատող դատական համակարգն ինչո՛ւ պետք է սխալ որոշում կայացներ, կամ իրենց առաջադրված մեղադրանքն ինչո՞ւ պետք է սխալ լիներ։ 

Սա իրենց բարեփոխած համակարգն է, ինչի՛ց են դժգոհ: Ես անհիշելի ժամանակներից ասել եմ՝ բարեփոխե՛ք դատական համակարգը, ոստիկանությունը, քրեակատարողական հիմնարկների վիճակը, որովհետև ոչ մեկը չգիտի, թե երբ որտեղ կարող է լինել։

– Այսինքն՝ կարծում եք, որ Քերոբյանի մասով ցուցմունք տվել է Ալեն Սիմոնյանի եղբոր կի՞նը։

– Գուցեև տվել է, ինչու ոչ, չեմ բացառում, որովհետև անազատության մեջ գտնվող մարդը, հատկապես, եթե փոքր երեխաներ ունեն, հոգեբանորեն կարող են և չդիմանալ ճնշումների ու տալ ցուցմունքներ, որոնք շատ դեպքերում կարող են իրականության հետ աղերս չունենալ, կարող են և ունենալ։

– Տիկի՛ն Կարապետյանց, իսկ որևէ կապ տեսնո՞ւմ եք Քերոբյանի հրաժարականի ու այս մեղադրանքի միջև։

– Իրար հետևից եղան դեպքեր, երբ մարդուն պաշտոնից ազատում են, հետո քրեական գործ են հարուցում, հետո խափանման միջոցի հարց են փորձում լուծել։ Մի դեպքը կարող է պատահականություն լինել, երկուսն արդեն չեն կարող պատահականություն լինել: 

Սա աշխատելու նոր ոճ է՝ մարդուն աշխատանքից ազատում ես, որ հետո ասես՝ նա այլևս իմ թիմից չէ, հետո քրեական գործ հարուցես։ Երրորդ նման դեպքն էլ որ լինի, արդեն կլինի օրինաչափություն։

– Ձեր ասած նոր ոճի նպատակը ո՞րն է։

– Չգիտեմ, այս իշխանության տրամաբանությունը երբեք չեմ հասկացել ու հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, բայց այն, որ որոշ մարդկանցից փորձում են ձերբազատվել, այդ թվում օգտագործելով տարբեր միջոցներ, որոնք նախկինում էլ են օգտագործվել, մասնավորապես, արդարադատության համակարգը, սա փաստ է, ինչը սակայն կներկայացվի որպես կոռուպցիայի դեմ պայքար: Բայց կարևոր է հասկանալ, թե ո՛ր ժամանակի մասին է խոսքը, կոնկրետ ի՛նչ իրադարձությունների մասին է, ի՛նչն է եղել պատճառը, որ այս ամեն ինչի մասին հիմա են գործեր հարուցում, ինչո՛ւ երբ փաստն արձանագրել են, այդ ժամանակ գործ չեն հարուցել։ Այս իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության է գործ հարուցում։ 

– Կոնկրետ Քերոբյանի պարագայում նպատակահարմարությունը ո՞րն է։

– Դժվար է ասել, ընթացքում կերևա, նրանք այնքան փնթի են աշխատում, որ շատ արագ երևում է կապը, շատ կարճ ժամանակ անց հասարակությունը կտեսնի, թե որտե՛ղ է այդ կապը։ Վերջնարդյունքի մասով կդժվարանամ ասել, գուցե համաձայնության գան, գուցե ինչ-որ պահի հայտարարեն, որ հիմքերը բավարար չեն այդ մեղադրանքով գործը դատարան ուղարկելու համար, գուցե դատարան ուղարկեն, ու գործն այնտեղ տարիներով մնա, հետո պարոն Քերոբյանը արդարացվի, այսինքն՝ բոլոր տարբերակները կարող ենք քննարկել։ 

Բայց լավ խորհուրդ ունեմ դեռ պաշտոններ զբաղեցնող մարդկանց. ասեմ՝ ժողովո՛ւրդ, արագ տեմպերով բարեփոխեք դատական համակարգն ու քրեակատարողական հիմնարկները, որպեսզի այդ մամլիչ համակարգի հերթական զոհը չդառնաք։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am