Դավիթ Սանասարյանը չարաշահում է վարչական ռեսուրսները և խախտում ԸՕ-ն

Դավիթ Սանասարյանը չարաշահում է վարչական ռեսուրսները և խախտում ԸՕ-ն
Դավիթ Սանասարյանը չարաշահում է վարչական ռեսուրսները և խախտում ԸՕ-ն

Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների օգտագործումը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցությունները, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները, հանրությանն են ներկայացնում իրենց նախընտրական գովազդային հոլովակները։

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաև Պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնակատար Դավիթ Սանասարյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր նախընտրական հոլովակը՝ թույլ տալով, սակայն, վարչական ռեսուրսի չարաշահում։

Հոլովակը, մասնավորապես, նկարահանված է Դավիթ Սանասարյանի աշխատասենյակում, ինչի մասին վկայում են նրա թիկունքում երևացող ՀՀ դրոշը, կահույքը, պատից կախված նկարի մի հատվածը: Այս մանրամասներն ավելի պարզ երևում են Սանասարյանի ֆեյսբուքյան էջում և համացանցում հրապարակված լուսանկարներում և ուղիղ եթերներում։

Նշենք, սակայն, որ Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը։ Այս ամենում բացառություն են  «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումները։ (ԸՕ հոդված 23․ մաս-3)

Իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, վերը նշված ռեսուրսների օգտագործումն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 200 000-ից 400 000 դրամ,  պաշտոնատար անձանց նկատմամբ` 400 000-ից 800 000 դրամի չափով (հոդված 40․ մաս-8):

Ըստ այդմ, Դավիթ Սանասարյանը, նկարահանելով իր նախընտրական հոլովակն աշխատանքային գրասենյակում, օգտագործել է ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածք, որի համար կա հստակ սահմանված պատասխանատվություն:

Կարինե Կիրակոսյան

Աղբյուրը՝ fip.am