Քույրերը՝ քույրերի համար. «Փորձելու ենք Խաչատուրյան քույրերի գործին հնարավորինս հնչեղություն հաղորդել Եվրոպայում»

Քույրերը՝ քույրերի համար. «Փորձելու ենք Խաչատուրյան քույրերի գործին հնարավորինս հնչեղություն հաղորդել Եվրոպայում»
Քույրերը՝ քույրերի համար. «Փորձելու ենք Խաչատուրյան քույրերի գործին հնարավորինս հնչեղություն հաղորդել Եվրոպայում»

Մասնագիտությամբ իրավաբան Հռիփսիմե և Գայանե Ասատրյան երկվորյակ քույրերը Եվրոպայում փորձում են հնչեղություն տալ Ռուսաստանում ընթացող դատական գործին, որում որպես մեղադրյալ են ներգրավված Խաչատուրյան քույրերը։ «Քույրերը՝ քույրերի համար» խորագրով ֆլեշմոբի միջոցով նրանք բարձրացնում են հարցը, որ Խաչատուրյան քույրերին առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի։

Հռիփսիմեն և Գայանեն ներկայումս բնակվում են Բեռլինում և Պրահայում, սովորել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Այնուհետև Գայանեն ուսումը շարունակել է Պրահայում, իսկ Հռիփսիմեն՝ Վարշավայում։ Նրանք մասնագիտությամբ իրավաբան ու միջազգայնագետ են։

«Փորձելու ենք այս գործին հնարավորինս հնչեղություն հաղորդել, փորձում ենք գտնել համապատասխան մարմիններ, որոնց կարելի է դիմել։ Մյուս կողմից էլ՝ փորձում ենք հասարակությանն իրազեկել այս գործի մանրամասներին, հավաքում ենք փաստեր և փորձում ճշտված, փաստերի ու փորձագետների գնահատականների վրա հիմնված տեղեկատվություն հրապարակել եվրոպական սոցիալական ցանցերում ու մամուլում»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Հռիփսիմե Ասատրյանը։

2018 թ. հուլիսի 27-ին Մոսկվայի Ալտուֆևսկի մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել էր 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ Ռուսաստանի քննչական կոմիտեի տվյալներով՝ նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան։

Քույրերին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի «Ժ» կետով (նախնական համաձայնությամբ սպանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից)։ Այս հոդվածը ենթադրում է 8-20 տարի ժամկետով ազատազրկում։ Ռուսաստանում և այլ քաղաքներում մարդիկ հանդես են գալիս ի պաշտպանություն քույրերի։ Թեև գործի նյութերում հաստատված է, որ հայրը պարբերաբար ծեծել, նվաստացրել ու անգամ սեռական բռնության է ենթարկել դուստրերին, ինչից ելնելով էլ նրանք գնացել են նման քայլի, սակայն քննչական մարմինը խիստ մեղադրանք է առաջադրել քույրերին։

Գործի մանրամասների և իրենց նախաձեռնած պաշտպանական ակցիաների շուրջ «Մեդիալաբը» զրուցել է Հռիփսիմե Ասատրյանի հետ։

– Հռիփսիմե՛, ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնությամբ հանդես գալ, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել գործի մասին։

– Դեպքի մասին նախորդ տարի լսել էի, բայց չէի խորացել հանգամանքների մեջ։ Վերջերս սոցիալական ցանցերում գտա հոդվածներ այն մասին, որ աղջիկներին փորձում են սխալ հոդվածով պատժել, ինչը ենթադրում է 18-20 տարի ազատազրկում։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածն է դա` նախնական համաձայնությամբ սպանություն, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից։ Դա տվյալ արարքի սխալ որակում է, և ես, հետաքրքրությունից մղված, նայեցի փաստերը։

Իմ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ քույրերի հայրն ունեցել է բավական բարդ բնավորություն, բայց հետաքննությունը բաց է թողնում այն հարցը, որ աղջիկների հոգեկան վիճակի և կատարած արարքի պատճառը գալիս է հենց հոր արարքներից։ Այդտեղ պատճառահետևանքային կապ կա, երկարաժամկետ հալածանքների, տանջանքների, ծեծի ու սեռական բռնության ենթարկվելու հետևանքով երեխաների մոտ առաջացել են բավական բարդ հոգեբանական խնդիրներ, ինչի ազդեցության տակ էլ իրենք արդեն կատարել են արարքը։

Դա շատ կարևոր է փաստ է, որը հաստատվել է մասնագետների կողմից կատարված փորձաքննություններով մինչդատական քննության ընթացքում։ Դատարանը պետք է հաշվի առնի մինչդատական փորձաքննության բոլոր արդյունքները, մասնագետների փորձաքննությունները և մնացած փաստական հանգամանքները, որպեսզի չխախտվի գործն ըստ էության քննելու դատավարական կարևորագույն սկզբունքը։ Մինչդեռ իրենք արհամարհում են: 

Քույրերի հայրը բուժում է անցել Ռուսաստանում՝ Զ. Պ. Սոլովյովի անվան հոգեբուժական կենտրոնում: Ես վերջերս փաստեր էի հավաքում նրա հոգեբանական վիճակի մասին։ Հենց հոգեբուժական կենտրոնից տրված եզրակացության մեջ հստակ նշվում է, որ նրա մոտ ոչ թե հոգեբանական, այլ հոգեկան խնդիրներ են եղել, այն էլ՝ շատ լուրջ:

Ես խոսել եմ աղջիկների փաստաբանի հետ, նա հաստատեց, որ կա նման ախտորոշում, և նաև այդ անձի մասին կա հստակ ախտորոշում, որ նա եղել է բարդ բնավորությամբ, կոնկրետ բժշկական ախտորոշմամբ հիվանդություն է ունեցել։ Դա ենթադրում է, որ նման մարդը չէր կարող խնամել երեք անչափահաս երեխաներին։

Նա աղջիկների մորը վտարել էր տնից մոտ երեք տարի առաջ, այդ ժամանակ երեք աղջիկներն էլ անչափահաս են եղել։ Նման մարդուն չէր կարելի վստահել երեխաների խնամքը, դա նույնպես օրենքի խախտում է։ Նախ՝ երեխաները չեն հաճախել դպրոց, այստեղ նաև կրթության իրավունքն է խախտվել։ Տարվա ընթացքում նրանք մի քանի անգամ են երևացել դպրոցում։ Դպրոցի անձնակազմը պարտավոր էր հարցադրումներ անել, գնալ նրանց տուն այցելության՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, իրավապահ մարմիններին տեղյակ պահել։

Մեկ անգամ ոստիկան է գնացել նրանց տուն, բայց ոստիկանի վրա ատրճանակ են պահել, ասել են՝ ոնց եկել ես, այդպես էլ գնա: Դրանից հետո ոստիկաններն այլևս չեն գնացել այնտեղ, ուղղակի աղջիկներին միայնակ են թողել այդ անձի հետ։ 

Սոցիալական ցանցերում հայ համայնքի կողմից տարբեր արձագանքներ կան։ Գիտեք՝ անթույլատրելի է պատի տակի բամբասանքների վրա հիմնվելով ասել՝ դե, մենք լսել ենք, որ իրենք վատն են եղել, շատ անբարոյական պահվածք են ունեցել, հայրը փորձել է դաստիարակել։ Այսինքն՝ մենք ապրում ենք այն դարաշրջանում, որտեղ դաստիարակչական նպատակներով երեխային թույլատրվում է բռնաբարե՞լ, ծեծել կամ խոշտանգե՞լ։

Եթե դատարանը հաշվի առնի այդ հանգամանքը, որ աղջիկները բռնության զոհ են դարձել, այդ դեպքում արարքի որակումը կփոխվի։ Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածը պետք է գործի, որն անհրաժեշտ պաշտպանության վերաբերյալ է, և որը հաստատ 8-20 տարի ազատազրկում չի նախատեսում։ Փաստաբանն ասաց, որ կատարվել է դատաբժշկական փորձաքննություն, հոգեբանների զրույցների միջոցով հաստատվել է, որ աղջիկները երեքն էլ ունեն հոգեբանական խնդիրներ։ Եվ անգամ փոքր աղջիկը՝ Մարիան, սպանության պահին անմեղսունակ է ճանաչվել։ Դա արդեն աղջկան ազատում է նման հոդվածից։ Փաստաբանը նաև ասում է՝ մեծ աղջիկը՝ Քրիստինան, անգամ չի էլ մասնակցել այդ գործողություններին։ Դա արդեն վկայում է այն մասին, որ այստեղ պայմանավորված հանցագործության մասին խոսք լինել չի կարող։ Ամեն ինչ եղել է իրավիճակի ազդեցության տակ։ 

– Կպատմե՞ք ձեր պայքարի մասին, ի՞նչ մեթոդներով եք փորձում Եվրոպայում հնչեղություն տալ հարցին ու նոր մարդիկ ներգրավել քույրերի պաշտպանության գործին։

– Ես կապ հաստատեցի այստեղ գործող ֆեմինիստական խմբերի, ակտիվիստների հետ, որոնք շատ ակտիվ միջոցառումներ ու ակցիաներ են կազմակերպում։ Մեկ անգամ հենց Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան առաջ ակցիա կազմակերպեցին, բայց դրան հաջորդած երկուշաբթի օրն արդեն ակցիաներ անցկացվեցին աշխարհի շատ քաղաքներում։

– Այսինքն՝ նպատակն է ցանց ստեղծել, որն աշխարհի տարբեր վայրերում կներկայացնի՞ խնդիրը։

– Այո՛, դա ցանցային պայքարի վերածվեց, պահանջն է, որ աղջիկների մեղադրանքը փոխվի, արարքի վերաորակում լինի։ Արդեն իսկ այդ աղջիկների կյանքի անվտանգության, կրթության իրավունքը խախտվել է, նրանք ենթարկվել են ընտանեկան ու սեռական բռնության։ Այսօր պետությունից պահանջում են, որ արդար դատական գործընթաց լինի, և գործն ըստ էության քննելու սկզբունքը չխախտվի։

Իմ կատարած փոքր հետազոտության արդյունքում ես ու քույրս անգլերեն փոքրիկ հոդված գրեցինք, որպեսզի միջազգային մեդիայում փորձենք տեղադրել։ Դա տեղեկատվական բնույթ է կրում, շատ փաստեր ճշտված են կոնկրետ աղջիկների փաստաբանից, որպեսզի ապատեղեկատվություն չտարածենք։

Մենք հիմա փորձում ենք հրապարակել այդ հոդվածը։ Ես ու քույրս նաև լուսանկար տեղադրեցինք սոցիալական ցանցում՝ «Քույրերը՝ քույրերի համար» խորագրով։ Նաև պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ քույրերը միմյանց էլ են պաշտպանել, վտանգված է եղել ոչ թե նրանցից մեկը, այլ՝ բոլորը։ Դա դեռ շաժում չի դարձել, մեծ տարածում չունի, բայց մեր նպատակը այն է, որ հարցին մեծ հնչեղություն տանք, փորձենք օգնել։

Այս ընթացքում հետաքրքիր փաստեր արձանագրեցինք հատկապես հայերի շրջանում։ Երբ խնդրում ես՝ տարածել այդ տեղեկությունը և մարդկանց տեղյակ պահել այս պատմության մասին, հայերն ասում են՝ մեր գործը չէ, մեզ հետաքրքիր չէ։ 

– Հայաստանում էլ գործի մասին հրապարակումները սոցիալական ցանցերում մարդկանց կողմից հաճախ մեկնաբանվում են նաև այնպես, որ կատարվածի համար մեղադրում են քույրերին։ Ինչո՞ւ են հայ հասարկության մոտ նման կարծրատիպեր ձևավորված։

– Կնոջ դերի մասին տարբեր բաներ կարելի է ասել՝ թե՛ տանը, թե՛ հասարակությունում, կախված նրանից, թե ով ինչ վերաբերմունք է տեսել կնոջ նկատմամբ իր սեփական ընտանիքում։ Ես չեմ ուզում խոսել, թե մեր մոտ ինչ կարծրատիպեր կան, բոլորս էլ գիտենք, որ կան, բայց մենք նախամարդիկ չենք, որ 21-րդ դարում կնոջ նկատմամբ նման վերաբերմունքը ինչ-որ կարծրատիպերով արդարացնենք։

Այս և նմանատիպ իրավիճակներն ունեն հստակ օրենսդրական որակում և կարգավորում: Մենք ունենք նման տարածված արտահայտություն՝ «դե, երևի կինը թույլ է տվել, եթե իրեն նորմալ պահեր, բռնության չէր ենթարկվի»։ Սա մակերեսային վերաբերմունք է։ Նույն մոդելով էլ հիմա քննարկվում է Խաչատուրյան քույրերի դեպքը:

«…Չեն ենթարկվել կանոններին, իսկ այդ մարդը պետք է սանձեր նրանց»: Կան օրենքով սահմանված դատավարական կարևորագույն սկզբունքներ, որոնք դատարանը պարտավոր է հաշվի առնել և կիրառել: Եվ ընդհանրապես, դեպքի որակմամբ պետք է զբաղվեն մասնագետները, ոչ թե կարծրատիպերը։

Մեր հայրը մեզ փոքր տարիքից ոգեշնչել է լինել խիզախ և անընդհատ ինքնակրթվել, որովհետև կինը հասարակություն դաստիարակողն է։

– Իսկ Ռուսաստանում ինչո՞ւ են փորձում մեղադրանքն այդպես խստացված հոդվածով տանել առաջ։

– Ռուսաստանում անուղղակի ձևով լեգալացված է ընտանեկան բռնությունը: Քննությունը հաստատել է, որ աղջիկներն ունեն հոգեբանական խնդիր, բայց նրանք, ըստ փաստաբանի, չեն ուզում ընդունել, որ դա հենց ընտանեկան բռնության հետևանքով է եղել: Եթե դա ընդունվեց դատական համակարգի կողմից, դատական նախադեպ է ստեղծելու Ռուսաստանում:

Իսկ դա լրիվ հակառակ տրամաբանության մեջ է Ռուսաստանում վերջերս ընդունված «Ընտանեկան բռնության մասին» օրենքի դրույթների հետ, ըստ որի՝ անուղղակի ձևով լեգալացված է ընտանեկան բռնությունը։ Հենց սա է կարևոր իմ ու քրոջս համար, որ եթե այս գործը հաջողություն ունենա, կարող է ինչ-որ բան փոխել դատական համակարգում, ինչ-որ բան փոխել հենց ընտանեկան բռնության ենթարկված կանանց համար:

Այս գործը ոչ միայն կարող է նախադեպ ստեղծել Ռուսաստանի դատական համակարգում, այլ նաև կարող է ազդեցություն ունենալ տարածաշրջանային մտածելակերպի վրա։ Գիտակցելով Ռուսաստանի նման խոշորագույն երկրի գլոբալ ազդեցությունը, պետք է նպաստել և պահանջել բարձրագույն օրենսդրական ստանդարտներ և օրենսդրական պահվածք:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am