ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է Արիության մեդալով․ Factor.am

ՊՎԾ-ում շատերը, այդ թվում՝ ես, սպասում ենք պարոն Սանասարյանի վերադարձին. Արգիշտի Քյարամյան. Տեսանյութ

Երեկ՝ հուլիսի 6-ին, Ստեփանակերտում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ էլ Քննչական կոմիտեի փոխնախագահ Արգիշտի Քյարամյանը Արցախի Հանրապետության իշխանության կողմից պարգևատրվել է Արիության մեդալով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Factor.am-ին հայտնեց, որ Քյարամյանը պարգևը ստացել է պատերազմի մասնակցության և ունեցած ավանդի համար։ «Հրամանագրում կա կոնկրետ ձևակերպում, որը բոլոր դեպքերին է վերաբերում, իսկ Արիության մեդալը շնորհվում է կոնկրետ ծառայությունների համար»,- նշեց Ավանեսյանը։

Նշենք, որ Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական։ Նույն թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ։

2020 թվականի մայիսի 4-ին՝ Քյարամյանը 1 օրով նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Մայիսի 5-ին ՊՎԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Ընդամենը երկու օրում Քյարամյանը նախ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, ապա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա ժամեր անց ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։

Հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Քյարամյանը ղեկավարել է ԱԱԾ-ն։ Այժմ ՀՀ ԱԱԾ-ն ղեկավարում է գեներալ-մայոր Արմեն Աբազյանը։