Ինձ համար  պատվից ցածր է արձագանքել Ալեն Սիմոնյանին կամ Լուլուին. այդ թեման վաղուց փակ է․ Շուշան Պետրոսյան

«Այդ թեմայի մասին չեմ ուզում խոսել, հատկապես, երբ տեսնում եմ, թե ովքեր են ներկայացնողները։ Հիմա ես պետք է արձագանքեմ Լուլուի՞ն կամ Ալեն Սիմոնյանի՞ն, կներեք, ինձ համար դա պատվից ցածր է», – «Մեդիալաբին» ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում պատվավոր կոչումները չեղարկելու վերաբերյալ խորհրդարանում ընդունված նախագծին։

Դիտարկմանը, թե անձերին մի քննարկեք, ընդհանուր երևույթի մասին խոսեք, Պետրոսյանը հակադարձեց․ 

«Երևույթ չկա վաղուց, ինչպե՞ս կարելի է տարիներ շարունակ նույն թեման քննարկել, ինձ համար վաղուց փակ է այդ թեման, կներեք»։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին ԿԳՄՍՆ-ն առաջարկել էր չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի, նկարչի պատվավոր կոչումները, այսօր արդեն խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը։

Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները: Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է շնորհվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: 

Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Նախագիծը ներկայացրած արդարադատության նախարարությունը մատնանշել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ:

Նախարարությունից վստահեցնում են՝ պատվավոր կոչումների չեղարկումը չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար, լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am