Սա լռեցնելու փորձ է ընդդիմության հենց այն անդամներին, որոնք իրենց համար առավել մեծ գլխացավանք են. Իզաբելլա Աբգարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը 

– Տիկի՛ն Աբգարյան, սույն թվականի փետրվարի 5-ին Երևանի ավագանու արտահերթ նիստ է նախատեսված, որպեսզի վաղաժամ դադարեցվեն ավագանու մի քանի անդամների, այդ թվում՝ Հայկ Մարությանի լիազորությունները։ Ձեր գնահատականն եմ խնդրում, կա՞ նման ընթացակարգ։

– Այո՛, օրենքով նախատեսված է, որ կարող է ավագանու անդամի լիազրությունները դադարեցվել, եթե նա ունի որոշակի թվով բացակայություններ, ու դա արվում է միմիայն ավագանու քվեարկությամբ, այսինքն՝ ավագանու տիրույթում է։ Կարող են բերել նման նախագիծ, բայց կարող են և չբերել, ամեն ինչ կախված է ավագանու կամքից: 

Մենք տեսնում ենք, որ տվյալ դեպքում ընդունվել է քաղաքական որոշում, որովհետև մարդիկ, որոնց ներկայացրել են մանդատից զրկելու համար, բոլորիս էլ հայտնի է, որ թե՛ Հայկ Մարությանը՝ որպես մեր քաղաքական ուժի լիդեր, որը վերջին ամիսներին հատկապես առավել ակտիվ էր նաև քաղաքապետարանում երկու ելույթով, թե՛ «Մայր Հայաստանից» ընտրված են հենց այն ավագանու անդամները, որոնք ակտիվ ըմբոստ են ու քննադատել են իշխանություններին, ինչպես նաև մամուլի ասուլիսներ են տվել, այսինքն՝ այս ամենի հիմքում դրված է ոչ թե երևանցու շահը, որը նրանք պնդում են, ինչը ծիծաղելի է, այլ հիմքում դրված է սեփական քաղաքական օրակարգը։ 

– Այսինքն՝ սա ընդդիմությանը լռեցնելու փո՞րձ է։

– Ընդդիմության հենց այն անդամներին, որոնք իրենց համար առավել մեծ գլխացավանք են։ Մենք ունենք ընդդիմադիր այլ խմբակցություն, որտեղ երկու մանդատ փաստացի չի ծառայում Երևան քաղաքին: Մեկն ազատազրկված է, ո՛չ ապահովում են այդ մարդու ներկայությունը նիստերին, ինչը, ի դեպ, կարող էին անել, որ այդ մարդը ներկայանար նիստերին և կարողանար աշխատել։ Մյուս անդամի մասով ընդհանրապես պարզ չէ, մենք չենք տեսնում, որ այդ հարցերը նույնպես հուզեն իշխանական ավագանու անդամներին։ 

– Ի՞նչ հիմնավորմամբ են ուզում դադարեցնել այդ մարդկանց լիազորությունները։

– Որպես թղթային հիմնավորում՝ բերվում է բացակաների թիվը, ու կապ չունի, որ բացակաների մեծ մասը, ի դեպ, հենց չգրանցվելը նաև, եղել է քաղաքական կամքի դրսևորում, որպես անհամաձայնություն, եղել է բոյկոտ, այդ թվում՝ նաև առաջին նիստի ժամանակ չի ներկայացել երկու խմբակցությունը՝ պաշտոնապես հայտարարելով, որ բոյկոտում են, և որ բոյկոտը միակ լծակն է, որն ունի ընդդիմությունը՝ թույլ չտալու անցկացնել հենց Երևանին ու երևանցուն վնասող նախագծեր, այսինքն՝ ընդդիմության չգրանցվելը տվյալ դեպքում բխում էր երևանցու շահից, այլ ոչ թե հակառակը։ 

– Այսինքն՝ նույն հաջողությամբ կարող էր լինել ձեր անունը, այլ ոչ թե Հայկ Մարությանի՞նը, տիկի՛ն Աբգարյան։

– Կարող էր, եթե մի երկու տեղ ես էլ ավել-պակաս քվեարկած չլինեի, կարող էր իմ անունն էլ լինել այդտեղ։ Սա զավեշտալի է, երբ ավագանու անդամի աշխատանքը վերածվում է իրոք կոճակ սեղմողի, այսինքն՝ այն հսկայական աշխատանքը, որ պետք է ավագանին կատարի՝վերահսկելու իր գործադրի ծախսերը, թափանցիկությունը, այն աշխատանքը, որը մեր խմբակցությունն էր կատարում՝ երկու հանրային լսում կազմակերպելով նաև քաղաքի համար շատ կարևոր ու ցավոտ թեմաների շուրջ, այդ աշխատանքը կարևոր չի համարվում, կարևոր է համարվում, որ դու գաս ու ապահովես քվորում, որ գործադիրը կարողանա անցկացնել իր անորակ նախագծերը։ 

– Սա ճնշման միջո՞ց է։

– Սա ճնշման միջոց է, այո՛, ու նրանք խոստովանում են, որ մյուսները գան նիստերին, որովհետև ունեն քվորում ապահովելու խնդիր: Մեզ փորձում են օգտագործել որպես «մասովկա», ոչ թե սեփական դիրքորոշում, քաղաքական մոտեցում ունեցող ուժ, մենք նրանց պետք ենք, որպեսզի գրանցվենք, որ իրենք կարողանան իրենց նախագծերն անցկացնել ու ոչինչ, որ մեր երկու խմբակցություններին 79 հազարից ավելի երևանցի է ձայն տվել, որոնց գրպանից են իրենք աշխատավարձ ստանում, սա անհարգալից վերաբերմունք է հենց այդ քաղաքացիների նկատմամբ։

– Կկարողանա՞ն համապատասխան ձայներ ապահովել ու լիազորությունները դադարեցնել, տիկի՛ն Աբգարյան։ 

– Մենք ունեցել ենք առնվազն երկու շատ կարևոր ու քաղաքական բնույթի նիստ, որի ընթացքում ապահովել են ձայներ՝ կարողանալով «Հանրային ձայնի» անդամներին բերել դահլիճ։ Այդ երկու անգամ նրանց հաջողվել է, հիմա, եթե, չնայած վստահ եմ, որ պայմանավորվածություն ունեն, որ բերելու են, հետևաբար կկարողանան, եթե չներկայանան՝ չեն կարող։ 

– Եթե հաջողվի Հայկ Մարությանի լիազորությունները դադարեցնել, ձեր կուսակցությունն ի՞նչ է անելու, արդեն ունե՞ք որոշում։

– Այսօր երեկոյան մեր կուսակցությունը՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, ժողով է գումարելու, և մենք թե՛ այս խայտառակ նախագծի վերաբերյալ մեր ընդհանուր դիրքորոշումը կմշակենք, թե՛ մեր հետագա քայլերի ռազմավարությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am