Կան քաղաքացիներ, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով. ԱԳ նախարարը՝ Ուկրաինայի հայերի մասին

Ուկրաինայում կամ Ուկրաինային սահմանամերձ քաղաքներում այս պահին գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները տարբեր են և, ըստ այդմ, Հայաստանը դեսպանության, դիվանագետների միջոցով դրանց տալիս է տարբեր լուծումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչ կոնկրետ քայլեր են իրականացվում՝ Ուկրաինայից Հայաստան հայրենակիցների վերադարձն ապահովելու համար:

«Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո, իհարկե, մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց: Ընդ որում` հայրենակիցներ ասելով՝ ի նկատի ունենք և ՀՀ քաղաքացիներին, և այլ երկրների քաղաքացիների: Ինչ ենք մենք անում. մինչև այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել, ընդ որում եզակի դեսպանություններից է, որ շարունակում էր մնալ, աշխատել, օգտակար լինել քաղաքացիներին»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նախարարի՝ դեսպանությունը 1500-ի կարգի զանգ է ստացել: Նման մեծ քանակի դեպքում, ըստ նրա, իհարկե կլինեն քաղաքացիներ, որոնք փորձել են կապ հաստատել և չի ստացվել: Դրա համար ՀՀ ԱԳՆ-ում թեժ գիծ է բացվել, նաև էլեկտրոնային փոստի, հեռախոսի միջոցով կարելի է կապ հաստատել: Եթե կապ հաստատել չի լինում, հետո աշխատակիցները հետ են զանգում այդ քաղաքացիներին, տրամադրում խորհրդատվություն:

«Մենք նաև բանակցել և պայմանավորվել ենք արևմտյան կողմից Ուկրաինայի սահմանակից բոլոր երկրների՝ Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի, նույնիսկ Հունգարիայի հետ: Հունգարիայի հետ մեր դիվանագիտական հարաբերությունները կասեցված են, սակայն, ի պատիվ իրենց, ամեն ինչ անում են, որ աջակցեն: Այնտեղ, որտեղ ունենք դեսպանություններ, մայրաքաղաքից դիվանագետներ են գործուղվել Ուկրաինայի հետ սահմանամերձ մի քանի քաղաքներ, իսկ որտեղ չունենք դեսպանություն, օրինակ` Հունգարիա, Մոլդովա առանձին դիվանագետ է գործուղվել: Այս բոլոր դիվանագետները խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, կազմակերպել նրանց վերադարձը ՀՀ, խորհրդատվություն տրամադրել»,-ասաց Միրզոյանը:

Պատգամավորը հետարքրքվեց, թե աջակցությունը միայն խորհրդատվության տեսքո՞վ է լինում, թե՞ նաև նյութական, տեղափոխման հետ կապված:

ԱԳ նախարարը պատասխանեց, որ խնդիրները տարբեր են: «Քաղաքացիներ կան, որոնք չեն կարողացել վերցնել փաստաթղթերը կամ որևէ այլ պատճառով չունեն անձը հաստատող փաստաթղթեր: Քաղաքացիներ կան, որոնց օգնել ենք տեղափոխման հարցերով: Տարբեր են խնդիրները և նաև լուծումները: Կարող ենք ենթադրել, որ պայմանական մի քանի հարյուր հազար հայրենակից, եթե շարունակում ենք համարել, որ Ուկրաինայում ունենք, նրանց բոլորի տեղափոխությունը ՀՀ-ն այս պահին կդժվարանա իր վրա վերցնել: Բայց խնդիրները և լուծումները տարբեր են»,-ասաց ԱԳ նախարարը: