«Երբ գիտեմ, որ մարդիկ վատ են ապրում, չեմ կարողանում գումար վերցնել». վարպետ Արայիկը՝ փողային գործիքներ վերանորոգող մասնագետը

Երևանի պետական կոնսերվատորիային կից Օպերային ստուդիայի նկուղային հարկում ամեն օր մինչև ուշ գիշեր աշխատում է վարպետ Արայիկ Թանգյանը՝ փողային գործիքներ վերանորոգող մասնագետը։ 

52-ամյա Արայիկ Թանգյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալարափողահար է, գալարափողի ուսուցիչ և փողային գործիքներ վերանորոգող մասնագետ։ Ասում է՝ իր հանգստի գոտին է այդ նկուղային փոքրիկ սենյակը, որտեղ սիրում է լինել նույնիսկ այն ժամանակ, երբ ոչինչ չկա վերանորոգելու։ Իսկ իր աշխատանքի ամենադժվար պահն էլ գումար վերցնելն է, չի կարողանում։ 

«Երբ գիտեմ, որ մարդիկ վատ են ապրում, ֆինանսական խնդիրներ ունեն, չեմ կարողանում գումար վերցնել։ Դեպքեր են լինում, երբ, օրինակ՝ մայրը զանգում է, ասում՝ երեխաս գործիքը գցել է կամ վնասել է։ Դու գիտես, որ իրենք վճարունակ չեն, գումար չես կարողանում վերցնել։ Շատ դեպքեր են եղել, երբ ուղղակի վերանորոգել եմ գործիքն ու տվել։ Գին ասելն ամենաբարդ բաներից է, մանավանդ երբ տեսնում ես, որ, օրինակ՝ փոքր երեխա է, գործիքը գցել է ու մոր ձեռքը բռնած եկել է քեզ մոտ»։ 

Արայիկի փոքրիկ նկուղային սենյակը, որտեղ վերանորոգում է գործիքները, կարելի է գտնել ոչ թե երաժշտական գործիքների, այլ այդ վերանորոգվող գործիքների ձայներից։ Դա այն սենյակն է, որտեղ աստիճանաբար լռում են երաժշտական գործիքների ձայներն ու միանում են երաժշտական գործիքներ վերանորոգող վարպետի գործիքների ձայները։

Իսկ փողային գործիքներ վերանորոգել Արայիկ Թանգյանը սկսել է հենց իր գալարափողից, որը վնասվել էր և անհրաժեշտ էր վերանորոգել։ 

«Փորձեցի իմ գործիքը վերանորոգել, ստացվեց։ Հետո սկսեցի բացի իմ գործիքից արդեն մյուսների գործիքները ևս վերանորոգել։ Մեկի գործիքը վերանորոգում էի, մյուսին էր ասում, մյուսն ասում էր ինչ-որ երրորդ անձի, և այդպես շարունակ։ Սկզբում աշխատում էի տանը, հետո արդեն եկա այստեղ՝ որպես փողային գործիքներ վերանորոգող մասնագետ»։ 

Արայիկի հանդիպումը գալարափողի հետ եղել է, երբ դեռ 9 տարեկան էր։ Հենց այդ ժամանակ էլ որոշվեց՝ պիտի գալարափող նվագեր։ 

«9 տարեկան էի, երբ եղբայրս ինձ իր հետ տարավ Պիոներ պալատ, որտեղ այն ժամանակ սովորում էր։ Հիշում եմ՝ ինձ համար այդ օրը բավականին տպավորիչ էր տեսնել փողային նվագախումբ, որը բաղկացած էր մոտ 50 հոգուց։ Հետո մի քանի մասնագետներ նայեցին ինձ, ասացին՝ կտանք թող գալարափող նվագի, ու էդպես սկսեցի գալարափող նվագել»,- հիշում է Արայիկն ու հավելում՝ ավելի ուշ ընդունվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, ապա՝ կոնսերվատորիա, որտեղ, սակայն, ուսումը կիսատ է թողնում՝ ծառայության մեկնելու նպատակով։

Արդեն ծառայության մեկնելու ժամանակ առաջարկ է ստանում մեկնել Մոսկվայի ռազմական ակադեմիա՝ այնտեղ ծառայելու՝ որպես գալարափողահար, իսկ ծառայությունն ավարտելուց հետո, երբ առաջարկ ստացավ ընդմիշտ հաստատվել Մոսկվայում՝ աշխատանք և բնակարան ստանալու պայմանով, հրաժարվեց և վերադարձավ հայրենիք։ Ասում է՝ ինչպես հիմա, այնպես էլ առաջ, առաջնորդվում էր նույն արժեքներով, չնայած երբեմն ափսոսում է բաց թողնված հնարավորությունը։ 

«Երբեմն մտածում եմ, որ կարող էի Մոսկվայում տուն ունենալ, լավ ապագա և այլն, սակայն հիմա էլ չեմ կարող թողնել Հայաստանը, ընտանիքս և մեկնել այնտեղ»։ 

Հայաստան տեղափոխվելով՝ Արայիկն ուսումը շարունակում է կոնսերվատորիայում, ապա՝ աշխատանքի անցնում Օպերային ստուդիայի նվագախմբում, այնտեղից էլ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, որտեղ մինչ օրս աշխատում է։ 

«Երբ գալիս եմ այստեղ, աշխարհից մեկուսանում եմ, մեկ էլ հանկարծ տեսնում եմ, որ շատ ուշ է, արդեն պիտի տուն գնամ։ Շատ ժամանակ հենց էստեղ էլ հանգստանում եմ։ Ասում եմ՝ ինձ չզանգեք, ես գնացի»,- նշում է Արայիկն ու հավելում՝ ինքն իր նկատմամբ շատ պահանջկոտ է, ինքն իր առաջին քննադատն է, եթե մի բան իր սրտով է, ուրեմն դիմացինի սրտով ևս կլինի։ 

Չնայած Արայիկի աշխատանքին՝ երբեմն մարդիկ չեն պատկերացնում այդ գործի բարդությունները, ու ինքը ստիպված է լինում բացատրել, թե ինչ է անում։ 

«Սա ոսկերչի աշխատանք է, բայց բոլորը չէ, որ դա պատկերացնում են։ Երբեմն, օրինակ՝ երեխաների գործիքները վնասվում են, և նրանց ծնողները գալիս են այստեղ։ Երբ ասում եմ՝ գիտե՞ք՝ գործիքը մի քանի ժամից կամ հաջորդ օրը պատրաստ կլինի, ասում են՝ բայց դրա ի՞նչն է բարդ, մի հատ կպցնում եք ու վերջ։ Իրենք չեն պատկերացնում աշխատանքի բարդությունը։ Նույնիսկ դեպք է եղել, երբ ծնողին հրավիրել եմ այստեղ՝ նայելու՝ բա՞րդ է աշխատանքը, թե՞ չէ»։ 

Արայիկը նաև գալարափողի ուսուցիչ է Ալեքսանդր Սպենդարյանի անվան երաժշտական դպրոցում։ Ասում է՝ երեխաների հետ աշխատել շատ է սիրում, երեխաները փխրուն էակներ են, ինչքան էլ նրանք չարաճճի են և երբեմն էլ՝ սուտասան։ 

«Երեխաների հետ աշխատելիս երբեք չպետք է անզգույշ լինել թե՛ վերաբերմունքով, թե՛ խոսքով, որովհետև նրանք շատ զգայուն են, և դու կարող ես նեղացնել նրանց։ Ամեն տարիքի, ամեն տեսակի երեխայի հետ էլ յուրահատուկ մոտեցում է պետք ցուցաբերել։ Դասերի ընթացքում ես, օրինակ՝ հումորով եմ, բայց երբ սկսում են ալարկոտ դառնալ, ես դառնում եմ ավելի խստապահանջ»։ 

Արայիկի խոսքով՝ երաժշտի համար Հայաստանում ապրելը դժվար է, որովհետև երաժիշտը գնահատված չէ։ 

«Մեր չգնահատված լինելը երևում է նույնիսկ փաստաթղթային ձևակերպումներից։ Օրինակ՝ ես փաստաթղթերով գրանցված եմ ոչ թե երաժշտության ուսուցիչ, այլ արտադպրոցական դաստիարակ, բայց ես չեմ դաստիարակում, ես կրթում եմ, մշակույթ եմ սովորեցնում։ Դա սխալ վերաբերմունք է իմ և մյուս մանկավարժների նկատմամբ»։

Ասում է՝ որպես երաժիշտ չգնահատված լինելն էլ առաջին հերթին երևում է հենց վարձատրությամբ։ Ինքը արդեն թոշակավորվել է՝ որպես երաժիշտ։ Ունենալով 25 տարվա ստաժ՝ որպես երաժիշտ, թոշակ է ստանում, որը, սակայն, նույնիսկ 30․000 դրամ չի կազմում։ 

«Ես էլի սիրում եմ իմ աշխատանքը, բայց ամեն դեպքում ֆինանսական կողմի մասին անդադար մտածելը հոգնեցնում է։ Հենց այս պահին ես ու կինս ունենք Գերմանիա գնալու, այնտեղ աշխատելու և մշտապես հաստատվելու առաջարկ, բայց չենք կարողանում թողնել այստեղ ամեն ինչ և գնալ, բայց կան մարդիկ, որ գնում են, և նրանց մեղադրել հնարավոր էլ չէ»,- ասում է Արայիկը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am