Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Ըստ աղբյուրի, առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։