Փակուղային վիճակ է, որովհետև Արցախից քաղաքական պահանջի փոխարեն հումանիտար խնդիրների լուծման պահանջ է հնչում. Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Անդրիասյան, Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Հայաստանին՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ Երասխում, կառուցվող խոշոր «մետալուրգիական» գործարանի շինարարությունը դադարեցնելու պահանջով։ Ադրբեջանի այս դիմումի վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում։

https://medialab.am/262884/

– Հայաստանն ու Ադրբեջանը չունեն դիվանագիտական հարաբերություններ, և Ադրբեջանը չի կարող Հայաստանին որևէ նոտա ուղարկել, այս կարգի գործողությունները կեղծ քաղաքական գործողություններ են, որոնց նպատակն է բացասական ֆոն ստեղծել Հայաստանի շուրջ օտարերկրյա ներդրողների համար, քանի որ Երասխում ներդրումն իրականացվում է համատեղ: Դա Հայաստանի համար կարևոր ներդրում է, ինչն էլ մտահոգում է ադրբեջանցիներին, իրենք էլ փորձում են էժանագին նման ձևերով քարոզչական-տեղեկատվական տիրույթում ճնշել մեր երկրում օտարերկրյա ներդրողներին։

– Այս դիմումին հայկական կողմից արձագանք պե՞տք է լինի, թե՞ ոչ։

– Եթե ես լինեի Հայաստանի վարչապետը, իհարկե կարձագանքեի համաչափ ձևով, բայց Փաշինյանը կա՛մ սպասարկում է, կա՛մ անհետևանք է թողնում Ալիևի այդ տեսակ բոլոր ապօրինի գործողությունները Արցախի ու Հայաստանի նկատմամբ։

– Այսինքն՝ արձագանքը պետք է լինի վարչապետի՞ մակարդակով։

– Իհարկե։

– Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքն ու այդ իրավիճակը փոխելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերը ինչպե՞ս եք գնահատում։

– Հայաստանի քայլերը պարալիզացված են, որովհետև Կառավարության ղեկավարը սպասարկում է Իլհամ Ալիևի քաղաքականությունը: Արցախն այսօր գտնվում է միջազգային տարբեր կառույցների ուշադրության կենտրոնում, և՛ Արդարադատության միջազգային դատարանն ունի միջանկյալ որոշում՝ Արցախի ապաշրջափակման վերաբերյալ, տարբեր միջազգային կազմակերպություններ ունեն որոշումներ, այսինքն՝ ասել, որ Արցախն ուշադրությունից զրկված է, այդպես չէ: Այլ հարց, որ Արցախում ո՛չ հանրությունը, ո՛չ քաղաքական ուժերը, ո՛չ իշխանությունները չեն կարողանում ձևակերպել իրենց պահանջը՝ ինչ են ցանկանում, որ ճանաչե՞ն Արցախի Հանրապետությունը, որ Արցախին հնարավորություն տան հանրաքվեի միջոցով կարգավիճա՞կը վերջնականապես որոշել, թե՞ այլ բան։

– Դե, այս պահին պահանջում են Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, պարո՛ն Ղուկասյան։

– Եթե ճանաչվի Արցախի Հանրապետությունը, ապաշրջափակումը, բնականաբար, կվերանա, եթե որոշում կայացվի Արցախում ՄԱԿ-ի հովանու ներքո հանրաքվե անցկացնել ու որոշել Արցախի կարգավիճակը, ապաշրջափակումը կվերացվի, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ քաղաքական խնդիր չեն դնում, հումանիտար խնդիր են դնում, այսինքն՝ համաձայն են, որ կարգավիճակի հարցը չլուծվի, բայց ակնկալում են, որ հումանիտար հարցերը պետք է լուծվեն: Այդպես չի կարող լինել ու չի լինում, ու դրա համար մենք այսօր տեսնում ենք փակուղի։ 

Արցախցիների կողմից պետք է շատ հստակ դրվեն իրենց քաղաքական խնդիրները, հստակ պետք է լինի վերաբերմունքը քաղաքական օրակարգի նկատմամբ, իսկ մենք այսօր տեսնում ենք, որ, ըստ էության, Արցախը համաձայն է, որ կարգավիճակը չորոշվի, ընդամենը պահանջում են, որ իրենց հումանիտար հարցերը լուծում գտնեն, բայց բնության մեջ այդպես չի լինում, մոլորակի վրա բոլոր մարդիկ ունեն կարգավիճակ։

– Ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտության համատեքստից հանվեց քաղաքական տարրը, ու հիմա միայն հումանիտար մասն է շեշտվում թե՛ Հայաստանի և թե՛, ինչպես ասացիք, Արցախի իշխանությունների կողմից։

– Դեռևս 2011 թվականին Ադրբեջանի ղեկավարությունը հասկացավ, որ բանակցային գործընթացը գնում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում, այսինքն՝ հանրաքվեն Արցախում անխուսափելի պետք է դառնար, միջազգային հանրությունը այդ հանրաքվեն անցկացնելու պահանջը ճանաչեր օրինական ու պահանջում էր Ալիևից համաձայնել, որ հանրաքվե անցկացվի, ու դրա արդյունքները ճանաչի։ 

Դրա համար իրենք հասկացան, որ պետք է գործել կաշառքով, և սկսեցին կաշառել, գիտենք, տեսնում ենք, բազմաթիվ դեպքեր են բացահայտվում եվրոպական կառույցներում, ակնհայտ են, Ռուսաստանի հետ բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ տեղի ունեցան՝ թե՛ զենքի մատակարարումը, թե՛ գազի մատակարարումը։ 

Հայաստանի ղեկավարությունը ևս չէր կարող բացառություն լինել այդ քաղաքականության մեջ. մենք լսել ենք Բելառուսի նախագահի խոսակցության գաղտնազերծումը, որում նա ասում է, որ Ալիևը պատրաստ է 5 միլիարդ դոլար տալու Հայաստանի ղեկավարին, որպեսզի Հայաստանի ղեկավարը համաձայնի հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը։ 

Մենք այսօր տեսնում ենք, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի ղեկավարները դիրքորոշում ունեն, որ պետք է հետաձգել Արցախի կարգավիճակի հարցը: Սրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կոռուպցիոն քաղաքականությունը իր արդյունքը տվեց, ու այն, ինչ ուզում էր Ադրբեջանի ղեկավարությունը, այսօր Արցախի ու Հայաստանի ղեկավարներն իրականացնում են, այսինքն՝ համաձայն են հետաձգել Արցախի կարգավիճակի հարցի լուծումը: 

Բայց Արցախի ժողովուրդը պարտավոր չէ ենթարկվել կոռուպցիոն գործարքներին, ու այսօր պետք է պահանջեն կա՛մ հանրաքվե, կա՛մ Արցախի Հանրապետության ճանաչում, պետք է պահանջի ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Եվրամիությունից, այսինքն՝ շահագրգիռ տարբեր պետություններից։

– Եթե նման պահանջ հնչի, ձեր նշած երկրները ինչո՞ւ պետք է ճանաչեն Արցախի Հանրապետությունը։

– Բացի պահանջից՝ պետք է նաև համաձայնություն տա, որ միջազգային ուժեր տեղակայվեն այնտեղ, այդ դեպքում կճանաչեն։ Ճանաչեն, որպեսզի ռուսական զորքերն մնան այնտե՞ղ, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև այսօր միջազգային ճգնաժամ է, Ռուսաստանն իզգոյ պետություն է, և նման քաղաքական ծրագիրն օժանդակություն չի ստանա: Եթե Արցախի ղեկավարությունը աշխարհից պահանջի ճանաչում, փոխարենը համաձայնի, որ միջազգային ուժեր տեղակայվեն Արցախում, միջազգային հանրության օժանդակությունը լինելու է։

– Այսինքն՝ վստա՞հ եք, որ այդ պարագայում օժանդակությունը հաստատ լինելու է, պարո՛ն Ղուկասյան։

– Այո՛, ես կարծում եմ, որ ռուսական քարոզչությունը, թե Հայաստանն ու Արցախը ոչ մեկին պետք չեն, թե ոչ ոք չի ուզում իր ռազմական ներկայությունն այստեղ ունենալ, թե դա Ռուսաստանին ու Թուրքիային պատկանող տարածք է, ամբողջովին սուտ է, որը քարոզչական մեքենան տարածում է՝ մարդկանց մոտ սխալ պատկերացումներ ստեղծելու համար։ Գլխավոր խնդիրն իրականում, որ ԱՄՆ-ն հետապնդում է այսօր, և՛ Ֆրանսիան, և՛ Եվրամիությունը, ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասից դուրս բերելն է, այդ ծրագիրը հաստատվել էր դեռևս 1999 թվականին, որին համաձայնել էր Ռուսաստանը։ 

– Եթե արցախահայությունն ու Արցախի իշխանությունը չեն ներկայացնում քաղաքական պահանջ, ինչպես ասում եք, այլ շարունակում են հումանիտար հարցի վրա շեշտը դնել, ի՞նչ զարգացումներ ենք ունենալու Արցախի մասով։

– Ռուսական կողմը, որը հենց հեղինակն է այս ճգնաժամի, հայտնվելու է ընտրության առջև․ առիթ ստեղծել, որ միջազգային հանրությունը միջամտելու հնարավորություն ձեռք բերի, որովհետև հումանիտար ճգնաժամն այդպիսի առիթ է, ու ինչ-որ մի առճակատում այդ առիթով տեղի կունենա։

– Հայաստանի միջամտության մասին չե՞ք խոսում։

– Հայաստանի միջամտությունը հնարավոր է Հայաստանում իշխանափոխությունից հետո, իրենք բոլոր ատյաններում ասում են, որ պատասխանատվություն չունեն Արցախի համար, որ դա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնել են Ռուսաստանին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am