«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը
– Պարո՛ն Եղիազարյան, վերջին օրերին իշխանության հռետորաբանության սրությունը ինչո՞վ եք բացատրում, իշխանությունն ասում է, թե դա նորմալ է, իրենք ընդդիմությանը համապատասխան ձևով են արձագանքում:
– Այս վախը պայմանավորված է երկու հանգամանքով. առաջինը՝ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին տրվել են կոնկրետ ժամկետներ, ու կոնկրետ Սահմանադրության հետ կապված հանձնարարությունները, որ դրսից տրվել են, հրահանգել են, որ առաջիկայում այդ հարցերը կարգավորի: Երկրորդը՝ ընդդիմության համախմբումն է, որն իմ գնահատմամբ այս անգամ ստացվում է:
Իշխանությունը զգում է, որ ինչ-որ բան փոխվում է, ու սա նախկին ձախողված փորձերը չեն: Սրանով է պայմանավորված, որ իշխանությունը կորցնում է ինքնատիրապետումն ու սկսում նման կերպ արձագանքել, իրենց այդ պատճառաբանությունն էլ արդարացված չէ, որովհետև քաղաքականության մեջ ատելության խոսքի հեղինակներն իրենք են եղել: Մենք հիշում ենք, թե հեղափոխության օրերին իրենք ինչպիսի վարք էին դրսևորում՝ դագաղներով, սև ժապավեններով: Եղած իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն իրենք են միայն:
Վերջին օրերի ոչ ադեկվատ ելույթները, բանանային ռոլիկները մարդկանց շեղելու նպատակով են արվում, որպեսզի բուն խնդիրներն ուշադրության չարժանանան: Տեսանելի է նաև այն, որ իշխանության սատելիտները փորձում են տեղավորվել ընդդիմադիրների շարքում, ինչը, կարծում եմ, հրահանգավորված է ու փաստում է իմ ասածը, որ իշխանությունը վտանգ է զգում:
– Նիկոլ Փաշինյանը առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը, երեկվանից փորձում են համոզել, ընդդիմությունը մերժում է: Իշխանությանն ի վերջո կհաջողվի՞ համոզել ընդդիմադիրներին:
– Հուսով եմ, որ չի հաջողվի, իշխանությունը վստահաբար փորձելու է ճնշումներով, շանտաժով ինչ-որ բան հասնել, բայց ընդդիմությունը պետք է մինչև վերջ փորձի պինդ կանգնել տեղում: Եթե բանը հասնի նրան, որ հասկանան՝ մեկ-երկու հոգի ճնշումներին տեղի են տալիս, ապա պետք է ընդդիմությունը հրաժարվի մանդատներից ու բացառի հանրաքվեի գնալու հնարավորությունը: Այսինքն՝ ես ուզում եմ, որ ընդդիմությունն ամեն գնով թույլ չտա, որ բանը հասնի հանրաքվեին:
– Ինչո՞ւ, պարո՛ն Եղիազարյան:
– Որովհետև մենք այս տարվա հունիսին ականատես եղանք, թե ինչպես այս իշխանությունը ընտրություններից հետո գողացավ ԲՀԿ-ին տրված քվեները: Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ հանրաքվեի գործընթացն առանց կեղծիքների են անցկացնելու: Հենց այս պատճառով էլ ամեն բան պետք է անել, որ հանրաքվեի չհասնենք, որովհետև ԿԸՀ-ն ու ոչ միայն, բոլոր կառույցներն այսօր Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են, իսկ այս պայմաններում արդար հանրաքվեի հույս չպետք է ունենալ:
– Դատելով իշխանության հռետորաբանությունից՝ եթե ընդդիմությունն էլ չընդունի Փաշինյանի առաջարկը, ապա ի՞նչ զարգացումներ կարող են լինել, Սահմանադրության փոփոխության հարցն ինչպե՞ս կլուծվի:
– Մինչև իշխանություն լինելը, ես Փաշինյանի հետ շփվել եմ ու որոշ առումով ճանաչում եմ ու ականատես եմ եղել նրա այն խոստովանությանը, երբ ինքն ասել է, որ ինքը ռացիոնալ մարդ չէ, իր որոշումները իռացիոնալ են: Իսկ իռացիոնալ մարդուց սպասել ռացիոնալ, ադեկվատ որոշումներ միամտություն է: Ինքը պատրաստ է ամեն ինչի, ու ակնհայտ է, որ իր ժամկետները շատ սեղմ են, իր համար սա կյանքի ու մահվան հարց է, ինքն էլ լավ գիտակցում է սա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















