1 միլիարդով ավելի բյուջե ապահոված կառավարությունը վաստակել է աշխատավարձի բարձրացում․ Հայկ Գևորգյան. Տեսանյութ

1 միլիարդով ավելի բյուջե ապահոված կառավարությունը վաստակել է աշխատավարձի բարձրացում․ Հայկ Գևորգյան. Տեսանյութ
1 միլիարդով ավելի բյուջե ապահոված կառավարությունը վաստակել է աշխատավարձի բարձրացում․ Հայկ Գևորգյան. Տեսանյութ

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանի հետ։

 -Վերջին օրերի ամենաաղմկահարույց թեման վարչապետի գաղտնի հանձնարարականով  նախարարների կրկնակի բարձրացված աշխատավարձի հարցն էր։ Վարչապետն այսօր պարզաբանեց, որ գաղտնի է արվել, որովհետև դա գալիս է նախկինների սահմանած կանոններից։ Սակայն աշխատավարձը 750 հազարից հասցնել 1.5 միլիոնի՝ շատ չէ՞։

-Ինչպես պարզաբանեց վարչապետը՝ կային գերատեսչությունների ղեկավարներ, որ դրանից շատ էին ստանում, կային, որ դրանից քիչ։ Հիմա հավասարեցվել է, նույն կարգավիճակ ունեցող բոլոր պաշտոնյաները կստանան հավասար աշխատավարձ։ Ընդ որում՝ կարևորն այն է, որ դա չի արվում որևէ այլ ոլորտի ֆինանսավորման կրճատման շնորհիվ, այլ արվում է հենց տվյալ անձանց համար նախատեսված աշխատավարձի գումարի ճիշտ բաշխման շնորհիվ։ Որևէ այլ ոլորտ չի զրկվում այդ գումարներից։ Իսկ ինչ վերաբերվում է գաղտնիությանը, էլի վարչապետը պարզաբանեց, որ խոսքը ներքին ընթացակարգերի մասին է, որևէ հրամանագիր կամ որոշում ստորագրելիս պետք է առաջնորդվել տվյալ որոշումը ստորագրելու ընթացակարգից, որը կա։ Այստեղ խոսքը, որքան հասկացա, անձնական տվյալների պաշտպանության մասին է։ Եվ նաև վարչապետն ասաց, որ արդարադատության նախարարը համաձայն չէ այդ ձևակերպումների հետ, իսկ իրավաբանները համաձայն են:

-Պարո՛ն Գևորգյան, այնուամենայնիվ, ինչո՞ւ հասարակությունն անակնկալի եկավ գաղտնիության փաստից։

-Դե՝ ցանկացած հասարակություն անակնկալի է գալիս, երբ լսում է, որ դա գաղտնի է…

-Այսինքն՝ խաբված զգաց՝ հիշելով, որ դուք հաշվետու կառավարումից էիք խոսում, թափանցիկությունից էիք խոսում…

-Ես չգիտեմ՝ խաբված զգաց։ Այսօր պարզաբանումների ժամանակ վարչապետը հիշեցրեց, որ ինքը բազմիցս անդրադարձել է դրան, որ պաշտոնյաների աշխատավարձերը կկանոնակարգվեն։ Նախկինում աշխատավարձ էր, հետո պարգևավճար էր, նաև 13-րդ աշխատավարձ ու նման բաներ կային, իսկ հիմա՝ կոնկրետ ամսական աշխատավարձ։ Ընդ որում՝ որոշ պաշտոնյաների աշխատավարձ իջել է դրա արդյունքում, բերվել է մի գծի։ Եվ, իրոք, ամեն տարեվերջին բոլոր պաշտոնյաները ներկայացնում են հայտարարագրեր, թե ինչ եկամուտներ են ունեցել, և ուղղակի հնարավոր չէ թաքցնել այդ փաստը։

-Պարո՛ն Գևորգյան, նախկինում եթե նման բան լիներ, ի՞նչ վերնագրով նյութ կգրեիք։

-Նախկինում եթե նման բան լիներ, ես շատ խիստ վերնագրով նյութ կգրեի։ Ինչո՞ւ: Որովհետև մենք բոլորս գիտեինք, որ նախարարներն այդ աշխատավարձերի հույսին չեն, լրիվ ուրիշ մեխանիզմներով էին փող աշխատում՝ տասնյակ, հարյուր, նույնիսկ հազար անգամ շատ եկամուտներ ունեին, ոչ լեգալ: Իհարկե, որոշ դեպքերում նույնիսկ լեգալ, և այդ դեպքում նաև բյուջեից տված աշխատավարձն ինձ կնյարդայնացներ։ Բայց այս դեպքում մենք գործ ունենք պաշտոնյաների հետ, որոնք այդ եկամուտները չունեն, նրանք մենեջերներ են, նրանք միայն աշխատավարձ են ստանում և որևէ եկամուտ ունենալու իրավունք չունեն։ Իրավիճակներն են տարբեր։

-Փաշինյանն այսօր նկատեց, որ այս պարգևավճարները, ըստ էության, դառնում են աշխատավարձ, որովհետև ամեն ամիս են լինելու։ Այսինքն՝ այս գլխից որոշվել է, որ նա հաջորդ ամիս ավելի լա՞վ է աշխատելու։ -Ձեր կարծիքով՝ Կառավարությունը հիմա ավելի լավ չի՞ աշխատում, քան նախորդ կառավարությունները։ Վաստակե՞լ է այդ գումարը, թե՞ չի վաստակել, եթե նայենք, որ բյուջեն, նախահեղափոխական վերջին տարվա բյուջեի համեմատ, լինելու է 1 միլիարդ դոլար ավելի։ Վաստակե՞լ է այդ Կառավարությունն այդ աշխատավարձը, թե՞ չէ: Ընդ որում՝ խոսքը 3 հազար դոլարի մասին է, ցանկացած բանկի ցանկացած կառավարիչ դրանից ավելի է ստանում։ Այնպես որ՝ չեմ կարծում, թե այստեղ քննարկելու բան կա: Նախարարը պիտի բարձր աշխատավարձ ստանա, նախարարը պիտի զգա իր աշխատանքի վարձատրության մոտիվացիան։

-Ինչպե՞ս է Կառավարությունը մտադիր աշխատելու մոտիվացիա ստեղծել պետական աշխատանք կատարողի մոտ, եթե նրա աշխատավարձը, ասենք՝ ուսուցչի, բարձրանում է 10 տոկոս, իսկ նախարարինը՝ 100 տոկոս։

-Ուսուցչի աշխատավարձն այս տարի կբարձրանա 10 տոկոս, հաջորդ տարի՝ ևս 10 տոկոս, այն մյուս տարի՝ ևս 10 տոկոս։ Թե որքան կստանա ուսուցիչը, կախված է նրանից, թե ինչքան լավ կաշխատի նախարարը։ Ամբողջ խնդիրը դա է։ Եթե նախարարները լավ են աշխատում, Կառավարությունը լավ է աշխատում, ԱԺ-ն լավ է աշխատում, բոլորը շահում են: Երբ կոռուպցիան նվազում է, երբ հովանավորչությունը՝ ծանոթ, բարեկամ, կառավարման համակարգը կարողանում ենք փոխել ու բոլորն սկսում են լավ ապրել, նշանակում է՝ այդ կառավարությունը լավ է աշխատում և վաստակել է այդ գումարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ Factor.am-ի տեսանյութում․