«Եթե կոտրվես, դու էլ ես մահանում». մրցանակակիր իրավապաշտպանները կպայքարեն «մինչեւ վերջ»

«Եթե կոտրվես, դու էլ ես մահանում». մրցանակակիր իրավապաշտպանները կպայքարեն «մինչեւ վերջ»
«Եթե կոտրվես, դու էլ ես մահանում». մրցանակակիր իրավապաշտպանները կպայքարեն «մինչեւ վերջ»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ «Ազատության պաշտպան», լրագրող Ծովինար Նազարյանը՝ «Խիզախ կին», Epress.am լրատվական կայքը՝ գերազանց լրատվամիջոց, բնապահպան-ակտիվիստներ Ապրես Զոհրաբյանը, Եղիա Ներսիսյանը, Գոռ Հակոբյանը, Մարի Խաչատրյանն ու Ռուզաննա Գրիգորյանը` բնության պահպաններ:
Նրանք են մարդու համընդհանուր իրավունքների այն պաշտպանները, որոնք հունիսի 4-ին մրցանակներ ստացան Հայաստանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» կազմակերպության, ԵԱՀԿ եւ ԵՄ գրասենյակների կողմից: Մրցանակների հանձնմանը ներկա էր նաեւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ այս մրցանակով խրախուսվում, քաջալերվում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչն ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրությամբ, սակայն, խնդիրն այն է, որ Հայաստանում գործնականը խզում ունի Սահմանադրությունից:
«Եւ այս ամենի իմաստն այն է, որ այդ խզումը նվազեցվի»,- ասում է իրավապաշտպանը` հավելելով, որ պատահական չէ, որ մրցանակներ են հանձնվել նաեւ իշխանության ներկայացուցիչներին, ինչը ցույց է տալիս, որ երբ մի կողմից խրախուսվում են իշխանությունները, մյուս կողմից խրախուսվում է նաեւ քաղաքացիական հասարակությունը:
Իշխանության ներկայացուցչին՝ փոխոստիկանապետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանին ոստիկանության բարեփոխումներում, հատկապես` ոստիկանության կրթական համակարգի դրական տեղաշարժերում ունեցած դերակատարման համար մրցանակ է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը:

Մրցանակաբաշխության ամենահուզիչ պահը լրագրող Ծովինար Նազարյանի պարգեւատրումն էր: «Բանակն իրականում» նախաձեռնության ամենաակտիվ անդամներից Նազարյանը բանակում տեղի ունեցող հանցագործությունների դեմ պայքարի գործում հատկապես աչքի ընկավ եղբոր` սպա Արտակ Նազարյանի մահից հետո (2010 թվական):Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մրցանակ ստանալու պահին

Նազարյանն ասում է՝ դեռ 2008 թվականի մարտից ինքը որոշում էր կայացրել՝ փոխել իր կյանքը՝ ընտրելով պայքարի ճանապարհը, եւ եթե անգամ եղբոր հետ կապված դժբախտությունը չլիներ, ինքը հաստատ որեւէ ոլորտում մարդու իրավունքների համար ամենաակտիվ պայքարողներից մեկը կլիներ:

Այդ որոշումն է, որ եղբոր մահից հետո ոչ թե տապալեց իրեն, այլ ստիպեց ավելի հաստատուն գնալ այդ ճանապարհով, որովհետեւ՝ «դժբախտությունը վերապրելու միակ ձեւը պայքարն է». «Եթե կոտրվես, դու էլ ես մահանում»:

Նազարյանը շարունակում է պայքարը՝ բանակում բռնությունների մշակույթը արմատախիլ անելու, անպատժելիության մթնոլորտը վերացնելու, մարդկայնություն հաստատելու նպատակով.

«Այսինքն՝ անելու այն, ինչ փորձում էր անել եղբայրս եւ նրա նման շատերը, ովքեր չկոտրվելու դիմաց վճարեցին իրենց կյանքով:Մեր պարտքն է այդ գործը շարունակելը»:

Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հենց այս պատրաստակամության, զոհողությունների ու գործադրած ջանքերի համար են, ըստ ԱՄՆ ՊետքարտուղարՀիլարի Քլինթոնի, պարգեւատրվել Նազարյանն ու մյուսները.

«Նրանց պատմությունը ցույց է տալիս, որ մեծ խնդիրների լուծումը կարող է սկսվել մեկ կամ մի քանի անհատների քայլերից. փոփոխությունները սկսվում են, երբ մի քանի խիզախ ակտիվիստներ ջանասիրաբար պայքարում են բնության պահպանության համար, երբ լրագրողները բարձրացնում են հասարակության իրազեկությունը մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ եւ այն պաշտոնյայից, որը ջանքեր է գործադրում, որպեսզի ոստիկանությունում բարեփոխումներ կատարվեն», – ասել է Քլինթոնը:

Բնապահպան ակտիվիստ Լիլիթ Գեւորգյանն ու իր ընկերները պայքարելիս մրցանակի մասին ամենաքիչն էին մտածում, այդուհանդերձ, այն կոչված է գնահատելու «իրենց արդեն ունեցած հաղթանակները եւ խրախուսելու հետագա պայքարը»:

«Սակայն, մենք շատ ավելի կգնահատեինք սեփական երկրի իշխանությունների կողմից գնահատականը, որն առայժմ համառորեն փորձում է անտեսել մեզ»,- ասում է ակտիվիստը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am