«Հայաստանում մարդիկ պայքարում են ուրիշների կոռուպցիայի դեմ, բայց չեն բացառում սեփական կոռուպցիոն ռիսկերը». Անուշ Սեդրակյան

«Հայաստանում մարդիկ պայքարում են ուրիշների կոռուպցիայի դեմ, բայց չեն բացառում սեփական կոռուպցիոն ռիսկերը». Անուշ Սեդրակյան
«Հայաստանում մարդիկ պայքարում են ուրիշների կոռուպցիայի դեմ, բայց չեն բացառում սեփական կոռուպցիոն ռիսկերը». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

– Տիկի՛ն Սեդրակյան, այսօր օրերին հետևում եք Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։ Եթե զուգահեռներ անցկացնենք մեր և Ուկրաինայի իրականությունների միջև, ինչո՞ւ Հայաստանում հասարակությունը ոչ մի կերպ չի համախմբվում, ինքնակազմակերպվում, թեև խնդիրները շատ ավելի օրհասական են։

– Այո՛, այդ խնդիրները Հայաստանում շատ ավելի խորացված են, բայց եկեք ընդունենք, որ Ուկրաինայի բնակչության քաղաքական կամքը եղել է Եվրոպային միանալու քաղաքական կամք։ Եվ ուկրաինական էլիտային, ինչպես և այդ էլիտայի հարակից մասերին շարունակում են եվրոպական և ամերիկյան ամենաբարձր ատյաններում հասկացնել, որ կոռուպցիան Ուկրաինայի հիմնական խոչընդոտն էր եվրոպական լիարժեք ինտեգրման համար։ Դրա համար հիմա Սաակաշվիլին իրականացնում է արևմտյան օրակարգը։ Ուկրաինան պետք է լինի Եվրոպայի մաս, բայց առանց կոռուպցիայի։ Կոռուպցիոն բաղադրիչը Ուկրաինայում պետք է բացառվի։

Ինչ վերաբերում է Հայաստանի բնակչությանը, ապա, ցավոք, Հայաստանում դեռևս մարդիկ պայքարում են ուրիշների կոռուպցիայի դեմ, բայց չեն բացառում սեփական կոռուպցիոն ռիսկերը։ Դա Հայաստանի ամենամեծ պրոբլեմն է, որովհետև բոլորը միշտ տեսնում են ուրիշների կոռուպցիան, բայց քանի որ Հայաստանի ամբողջ իշխանական բուրգն է թաթախված դրա մեջ, դեռ ավելին, հարակից բոլոր բուրգերը՝ մեդիա, կրթության և այլն, էլի թաթախված են կոռուպցիայի մեջ, ապա Հայաստանում խոսել հասարակության հակակոռուպցիոն միասնական կամքի մասին, դեռևս շատ ժամանակավրեպ է։ Նորից կրկնեմ` Հայաստանում հակակոռուպցիոն իրական միջոցառումներ կարող է իրականացնել միայն նոր քաղաքական էլիտան, որովհետև հինը կոռուպցիոն մաս է կազմում, իսկ Հայաստանի հասարակությունը շատ ադապտացվող է և շատ ենթարկվող։ Եվ եթե վերևում դրվեն իրական հակակոռուպցիոն կեցույթի խաղի կանոնները, ապա հաստատապես այդ մտայնությունը կշահի։ Հայաստանի հանրության համար, կրկնեմ, կոռուպցիան անհնար և ցանկալի է։ Ցանկալի չէ, երբ ուրիշն է անում, և ցանկալի է, երբ դու ես անում։

– Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ի՞նչ հնարավորություններ է տալիս այս խնդիրները հաղթահարելու համար։ Հաշվի առնելով, որ տնտեսական բաղադրիչը բացակայում է, ի՞նչ կարելի է ակնկալել։

– Համաձայնագիրը տալիս է մարդկանց Եվրոպայի մաս լինելու հնարավորություն։ Տեսնում եք, որ Ուկրաինայի համաձայնագիրը պաշտպանված է բոլոր պարամետրերով, բայց հասարակությունն իր մեջ կրում է այդ ախտը։ Իրականում և՛ իշխանություններին, և՛ մասամբ հանրությանը տրվում է եվրոպական ճանապարհը բռնելու հնարավորություն, որովհետև ստորագրելը Եվրոպայի ընտանիքի մաս դառնալու մտադրությունների պրոտոկոլ է, բայց կապահովե՞ն արդյոք Հայաստանի իշխանությունը և հայ հասարակությունը եվրոպական ստանդարտը` խիստ վիճահարույց է, որովհետև այդ ուղղությամբ այսպիսի քայլեր են արվում։ Տեսեք՝ վերջերս ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատվել է գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը հետևյալ ձևակերպմամբ՝ իր աշխատանքում թերանալու, աշխատանքային պարտականությունները ճշգրիտ չկատարելու համար։ Եթե ճշգրիտ չկատարման մեջ կոռուպցիոն բաղադրիչ կա, ապա այդ բաղադրիչը պետք է հանրայնացվի, և մարդուն ոչ թե պետք է աշխատանքից ազատեն, այլ դատական պատասխանատվության ենթարկեն։ Նույնը վերաբերում է Հայաստանի բոլոր օղակներին։ Մինչև կոռուպցիայի համար չի սահմանվում դատական պատիժ, կոռուպցիան մնալու է հավերժական, քանի որ աշխատանքից ազատումը, այսպես ասած` կերակրատաշտից հեռացումը, չի կարող համարվել կոռուպցիայի դեմ պայքարի միջոց։ Ոչ միայն հինը պետք է հեռացվի կոռուպցիայի համար, այլ նաև նորը պետք է վախենա կաշառք վերցնելուց։

– Դրա իրականացման համար պետք է լինի քաղաքական կամք։ Կարծում եք՝ այս համաձայնագիրը ստորագրվեց լուրջ բարեփոխումների ակնկալիքո՞վ, թե՞ պարզապես 2018-ին ընդառաջ արված քայլեր են։

– Այս ամենն արվում է, որովհետև Հայաստանը հասկացել է, որ Ռուսաստանը՝ իբրև կայսրություն, արդեն փլվել է, ավարտվել։ Եվ դրա վերջին վկայությունն է օլիմպիական խաղերին ռուս մարզիկներին մասնակցել թույլ չտալը, որովհետև բոլորն ասում էին` Պուտինը շատ զորավոր նախագահ է, նա ամեն ինչ գիտի և ամեն ինչ կարող է անել։ Ի դեպ, բոլոր ոչ էֆեկտիվ նախագահների մասին իր թիմը և իր չմոտիվացված ֆանատներն ասում են նույն բանը, որ դրանք շատ զորավոր նախագահներ են և ունեն հետին պլան։ Կառավարումը մի բան է, որ հետին պլանով չէ, այլ անմիջական արդյունքով։ Դառնում է հայի իրական վերջին խելքը։ Այս համատեքստում կարող ենք ասել, որ Եվրոպայի մաս դառնալը իշխանությունների համար ուներ շատ մերկանտիլ նպատակ՝ Եվրոպայից ստանալ գոյության համար անհրաժեշտ ինչ-որ ֆինանսավորում։ Իհարկե, իշխանությունները շարունակելու են ժողովրդավարության իմիտացիան ավելի կատարյալ ձևով, բայց ինքը` հանրությունը, պետք է համապատասխանաբար կրթվի և հասկանա, որ իմիտացիոն գործընթացն իրեն ավելի է վնասում, քան մաքուր բռնակալական գործընթացը, որովհետև բռնակալական գործընթացի դեմ մարդը պայքարում է, իսկ իմիտացիոն գործընթացի դեմ՝ ոչ։

– Ըստ էության, հասարակական պահանջ չկար, հասարակությունը դեռ պետք է կրթվի՞։

– Հասարակական պահանջ ներկա պահին չկա, և մենք դա պետք է դա հասկանանք։ Եվ եթե հակակոռուպցիոն հանրային պահանջ լիներ, ապա Հայաստանում կձևավորվեին հակակոռուպցիոն հանրային շարժումներ և հակակոռուպցիոն թիրախներ, իսկ Հայաստանում դա չկա։ Բոլորը գողանում են, և դիփունքը լափում են ու լափում, և դա քաղաքական սլոգան չի և ոչ էլ քաղաքական ծրագիր։

Հայաստանի դիսկուրսը տատանվում է անարդյունավետության երկու խորհրդանիշների` ցինիզմի և պաթոսի միջև, և երկուսն էլ հավասարապես մահացու են։

Մանե Հարությունյան

MediaLab.am