Իրանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը։

Այս մասին հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանությունը՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի իրագործմանը, քանի որ մենք կողմնակիցն ենք տարածաշրջանի ներսում կապերի ընդլայմանը։ Մենք երթուղիների ապաշրջափակման ցանկացած նախագծի գլխավոր նախապայման ենք համարում երկրների ինքնիշխանության իրավունքը։ Մենք ողջունում ենք այն նախագիծը, որը նպաստում է տարածաշրջանի տնտեսական դինամիկ կապերի համակարգում Հայաստանի դերակատարության հնարավորության ստեղծմանը»,- նշել են Իրանի դեսպանությունից։

Մյուս կողմից Իրանը գտնում է, որ Հայաստանի Հյուսիս-Հարավ հաղորդակցային ուղղության ամրապնդումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն Պարսից ծոց-Սև ծով ռազմավարական տարանցիկ միջանցքի ակտիվացման միջոցով երկու կարևոր մայրցամաքների և խոշոր տնտեսությունների միջև կապի հաստատման գործում արդյունավետ կերպով ապահովում է Հայաստանի զարգացումը և դերակատարությունը։

Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է այս առանցքի զարգացման գործում իրանական ընկերությունների մասնակցության պատրաստակամության մասին։ Մեր տեսակետն այն է, որ այս պատմական ուղին պետք է հնարավորինս ամրապնդել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախագիծ և նախաձեռնություն, որը կարող է ամրապնդել Հայաստանի Հյուսիս-Հարավ ճանապարհի ռազմավարական կշիռը։

«Խաղաղության խաչմերուկ»  նախագիծը, հաշվի առնելով արևելք-արևմուտք կապի դյուրացումը, նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի զարգացման համար և կարող է խաղաղության, անվտանգության և բարգավաճման երաշխիք դառնալ տարածաշրջանի բնակչության համար: Տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման պահանջներից մեկը, անշուշտ, հարևանների միջև կապերի զարգացումն է»,- նշել են Իրանի դեսպանությունից։