«Ինձ հանգիստ եմ պահել, ձայն չեմ հանել, այդքան բան տեսնելուց հետո ոտք կորցնելը, կարելի է ասել, հաջողություն է»․ հարմարվելով պրոթեզին ու նոր կյանքին

«Երբ ուշագնաց էի, մահացած երկու պապիկներիս տեսա։ Նրանք ասացին, որ ես իրենց մոտ անելիք չունեմ, ու ինձ հրեցին։ Այդ պահին արթնացա։ Մինչ այդ նման երևույթների չէի հավատում, բայց այդ դեպքից հետո սկսեցի հավատալ»,- պատմում է 19-ամյա Արամ Արզումանյանը, որը 44-օրյա պատերազմի հետևանքով կորցրել է երկու ոտքը։ Արամը ծառայել է Կապանում, վիրավորում է ստացել Ջաբրայիլում, նախ՝ «Բայրաքթարի», այնուհետև՝ «Սմերչ» և «Գրադ» կայանների հարվածներից։

«Երբ ուշքի եկա, հասկացա, որ վիրավոր եմ, բայց այդ պահին իմ մասին չէի մտածում, այլ՝ տղաների։ Կողքիս մի վիրավոր տղա կար, օգնություն էր կանչում, բայց մեզ մոտ ոչ ոք չկար, և ես շատ դժվարությամբ ինձ առաջ գցեցի, կոտրված ոտքս հակառակ ծալվեց, բայց իրեն քաշեցի գցեցի փոսի մեջ, որպեսզի արկը շատ չվնասի իրեն»,- հիշում է Արամը:

Պատմում է, որ վիրավորվելուց հետո իրեն տարել են Իշխանաձոր, ցուցաբերել առաջին բուժօգնությունը՝ անդամահատելով ոտնաթաթերը։ Այնուհետև ուղղաթիռով տեղափոխել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ անդամահատել են ոտքերի մյուս հատվածները՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Արամն ասում է՝ եթե վիրավորները քիչ լինեին, ու իրենց շուտ հասցնեին հոսպիտալ, ոտքերն անդամահատելու կարիք չէր լինի։ Բայց, միևնույն է, գոհ է, որ գոնե այդ գնով, Աստծո շնորհիվ կարողացել է փրկվել, իսկ լիարժեք քայլել կկարողանա ժամանակի ընթացքում։

Բարդ, նախնական բուժումն ու պրոթեզավորման առաջին փուլն այլևս անցյալում են։ Արդեն մոտ 1.5 ամիս է՝ Արամը բուժումը շարունակում է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում․

«Ավելի դժվար էի պատկերացնում ընթացքը, բայց բավական հեշտ ստացվեց։ Պրոթեզին հարմարվել եմ․ հիմա առանց որևէ օգնության քայլում եմ, ուղղակի շատ ծանրաբեռնել թույլ չեն տալիս, քանի որ ձախ ոտքիս ազդրոսկրը կոտրված է։ Ամեն օր, բացի շաբաթ-կիրակի օրերից, մարզումներ եմ անում կենտրոնում, աշխատում եմ քայլելուս ուղղությամբ, ոտքիս ծունկն եմ բացում, որպեսզի ավելի լավ քայլեմ»,- ասում է նա։ 

Արամը համոզված է՝ մեկ տարվա ընթացքում այնպես է քայլելու, որ դրսում տեսնեն՝ չեն էլ մտածի, որ ոտքերը պրոթեզավորված են։

Նրա հիմնական նպատակները կապված են ուսման հետ։ Մինչև բանակ զորակոչվելը սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էներգետիկայի էլեկտրատեխնիկայի ինստիտուտում, բայց հնարավոր է՝ բաժինը փոխի։ Այս պահին մտածում է ծրագրավորում սովորելու մասին․ գործն ավելի հանգիստ է, հեռավար աշխատանքի հնարավորությունները՝ ավելի շատ։

«Ավելի շատ փորձում եմ մեքենային հարմարվել, որպեսզի կարողանամ պրոթեզով մեքենա վարել, ինչն արդեն ստացվում է։ Պրոթեզ կրողները մտածում են, որ մեքենա վարելը ամենադժվարը կլինի, բայց էդ այդպես չէ,- ասում է Արամը ու հավելում,- ամեն ինչ մարդուց ու իր ձգտումից է կախված։ Եթե մարդ մտածի, որ տվյալ բանը չի կարողանալու անել, չի ստացվի, բայց եթե ձգտի, անպայման, թեկուզ 70%-ով, կկարողանա»։ 

28-ամյա Գոռ Բաբայանը այս պատերազմում կորցրել է եղբորը։ Գոռը պատերազմում կորցրել է նաև մի ոտքը։ Սեպտեմբերի 27-ին Ռուսաստանում էր, մեկնել էր արտագնա աշխատանքի։ Պատերազմի լուրը լսելուն պես վերադարձել է Հայաստան։ Հոկտեմբերի 3-ին որպես կամավոր մեկնել է Արցախ՝ Հադրութ, ու վիրավորվել է Խաչմաչ գյուղի տակ նոյեմբերի 20-ին՝ հրադադարից հետո․

«Երբ վերադառնում էինք հետախուզությունից, պատահաբար մտանք ականապատ դաշտ։ Երեքով էինք․ ականի պայթյունի հետևանքով երկուսը վիրավորվեցին, իսկ իմ ոտքը կտրվեց»,- պատմում է Գոռը։ 

Ձախից երկրորդը՝ Գոռ Բաբայանը

Ականի պայթյունից հետո ուժեղ ցավ է զգացել, հետո միայն տեսել, որ ոտքը չկա. 

«Ինձ հանգիստ եմ պահել, ձայն չեմ հանել, մինչև դաշտից դուրս գալը։ Առաջին օրվանից էլ ոտքս կորցնելու փաստը ծանր չեմ տարել, այդքան բան տեսնելուց հետո ոտք կորցնելը, կարելի է ասել, հաջողություն է»:

Գոռի խոսքով՝ պատերազմը իրեն սառնասիրտ է դարձրել, ինչն էլ հավանաբար օգնել է, որ վիրավորվելու պահին գիտակցությունը չկորցներ և դիմանար, մինչև օգնության կհասնեին։

Պրոթեզավորումը ձգձգվում է, քանի որ կարերից առաջացած վերքերն ուշ են լավացել։ Գոռը հույս ունի, որ առաջիկայում պրոթեզավորումը հնարավոր կլինի իրականացնել։ 

Մինչև վիրավորվելը Գոռն աշխատել է շինարարության ոլորտում, այնուհետև՝ խոհարար։ Պրոթեզավորումից հետո նպատակ ունի սեփական բիզնես սկսել։ Սուշի է պատրաստելու, ինքն էլ առաքելու է։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ պատերազմի հետևանքով Հայաստանում պրոթեզավորման կարիք ունի 140 մարդ, որոնցից 117-ը՝ ստորին վերջույթների, 23-ը՝ վերին վերջույթների:

Նախարարության հավասար հնարավորությունների վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Գևորգ Խաչատրյանն ասում է, որ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած և դեռևս կարգավիճակ չունեցող բոլոր քաղաքացիների պրոթեզավորումն իրականացվում է եռակողմ հուշագրի շրջանակներում, որը կնքվել է նախարարության հետ համագործակցող պրոթեզարանների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Իթերնալ նեյշն ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամի միջև։ Գևորգ Խաչատրյանն ասում է՝ պրոթեզներով ապահովվելու են պատերազմի բոլոր մասնակիցները անխտիր, յուրաքանչյուրին տրամադրվում է տարբեր աստիճանի, տարբեր ֆունկցիոնալության անհատական պրոթեզ։ 

«Գործընթացի համար նախատեսված միջոցները սահմանափակված չեն, որքան անհրաժեշտություն լինի՝ զինվորներին անհրաժեշտ ֆունկցիոնալ պրոթեզներ տրամադրելու համար, այդքան կտրամադրվի։ Բազմամասնագիտական թիմի կողմից կատարված կարիքների գնահատման արդյունքում պարզ է դարձել, որ պրոթեզավորման գործընթացի իրականացման համար մեզ անհրաժեշտ է 116 ստորին և 20 վերին վերջույթների պրոթեզ»,- ասում է Գևորգ Խաչատրյանը։ 

Զինհաշմանդամների հիմնական մասը դեռևս ստացել է բուժամարզական պրոթեզ, իսկ հարմարվելուց հետո՝ 6 ամսից մինչև 1 տարի անց, կստանա հիմնական պրոթեզները։ Խաչատրյանի հավաստմամբ՝ չկա որևէ դեպք, որ զինվորները դիմեն, կամ բազմամասնագիտական թիմը գնահատած լինի նրանց, և անհրաժեշտ պրոթեզը չտրամադրվի։

Հայաստանում պրոթեզավորման գործընթաց իրականացնում է հինգ կազմակերպություն՝ «Ինթերօրթո»-ն, «Բարրի թրեյդ»-ը, «Կամարը», «Օրթեզը», նաև՝ Զինվորի տունը։ Բոլոր կենտրոններն անհրաժեշտ դետալները և նյութերը ներմուծում են արտերկրից և տեղում պրոթեզ պատրաստում՝ յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան։ 

«Ինթերօրթո» պրոթեզավորման կենտրոնի փոխտնօրեն Միքայել Կիրակոսյանն ասում է, որ իրենք պրոթեզավորել են մոտ 80 հոգու, նրանցից 10-ը բուժամարզական պրոթեզից արդեն անցել են հիմնական պրոթեզի։ Փոխտնօրենի խոսքով՝ պրոթեզի պատրաստման տևողությունը կախված է մարդու վնասվածքից, տվյալ պահին նրա առողջական վիճակից և կարող է տևել առավելագույնը 1 շաբաթ: 

«Ամեն պրոթեզ պատրաստված է կոնկրետ տվյալ մարդու համար՝ նրանցից յուրաքանչյուրի խնդրին, մարմնի կառուցվածքին ու զբաղմունքին համապատասխան։ Մասնագետն է որոշում, թե ում ինչ պրոթեզ է անհրաժեշտ, ըստ այդմ տրամադրվում է»,- ասում է Միքայել Կիրակոսյանը և հավելում, որ գործընթացն իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակում, սակայն պետությունը մարդկանց չի տրամադրում սպորտային կամ հոբբիի պրոթեզներ։

Կենտրոնի փոխտնօրենը նշում է նաև, որ իրենց մոտ պրոթեզավորման գործընթացով զբաղվում են արդեն երրորդ սերնդի մասնագետները, որոնց իրենց փորձն են փոխանցում առաջին և երկրորդ սերնդի առավել հմուտ մասնագետները։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանն ասում է, որ կենտրոնի նորաբաց պրոթեզարանի համար նախնական տարածքը տրամադրել էր Բժշկական համալսարանը։ Այստեղ արդեն 22 զինվոր է պրոթեզավորվել է, այժմ գործընթացը կշարունակվի պրոթեզարանի նոր, հիմնական տարածքում՝ ավելի հարմարավետ պայմաններում:

«Շուտով կհասնեն նաև ձեռքի բիոնիկ պրոթեզները, սարքավորումները, և կսկսենք պրոթեզավորման գործընթացը. դա նախատեսվում է, հավանաբար, առաջիկա ամսվա ընթացքում»,- ասում է կենտրոնի տնօրենը։ 

Հայկուհի Մինասյանի խոսքով՝ կենտրոնն առաջիկայում իրականացնելու է 15 զինվորի ձեռքի պրոթեզավորում։ 

«Բերրի թրեյդ» պրոթեզավորման կենտրոնի փոխտնօրեն Արմեն Նարիմանյանի խոսքով՝ այս ընթացքում իրենք սպասարկել են 5 զինվորի՝ նրանց տրամադրելով ուսումնամարզական պրոթեզներ, տեղում պատրաստել են պրոթեզները, ռեաբիլիտացիա են արել և սովորեցրել են տղաներին քայլել․ նրանց հիմնական պրոթեզավորման գործընթացը ևս իրականացվելու է կենտրոնում։ 

«Այդ հինգ հոգու պրոթեզավորման համար հրավիրել ենք արտասահմանից պրոֆեսիոնալ պրոթեզավորողի, որպեսզի նրա օգնությամբ մեր տղաներին տրամադրենք ամենաժամանակակից հիդրավլիկ պրոթեզներ՝ իրենց ամորտիզատորներով, որպեսզի նրանք հարմարավետություն զգան»,- ասում է Արմեն Նարիմանյանը։ 

Մասնագետի խոսքով՝ տղաներին տրամադրվելու են 3-րդ և 4-րդ աստիճանի ակտիվության պրոթեզներ, ինչը հնարավորություն կտա ազատ քայլք ունենալու, սար բարձրանալու։

«Բերրի թրեյդ» կենտրոնն իրականացնում է միայն ոտքի պրոթեզավորում, սակայն առաջիկա 1 տարվա ընթացքում՝ մասնագետների վերապատրաստումից հետո, նախատեսում են իրականացնել նաև ձեռքի պրոթեզավորում։ 

«Կամար» պրոթեզավորման կենտրոնն իրականացնում է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների պրոթեզավորում։ Կենտրոնի տնօրեն Հայկ Վարդանյանի խոսքով՝ մինչ այժմ պրոթեզավորել են երկու վիրավոր զինվորի։ Մինչև հունիսի սկիզբ տղաներին տրամադրելու են նաև հիմնական պրոթեզները:

«Եթե մեզ անհրաժեշտ են դետալներ, դիմում ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ եթե պետք է գնենք դետալները, դիմում ենք «Իթերնալ նեյշն ֆաունդեյշն Արմենիա» բարեգործական հիմնադրամին»,- ասում է Հայկ Վարդանյանը։ 

Անհրաժեշտ դետալները և նյութերը կենտրոնը ներմուծում է Սինգապուրից, Չինաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, այսինքն՝ այնտեղից, որտեղ տվյալ պահին գինն ավելի մատչելի է:

«Մենք ունենք 1 տարվա պարտավորություն՝ վերանորոգելու պրոթեզը, եթե այն վնասվի, և 3 տարվա հետերաշխիքային սպասարկում»,- ասում է պրոթեզավորման կենտրոնի տնօրենը։ 

Մերի Մաթևոսյան

MediaLab.am