Վիկտոր Ենգիբարյանը կնշանակվի «Եվրանեսթ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար

Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում, Հայաստանի պատվիրակության ղեկավար կնշանակվի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, փոխարինելով պատգամավորական մանդատը վայր դրած Գայանե Աբրահամյանին: «Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հարցն ընդգրկված է ԱԺ խորհրդի փետրվարի 8-ի նիստի օրակարգում:

 «Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ»-ում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Վիկտոր Ենգիբարյան Պատվիրակության ղեկավար «Իմ քայլը» խմբակցություն» բառերով»,- ասված է որոշման նախագծում:

Նույն որոշմամբ` պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Կորյուն Մկրտչյանին կփոխարինի նույն խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: