Ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգը ժանգոտած է, կոռումպացված, ոչ մի խորքային փոփոխություն տեղի չունեցավ. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, ինչպե՞ս եք գնահատում էկոնոմիկայի նախկին փոխնախարարի ու ևս վեց անձի ձերբակալությունը։

– Ընդհանուր առմամբ, քաղաքական գնահատականն այն է, որ մենք հերթական անգամ գործ ունենք ձախողված գործընթացի հետ, և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ամենուրեք կաշառք են տալիս, վերցնում, փաստական է դառնում։ Սա նշանակում է, որ այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական վարչակազմին չհաջողվեց ձևավորել այնպիսի հանրային ինստիտուտներ, այնպիսի քաղաքական միջավայր ու ապահովել այնպիսի արդյունավետ պետական կառավարում, որտեղ կոռուպցիոն դրսևորումները տեղ չէին ունենա կամ նվազագույնի կհասցվեին։ 

Այս ամեն ինչը վկայում է, որ կոռուպցիոն դրսևորումները Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմում կամ առանձին գերատեսչություններում վխտում են, մարդիկ սանձարձակ, լկտի ձևերով թալանում են երկրի, հասարակության ունեցվածքը, ինչը խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք հերթական ձախողված գործընթացի հետ։

Սա լրջագույն սպառնալիք է, կոռուպցիան փչացնում է հանրային հարաբերությունները, մարդկային համակեցության կանոնները։ Սա ցույց է տալիս, որ նախորդ տարիների ու ընթացիկ կառավարումն անարդյունավետ է։ Մեկ անգամ ևս հավաստվում է, որ այն ծրագրերը, որոնք փորձում են առաջնահերթություն ներկայացվել հանրության մոտ, խարսխված են կոռուպցիոն դրսևորումներով։ 

– Համակարծի՞ք եք, որ այս իրողությունը խոսում է այն մասին, որ իշխանության ներսում կան հակասություններ։

– Չեմ կարող ասել քաղաքական հակասությունների մասին, բայց որ խոսքի ու գործի հստակ, տրամագծորեն հակառակ պատկեր կա, միանշանակ է։ Այն, ինչ հռչակվում է, լոզունգային խոսույթի, հռչակագրերի ու իրականում կառավարման գործընթացում իրականացվող խորքային երևույթների միջև էական տարբերություն կա, դա խոսուն փաստ է։

Ակնհայտ է, որ պետական կառավարման համակարգը ժանգոտած է, կոռումպացված, ոչ մի խորքային փոփոխություն այս տարիների ընթացքում տեղի չունեցավ։ Կառավարման կարգը չձերբազատվեց այդ չարիք հանդիսացող կոռուպցիոն երևույթներից, ինչը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման ռեժիմը նախորդ ռեժիմների տրամաբանական, օրգանական շարունակությունն է։ 

– Ինչո՞ւ Փաշինյանը չկարողացավ ձերբազատվել նախկին համակարգից, պարո՛ն Նորիկյան։

– Որովհետև այդ ամեն ինչը գին ուներ, այդ ամեն ինչը քաղաքական պայմանավորվածության արդյունք էր, Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը պայմանավորված էր նաև նախկիններին պատասխանատվության չենթարկելով, կոռուպցիոն համակարգերը չճզմելով, կոռուպցիոնիստներին պատասխանատվության չենթարկելով։ Սա արդեն ակնհայտ է, ուրիշ որևէ հիմնավորում սրան տալ չեմ կարող։

– Այս գործի վերջնարդյունքը տեսնելու մասով լիահու՞յս եք։

– Կներեք, այդ գործերը տապալված են, ու ես որևէ հույս չունեմ, որ այս իշխանության օրոք հնարավոր կլինի ապահովել իրական պայքար կոռուպցիայի դեմ, սա ձախողված գործընթաց է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am