«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը
– Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա: Եվ պետությունը դրա համար օգտագործելու է բոլոր լծակները, որովհետև ո՞վ է ինքը, որ էդտեղ նստի, ո՞վ է ինքը, որ մեր սրբություն սրբոցում նստի՝ ինքը ոչ մեկն է։ Մեջբերումը Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցից է, պարո՛ն Հարությունյան: Նիկոլ Փաշինյանի այս վճռականությունը ի՞նչ հետևանքների է հանգեցնելու:
– Եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին հստակ գրված է ՀՀ Սահմանադրության մեջ, ինչ մասին բազմիցս խոսել ենք, իհարկե, հիմա իրավիճակը սրված է: Նիկո Փաշինյանն ու իր քաղաքական թիմը հստակ որդեգրած քաղաքականություն են իրականացնում Եկեղեցու, մասնավորապես, Կաթողիկոսի նկատմամբ, ինչ-որ փաստարկներ են բերում, որոնք ըստ էության ծանր մեղադրանքներ են Կաթողիկոսի նկատմամբ, ու հետևողականորեն փորձում են հասնել իրենց նշանակետին:
Պետությունը հասարակությանը հերթական ցնցմանն ու լարվածությանը չտանելու համար պետք է այս հարցը լուծեր, հիմա էլ փորձի լուծել կուլիսներում: Պետական ու եկեղեցական բարձրաստիճան այրերը պետք է իրենց մեջ կամք գտնեն ու փորձեն հարցը կարգավորել կուլիսներում, որպեսզի հասարակությունը չպառակտվի, որպեսզի թե՛ եկեղեցական, թե՛ պետական արժեքները չոչնչացվեն այս հակամարտության արանքում:
Ինձ համար առավել զարմանալի է Կաթողիկոսի լռությունը, ինչո՞ւ չի հերքում իրեն ուղղված այդ մեղադրանքները, բայց ես կկրկնեմ կոչս, որ վերջացնեն այս լարվածությունը ու փորձեն հարցը հանրության աչքից հեռու լուծել, որովհետև հասարակությունն իրականում հոգնել է այս ամեն ինչից: Եկեղեցի-պետություն այս հակամարտությունը չի կարող լավ բանի հանգեցնել, սա միանշանակ է:
– Ընդդիմադիր մի ստվար հատված ասում է, թե Կաթողիկոսին հեռացնելու հրահանգն օրվա իշխանությանը տրվել է դրսից, ինչն էլ փորձում են կատարել, դուք համակարծի՞ք եք, որ դա է այս իշխանության վճռականության պատճառը, թե՞ իշխանությունը իսկապես փորձում է բարեփոխել Եկեղեցին, ինչպես ասում է:
– Ենթադրենք, թե կա այդ հրահանգը, բայց իշխանությունը կոնկրետ հարցադրումներ է անում, թող Եկեղեցին պատասխանի դրանց ու ապացուցի, որ իսկապես գործ ունենք հրահանգի հետ: Հակառակ կողմն էլ շարունակ պնդում է, որ եկեղեցականներն են հրահանգներ կատարում դրսից, մեկը մեղադրում է Ռուսաստանից հրահանգներ կատարելու համար, մյուսը՝ Ադրբեջանից ու Թուրքիայից:
Ինչպես հասկանում եմ, բոլորն էլ միմյանց մեղադրում են ու բոլորն էլ մեծ հաշվով այդ հրահանգները կատարում են: Բայց ակնհայտ է, որ իրավիճակը շատ վատ է ու դեպի էլ ավելի վատն է գնում, ինչը մտահոգիչ է, ու այս հարցը պետք է լուծվի: Սա պետության կազմաքանդման գործընթաց է. երկրի ղեկավարը Կաթողիկոսին է մեղադրում, Կաթողիկոսը՝ երկրի ղեկավարին, ինչը խայտառակ ու ամոթալի իրավիճակ է:
– Պարո՛ն Հարությունյան, եթե, այնուամենայնիվ, իշխանությունը օրենքների փոփոխությամբ գնա Կաթողիկոսին հեռացնելու քայլին, դա պետության համար ի՞նչ ռիսկեր կստեղծի:
– Արդեն ասացի, որ սա պետության կազմաքանդման գործընթաց է, բայց խնդիրը հետևյալն է, որ եթե իշխանությունը նման բան անի, զարմանալի չի լինի, որովհետև 2026-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել ու իրենց նախընտրական ծրագրում նշել է այդ մասին, որ բավարար քվե ստանալու պարագայում իրենք իրականացնելու են Կաթողիկոսին հեռացնելու գործընթացը:
Ժողովուրդն այդքան մեծ թվով գնացել քվեարկել է այս քաղաքական ուժի օգտին, ու հիմա իշխանությունն անում է այն, ինչ խոստացել է, զարմանալ պետք չէ: Սրա համար էր, որ մենք ասում էինք՝ չի կարելի թույլ տալ, որ ՔՊ-ն վերընտրվի, եթե չենք ուզում, որ այդ ամենը տեղի ունենա: Այսինքն՝ զարմանալի ոչինչ չկա, երբ այս մարդը խոսում է Տիգրանաշենի, Եկեղեցու մասին նման կերպ, մինչև ընտրությունները բացահայտ հայտարարել է այդ մասին, մարդիկ նրան քվե են տվել, ինքն էլ հիմա իրականացնում է իր նախընտրական խոստումները:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















