Հայաստանը հետամնաց, լեռնային երկիր է, որտեղ մարդիկ դեռ էշերով են տեղաշարժվում ու բարձրանում սարերը, որ կապ որսան․ այսպիսիք էին Յուրի Բաժուկովի պատկերացումները Հայաստանի մասին, պատճառը կնոջ հայ ընկերներն էին, որոնք տարիներ առաջ իրենց տատիկներին այցելության էին գալիս Հայաստանի գյուղեր ու պատմում այդ գյուղերի մասին։
Յուրին ու կինը՝ Վարյան, ծնվել ու մեծացել են Եկատերինբուրգում։ Ասում են՝ որքան էլ սիրում են իրենց հայրենիքը, բայց լավ հիշողություններ չունեն։ Թեպետ Ռուսաստանից հեռանալու հիմնական դրդապատճառը պատերազմն էր, այնուամենայնիվ, նրանց ընտանիքի պարագայում նաև այլ շարժառիթ կար։
«Մենք չէինք փախչում սոսկ տղամարդկանց զորահավաքից, այլ լրջորեն անհանգստացած էինք երեխաների ապագայով։ Եկատերինբուրգում կյանքը տարեցտարի ավելի անապահով էր դառնում, հատկապես քրեածին իրավիճակի պատճառով»,- ասում է Յուրին։
Նա նշում է, որ Ռուսաստանում ձմռանը շուտ է մթնում, և երեկոյան ժամերին թաղամասերն այնքան անհանգիստ ու վտանգավոր էին, որ հնարավոր չէր երեխային մենակ թողնել՝ խմբակներից տուն վերադառնալու, իսկ փողոցներում հարբեցողների, տնազուրկների ու թմրամոլների առկայությունը մշտական վախի մթնոլորտ էր ստեղծում։
«Բացի այդ, պատերազմին զուգընթաց պետական քարոզչությունը պարտադիր դարձավ դպրոցում, և մեր չորրորդ դասարանցի որդին սկսեց տուն բերել դրա առաջին «պտուղները»: Իրավիճակը վերջնականապես լարվեց, երբ մեր հորդորով որդիս աշխարհագրության քարտեզի վրա գրեց, որ Ղրիմը բռնազավթված տարածք է։ Այդ քայլով մենք դպրոցի ղեկավարության համար դարձանք անցանկալի ու անհարմար ծնողներ»,- պատմում է Յուրին:
Յուրին պատմում է, որ ընտանիքը, որտեղ արդեն երեք երեխա էր մեծանում, մի քանի դժվար իրավիճակ հաղթահարելուց հետո վերջնականապես որոշեց լքել երկիրը։ Մտածում էին Սերբիա տեղափոխվել, բայց Վարյայի ընկերուհին, որի ամուսինը Հայաստանում էր, խորհուրդ տվեց նաև Հայաստանը դիտարկել։
Բաժուկովները սկսեցին ակտիվորեն YouTube-ով տեսանյութեր դիտել, և ամենաշատը դուր եկավ այն, որ փողոցային հարցումներում թե՛ երիտասարդները, թե՛ տարեց հայերը շատ ջերմ ու դրական էին արտահայտվում ռուսների ներգաղթի մասին. երիտասարդներին հետաքրքիր էր շփումը, իսկ ավելի տարիքով մարդիկ խոսում էին տնտեսական օգուտների մասին։ Ասում են՝ տեղափոխվելիս չունեին գերսպասելիքներ, բայց չունեին նաև վատ տրամադրվածություն։
«Եթե ֆինանսները թույլ տային, մենք ավելի շուտ կհեռանայինք, բայց սահմանափակ միջոցներով տեղափոխվելը միշտ էլ ռիսկային ու վախենալու էր, քանի որ միլիոնատեր կամ այսօր նորաձև ՏՏ ոլորտի աշխատող չէինք։ Հայաստան տեղափոխվեցինք 2022-ին, երբ մեր փոքրը 3 տարեկան էր։ Ունեինք պլան Բ. եթե 2-3 ամսում խնայած փողերը վերջանային, և երկիրը մեզ հոգեհարազատ չթվար, կմեկնեինք Սերբիա, որտեղ արդեն բնակվում էին մեր բարեկամներն ու ընկերները։ Սակայն Հայաստան ժամանելուց երեք ամիս անց զգացինք, որ տանն ենք, և այդ հրաշալի զգացողությունը պահպանվում է մինչ օրս»,- ասում են ամուսինները։
Երեխաների կրթությունն ու ինտեգրումն ընտանիքի համար առաջնահերթություն էին, սակայն կրթական հաստատությունների ընտրությունը լեզվական խնդիրներ ստեղծեց. թե՛ հանրակրթական, թե՛ մասնավոր ռուսական դպրոցներում հայերենի ուսուցման փորձերը ձախողվեցին, և երեխաները շարունակում էին ռուսախոս մնալ։ Լեզվական միջավայրին ինտեգրվելու առաջին հաջող փորձը դստեր հայկական մանկապարտեզ հաճախելն էր, որտեղ, չնայած դաստիարակների հետ լեզվական պատնեշին, երեխան փորձում էր հարմարվել հայալեզու միջավայրին։
«Դաստիարակները ռուսերեն չգիտեին, միայն «այո» ու «ոչ» էին ասում։ 3 տարեկան երեխայի համար դա սկզբում շոկ էր. նա երկու շաբաթ մեծացած աչքերով նայում էր և չէր հասկանում, թե ինչ լեզվով են խոսում իր շուրջը։ Մեկ ամիս անց նա սկսեց հասկանալ հրահանգները և պատասխանել ռուսերեն, երկու ամսից սկսեց խոսել պարզ հայերեն բառերով, իսկ չորս ամիս անց արդեն հավասարը հավասարի պես խոսում էր հասակակիցների հետ։ Սա բացառիկ երևույթ է, քանի որ ճանաչում ենք ուրիշ ռուս ընտանիքների, որոնց երեխաները նույն տարիքում այդպես էլ հայերեն չսովորեցին։ Հավանաբար մեր աղջկան օգնել է իր բնական լսողությունը, նա սիրում էր անգլերեն ու ճապոնական երգեր լսել և ճշգրիտ կրկնօրինակել հնչյունները։ Քանի որ տանը հայերեն խոսք չկար, նա սովորեց դաստիարակի մաքուր, գրական լեզուն և այսօր բոլորիցս լավ է խոսում»,- հպարտանում են ծնողները։
Մյուս երկու երեխաներն էլ ստիպված եղան լեզուն սովորել դպրոցում, ուսուցիչների հետ մասնավոր պարապմունքների արդյունքում։ Այսօր անկաշկանդ շփվում են, բայց տանը հայերեն չեն խոսում։ Իրենք դեռ լեզվին չեն տիրապետում, միայն մի քանի բառեր, կարճ նախադասություններ, բայց կարողանում են հեշտությամբ խանութներում առևտուր անել, գույներն ու չափսերը հարցնել և կենտրոնում տուրիստական գիդերին հայերենով մերժել՝ «Մերսի, չենք ուզում, ես չեմ զբոսաշրջիկ»։
«Քանի որ Հայաստանում մեծ մասը հասկանում և խոսում է ռուսերեն, դրա համար էլ մենք լեզուն դեռ չենք սովորել, թեպետ ես հայերեն խոսքը ինչ-որ չափով արդեն հասկանում եմ, բայց, օրինակ՝ ծնողական ժողովներին դժվար է արագ խոսակցական հայերենը հասկանալ»,- ասում է Վարյան ու հավելում, որ պատրաստվում են հաջորդ ուսումնական տարվանից հաճախել խորացված դասընթացների և լեզուն սովորել, քանի որ որոշել են չլքել Հայաստանը։
Յուրին շուրջ 15 տարի զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ, կինը՝ քոնթենտ-մենեջմենթով: Ռուսաստանում նրանց հիմնական բիզնեսը սպորտային-պարահանդեսային պարերի ամենշաբաթյա, գերծանրաբեռնված մրցումների նկարահանումն էր: Հայաստանում, սակայն, ոլորտի փոքր մասշտաբների պատճառով սկսեց կորպորատիվ միջոցառումներում ու փառատոներում նկարել, որտեղ բախվեցին շուկայի ընդգծված սեզոնայնությանը: Տարեկան շուրջ երեք ամիս պատվերների իսպառ բացակայությունը զույգին ստիպում է ապրել ֆինանսական մշտական տատանումների ու խնայողությունների ռեժիմով, իսկ բնակվարձը Հայաստանում ցածր չէ։ Այնուամենայնիվ հարմարվել են, ապրում են ու փորձում առաջ գնալ։
«Մի անգամ մեզ համացանցում գրել էին, որ իրենց ձեռքից աշխատանք ենք խլում։ Սա 4 տարվա մեջ երևի միակ դեպքն էր, որ մեզ վատ են վերաբերվել, իսկ ընդհանուր առմամբ հայերը շատ բարյացակամ են։ Ուրալյան սառը հայացքներից հետո Երևանում մարդկանց անշահախնդիր օգնությունն ու ջերմությունը սկզբում կասկածամտություն էին առաջացնում։ Հիշում եմ, երբ մենք նոր էինք եկել, բոլորը պատրաստ էին օգնելու, ուղեկցելու, ժամանակ հատկացնել ինչ-որ բան ցույց տալու համար, և մենք մի տեսակ վախենում էինք, մտածում էինք՝ որտեղ են ուզում մեզ խաբած լինել կամ հեսա վերջում մեծ գումարներ են պահանջելու, բայց, ոչ, ուղղակի ուզում էին օգնած լինել, ինչը ամենաառաջին ու մեծ պատճառն էր, որ Հայաստանում ու հայերի կողքին մեզ հարազատ զգանք»,- պատմում է Վարյան։
Ասում են՝ կարճ ժամանակում հասկացան, որ Հայաստանը զարգացած է, և իրենց պատկերացումները սխալ էին։ Իրենց լիովին գոհացնում են տեղի կլիման, մարդկանց բարյացակամ վերաբերմունքն ու համեղ սնունդը։ Նույնիսկ վերջերս Վարյան գործերով հայրենիք էր վերադարձել ու սկսել հայկական խոհանոց փնտրել, որ հայկական ուտեստներ ճաշակի: Ասում է՝ ուտելիքը համեղ էր, միայն մածունը հայկական մածունի նման համեղ չէր։
«Հայկական խոհանոցը շատ համեղ է, և զարմանում եմ, որ երբեմն տեսնում եմ, որ հայկական խոհանոցից դժգոհում են։ Հայաստանը զարմացնում է կաթնամթերքի հարուստ տեսականիով, թանով ու թթվասերով պատրաստվող յուրահատուկ ակրոշկայով, ինչպես նաև հասարակ ու համեղ ավանդական ուտեստներով, ինչպիսիք են խաշլաման, հարիսան ու իշլի քուֆթան։ Ամենամեծ առավելություններից մեկն էլ սննդակարգում մրգերի, բանջարեղենի և կանաչեղենի ավելացումն է, քանի որ այստեղ դրանք անհամեմատ թարմ են, քաղցր ու մատչելի, իսկ ռուսական որոշ մթերքներ, ինչպիսին է գարին, հեշտությամբ ու հաճույքով փոխարինել ենք տեղական հաճարով ու բլղուրով։ Տանը շատ հայկական ուտեստներ դեռ չենք կարողանում պատրաստել, սպաս եմ փորձել, որովհետև դուստրս մանկապարտեզում էր կերել ու շատ հավանել, բայց մի քիչ թանձր էր ստացվել»,- պատմում է Վարյան։
Միակ բարդությունը, Վարյայի խոսքով, ոչ աղի պանիր գտնելն էր, տեղի պանիրները շատ աղի էին, բայց այդ հարցն էլ են լուծել, հիմա չեդեր տեսակի պանիր են գնում, որ ռուսական շուկայի համեմատությամբ ավելի մատչելի է։ Ասում են՝ անփոխարինելի է հայկական լավաշը, երեխաների համար դարձել է «սուրբ մթերք», որի մեջ նրանք հաճույքով փաթաթում են գրեթե ամեն ինչ։
Հայկական ոչ միայն խոհանոցը, այլև տոներն ու սովորույթներն են զարմացրել ռուս ընտանիքին։ Յուրին հիշում է, երբ Հայաստան եկած առաջին տարին Վարդավառին պատվեր էր վերցրել ու աշխատանքի գնացել, մինչև տեղ կհասներ, մի քանի անգամ լավ ջրվել է։ Ասում է՝ միակ ափսոսանքս, որ այդ գեղեցիկ տոնը բաց թողեցի։
«Բուզանդի փողոցով անցնելիս ինձ երեք անգամ ամբողջությամբ ջրեցին, անգամ պատշգամբից ջուր թափեցին, ինչից հետո որոշեցի Վարդավառին այլևս երբեք աշխատանք չվերցնել, որպեսզի ինքս լիարժեք մասնակցեմ այդ «օրինականացված» ջրային պատերազմին։ Իմ կարծիքով Վարդավառն ավելի հզոր տոն է, քան Ամանորը, քանի որ չունի լեզվական պատնեշներ, միավորում է բոլորին՝ անկախ ազգությունից, և հիմնված է ընդհանուր ուրախության ու մանկական անմիջականության վրա»,- պատմում է Յուրին։
Վարյայի համար էլ հայկական լվացքի պարաններն էին անսովոր։ Սկզբում վախենում էր լվացքը դրսում փռելուց, բայց երբ մի անգամ փորձել է, հասկացել է, որ լավագույն լուծումն է։ Լվացքը փռում ես, արագ չորանում է ու հավաքում։
Ռուս ընտանիքի ապագայի մեծագույն երազանքն է՝ ունենալ սեփական բնակարան Երևանում և հարմարավետ տնակ Դիլիջանում, որպեսզի սեզոնից կախված տեղափոխվեն Դիլիջան, իսկ Հայաստանից գնալու մասին այլևս չեն մտածում, բացառությամբ զբոսաշրջության։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















