Բաքուն դատապարտում է Հայաստանի ԱԽ քարտուղարի այցը Ստեփանակերտ.«Ազատություն»

Ադրբեջանի արտգործնախարարությունը դատապարտել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկ Ստեփանակերտ կատարած այցը՝ պնդելով, թե այն վտանգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը:
Այս մասին հայտնում է «Ազատությունը»։

Ըստ հայտարարության՝ «այդ ապօրինի քայլը», որ Հայաստանի պաշտոնատար անձի կողմից ձեռնարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում կայացած հանդիպումից անմիջապես հետո, «ակնհայտորեն ցույց է տալիս կարգավորման գործընթացում Հայաստանի անկեղծ չլինելը»:

«Այդ ապօրինի այցը» վկայում է, որ Հայաստանի հայտարարությունները Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու վերաբերյալ «հեռու են անկեղծ լինելուց», պաշտոնական Երևանը չի հարգում նաև միջազգային միջնորդների ջանքերը, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պնդում է Բաքուն և վստահեցնում, որ «միջազգային սահմաններում Ադրբեջանի արածքային ամբողջականության դեմ ձեռնարկվող բոլոր քայլերին պատասխան կտրվի:

Արցախի Անկախության օրվա առթիվ պաշտոնական Երևանը պատվիրակություն չէր գործուղել Ստեփանակերտ, իսկ օրվա ավարտին Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն և ծաղիկներ խոնարհել: