Էրդողանն ու Ալիևը հայկական Շուշի են գնում․ ի՞նչ համաձայնագիր են այնտեղ ստորագրելու․ Factor.am

Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն Արցախի օկուպացված Շուշի քաղաքում   բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրելու՝ Լեռնային Ղարաբաղի  վերակառուցման, նաև տնտեսական ու քաղաքական ոլորտներին վերաբերող, տեղեկացնում է Factor.am-ը։

Այս մասին գրում է թուրքական Yeni Şafak-ը՝ անդրադառնալով Էրդողանի՝ Շուշի կատարելիք այցին։ «Համաձայնագրով նախատեսվում է «օկուպացիայից ազատագրված» բոլոր շրջանների ենթակառուցվածքների վերակառուցում՝ ներառյալ նոր բնակավայրերի: Թուրքական ընկերությունները նույնպես գործունեություն են ծավալելու: Համաձայնագրով նաև տարանջատվելու են թուրքական ու ադրբեջանական ընկերությունների առաջադրանքները»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են նաև ավտոմոբիլային ու երկաթուղային ուղիների կառուցման նախագծերը, որոնք Նախիջևանով միացնելու են Թուրքիան ու Ադրբեջանը։ Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ հետ ժամանել է Ադրբեջան և ուղևորվել Արցախի գրավյալ տարածքներ։

Նա արդեն եղել է Վարանդայում (Ֆիզուլի), որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հիմա Ալիևն ու Էրդողանը միասին ուղևորվում են Արցախի գրավյալ Շուշի քաղաք։ Այստեղ էլ կողմերը բանակցություններ են վարելու և գործընկերության համաձայնագիր են ստորագրելու։