Օտարերկրյա քաղաքացիները Ռուսաստանում պարտավոր են փոխարինել կեցության վկայագիրը՝ 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությանը։
Ծառայությունից նշել են, որ օտարերկրյա քաղաքացու կեցության վկայագիրը դասվում է այն փաստաթղթերի շարքին, որոնք ենթակա են պարտադիր փոխարինման նշված տարիքային փուլերում։
Պարզաբանվում է, որ կեցության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել ՌԴ ՆԳՆ տարածքային մարմինների միգրացիայի հարցերով ստորաբաժանումներ կամ ՆԳՆ Անձնագրային-այցագրային ծառայության դաշնային պետական ունիտար ձեռնարկություն։ Մոսկվայում գտնվող անձինք կարող են դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոն։
Օտարերկրյա քաղաքացիները պետք է ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը և պետական տուրքի վճարման անդորրագիրը։ ՆԳՆ-ում ընդգծել են, որ դիմումը պետք է ներկայացնել համապատասխան տարիքին հասնելուց հետո մեկ ամսվա ընթացքում։



















