«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանը
– Տիկի՛ն Սողոյան, սպասելի՞ էր, որ «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը կերկարացվեր 3, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ գործի դատական փուլում Թևանյանի մեղադրանքից դուրս են մնացել նախկինում շրջանառված՝ ռուսական գործակալական ցանցի և ավելի քան կես միլիոն դոլար ստանալու մասին դրվագները։
– Ես մտածում էի, որ գոնե Արեգնազ Մանուկյանի մասով հնարավոր կլինի փոխել խափանման միջոցը: Իհարկե հասկանում ենք, որ այս գործն իր բնույթով ամբողջովին քաղաքական է: Քաղաքական այս ճնշման ներքո, բնականաբար, ինչպես նախկինում եմ ասել, բոլոր դատավորներն այս կամ այն չափով կաշկանդված են այս գործերով արդար որոշումներ կայացնելիս: Քանի որ ամենաբարձր ամբիոնից տրվել էին այդ հրահանգները, բնականաբար հույս չունեի պարոն Թևանյանի մասով:
Այո՛, պաշտպանական կողմը տեղեկացրել է, որ լրտեսության այդ մասն է դուրս եկել գործից, հատուկ ծառայությունները դարձել են հասարակական կազմակերպություն, դրա քաղաքական մեկնաբանությունը կարող եմ գտնել. քանի որ մեզանում թշնամի պետություն են համարվում բացառապես Թուրքիան ու Ադրբեջանը, իսկ լրտեսությունը ուղիղ վերագրելով, օրինակ՝ ռուսական հատուկ գործակալություններին, պետք է ծանր մեղադրանքներ հնչեցվեն նաև Ռուսաստանի հասցեին, որ վերջինս խախտել է միջպետական պայմանագիրը՝ միմյանց երկրում լրտեսություն չիրականացնելու, և երկրորդ կոմպոնենտը, որ Ռուսաստանն այլևս ընկալվում է որպես թշնամի Հայաստանում:
Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը սիրում է երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններին «սեր է խոստովանում», այս տրամաբանությունից ելնելով էլ գործից այդ հատվածը հանել են, վերջում իհարկե բոլոր արբանյակներով, բոլոր ենթատեքստերով ասել են, որ դա Ռուսաստանն է, բայց խուսափել են կոնկրետ իրավական ձևակերպում տալուց, որպեսզի իրենց մանևրի հնարավորությունից չզրկեն:
Ինչ վերաբերում է Արեգնազ Մանուկյանի գործին, ապա պարզ, մաթեմատիկական հանգամանքներ կային. մեկը, որ գործ ունեք միջին ծանրության հանցանքի հետ, ու եթե անգամ սանկցիաներից մեկը, որը պետք է որպես պատիժ կիրառվի, ապա Արեգնազ Մանուկյանն արդեն իր երկու ամսվա կալանքով կրել վերջացրել է պատիժը:
Աբսուրդ է նաև այն, որ չի էլ բացահայտվում, թե այդ պետական գաղտնիքը, որն իբրև թե արտահոսել է, ի՛նչ վնաս է հասցրել պետությանը: Այսինքն՝ մենք նույնիսկ մեղադրական եզրակացությամբ հիմնավորված նվազագույն շեմը չունենք, բայց դատավորն արդեն այս որոշմամբ կալանքը երկարաձգում է՝ ասելով, որ ընդունում է, որ փաստացի արդեն պատժի մասն էլ է կրում Արեգնազ Մանուկյանը, բայց էլի մեկ ամսով երկարաձգում է խափանման միջոց կալանքը:
Որևէ ապացույց Դատախազությունը չի ներկայացրել առ այն, որ Արեգնազ Մանուկյանն այդ պետական գաղտնիքը փոխանցել է, նույնիսկ հնարավոր չի եղել ապացուցել առհասարակ Արեգնազ Մանուկյանի ներկայությունը այդ փակ նիստին: Դատարանը նաև հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արեգնազ Մանուկյանը ունի մանկահասակ երեխա, ինչի մասին գրեթե բոլոր կողմերից խոսեցին, ՄԻՊ-ը ևս անդրադարձավ դրան: Դատարանը նույնիսկ քննության չարժանացրեց մեր ներկայացրած այս հանգամանքները, առանց հարցերի, հապճեպ կայացրեց կալանքը երկարաձգելու որոշումը:
– Հիմա, եթե գործից դուրս են մնացել ըստ էության կարևորագույն հանգամանքներ՝ լրտեսության հետ կապված, ի՞նչ է ստացվում, որ Արեգնազ Մանուկյանին կալանքի տակ պահելը կամ առհասարակ այդ մեղադրանքը անհի՞մն է:
– Արեգնազ Մանուկյանի պարագայում գործ ունենք ակնհայտ ապօրինի հետապնդման հետ, ակնհայտ անմեղ մարդուն հետապնդող դատական ակտ կայացնելու հետ: Էլի եմ ասում, այն ապացույցների կազմը, որն այս պահին ներկայացված է որպես անձին դատապարտելու համար բավարար, իրականում քննչական վարկածի մակարդակից չի բարձրանում:
Եթե նույնիսկ չեն կարողանում հիմնավորել, որ Արեգնազ Մանուկյանը ներկա է եղել այդ փակ նիստին, էլ չեմ ասում՝ այդ նիստից հետո տեղեկություններ փոխանցելու մասին, ապա եթե մենք օրինական երկրում ապրեինք, քննիչներն ուղղակի պետք է արդարացնող հիմքով դադարեցնեին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հետապնդումը:
– Տիկի՛ն Սողոյան, մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիք, որ այս կերպ շանտաժի են ենթարկում Արեգնազ Մանուկյանին, հիմա, երբ կրկին մեկ ամսով երկարաձգել են կալանքը, կարծում եք՝ էլի՞ նույն նպատակով է արվել:
– Հավելյալ զարգացումներ այդ թեմայով չեն եղել, բայց այդ նույն տրամաբանությունը դեռևս պահպանվում է: Այս գործը, բերված մեղադրանքները, հիմնավորումները դուրս են տրամաբանությունից, անկեղծ եմ ասում, ես չէի սպասում, որ դատական համակարգում կարող է նման խայտառակություն լինել, իրապես հիասթափված եմ՝ տեսնելով, որ մենք ազատ, մրցակցային դատավարություն չենք ունենում: Դատախազները գալիս ու այնպիսի անտրամաբանական, հակամասնագիտական պնդումներ են անում, որ մասնագիտական առումով չի կարող հիասթափեցնող չլինել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















