Բրազիլիայի արևադարձային կլիմայից ու ծովից շատ հեռու՝ Հայաստանում է հիմա ապրում Անդրեզան։ 31-ամյա բրազիլուհին իր ապագան հենց այստեղ է տեսնում՝ հայ ամուսնու կողքին։
«Շատ սիրուն երկիր է Հայաստանը, այստեղի մարդիկ հրաշալի են։ Երբ առաջին անգամ եկա Հայաստան, շատերը նայում էին ինձ, ողջունում, ոմանք էլ փորձում էին օգնել, օրինակ՝ խանութում։ Հիմա, երբ բլոգինգով եմ զբաղվում, բովանդակություն եմ ստեղծում սոցիալական ցանցերում, մարդիկ սկսել են ճանաչել ինձ, երբ դուրս եմ գալիս, մոտենում են, խոսում ինձ հետ, ժպտում կամ գրկում։ Ինձ շատ է դուր գալիս: Սա շատ սիրուն փուլ է։ Ես շատ ուրախ եմ, քանի որ այստեղ ապրելու ընդամենը երեք ամսվա ընթացքում զգում եմ, որ արդեն ապրել եմ այնքան արկածներով լի կյանք, որ նույնիսկ չեմ կարող նկարագրել»,- պատմում է Անդրեզան, որն ամուսնու ազգանունն է վերցրել՝ Քերոբյան։
Անդրեզան Ռիո դե Ժանեյրոյից է։ Ամուսնուն՝ Հայկին, հանդիպել է Սերբիայում։ 2021-ին Անդրեզան Ավստրիա էր մեկնել մասնակցելու Au Pair միջազգային փոխանակման ծրագրին, որն Անդրեզայի համար, ինչպես ինքն է ասում՝ ճանապարհորդելու, նոր լեզու սովորելու և անձնային աճի մեծ հնարավորություն էր:
Այդ նույն ժամանակահատվածում ճանապարհորդում ու հեռավար աշխատում էր նաև Հայկը: Քանի որ COVID-ի սահմանափակումների պատճառով Բրազիլիան գտնվում էր «կարմիր գոտում», Անդրեզան չէր կարող անմիջապես Ավստրիա մեկնել, անհրաժեշտ էր երկշաբաթյա կարանտին անցնել երրորդ երկրում, նա ընտրեց Սերբիան, որտեղ, բախտի բերմամբ, նույն հյուրանոցում էր իջևանել նաև Հայկը:
Հյուրանոցի բազմազգ միջավայրում նրանք արագ մտերմացան: Անդրեզան ու Հայկը ժամերով զրուցում էին իրենց մանկության, ընտանիքների, մշակույթների ու ապագայի երազանքների մասին: Ու այդ զրույցների արանքում ծնվեց ավելի խոր զգացմունք։
«Երբ գնացի Ավստրիա, որոշեցինք մեր հարաբերությունները հեռավար շարունակել և այդպես շփվեցինք գրեթե 11 ամիս, որից հետո Հայկը հրավիրեց ինձ Հայաստան՝ իր ընտանիքի ու երկրի հետ ծանոթանալու։ Ինձ համար անակնկալ էր, բայց շատ հաճելի առաջարկ էր, ու չմերժեցի»,- հիշում է Անդրեզան
Ասում է՝ Հայաստանի մասին առաջին անգամ էր լսում, երկիրն իրեն ծանոթ չէր, բայց Հայկի հետ շփումներից պարզեց՝ ապագայի մասին իրենց պատկերացումները լիովին համընկնում էին: Ասում է՝ միմյանց մեջ գնահատեցին բարությունը, ընտանեկան արժեքների ու կյանքի մասին պատկերացումներն ու հասկացան, որ ուզում են միասին շարունակել երազել ու կառուցել ապագան։
«Հայկն ինձ ամուսնության առաջարկ արեց Սաղմոսավանքում, շատ հուզիչ և գեղեցիկ էր ամեն ինչ։ Մենք նշանվեցինք Հայաստանում, բայց որոշեցինք հարսանիքն անել Բրազիլիայում: Այնտեղ ապրեցինք գրեթե երեք տարի։ Դրանից հետո որոշեցինք միասին ճանապարհորդել աշխարհով մեկ, և մեր այդ մեծ ուղևորության վերջնակետը Հայաստանն էր։ Որոշել ենք հենց այստեղ կառուցել մեր տունը, և երբ ժամանակը գա, նաև մեծացնել մեր երեխաներին»,- ասում է նա։
Հեռավոր Բրազիլիայում գտնվող ծնողների և Հայկի ծանոթությունը տեսազանգով էր, բայց, ինչպես Անդրեզան է պատմում, էկրանների հակառակ կողմում գտնվելը չխանգարեց, որ ծնողները հավանեն ու սիրեն Հայկին, իսկ արդեն անձնական հանդիպման ժամանակ միմյանց լավ ճանաչում էին ու սիրում։ Նշում է՝ իր ծնողների համար կարևորը հայ փեսայի բնավորությունն էր, մոտեցումը կյանքին ու նվիրվածությունն էր իրենց դստերը, ասում է երևանաբնակ բրազիլուհին։
«Շատ եմ կարոտում ծնողներիս, շատ դժվար է նրանցից հեռու ապրել։ Ինձ համար ամենադժվարը հենց այդ կարոտն է։ Կարոտում եմ ծնողներիս, կարոտում եմ բրազիլական լողափերն ու տաք եղանակները։ Ես շատ էի սիրում լողափերին հեծանիվ քշել, շատ եմ կարոտում, նաև կարոտում եմ իմ լեզուն։ Մի փոքր զվարճալի կթվա, բայց ինձ համար այստեղ դժվար էր նաև իմ գանգուր մազերի համար անհրաժեշտ խնամք գտնել, բայց հիմա արդեն այդ հարցն էլ եմ լուծել։ Ու չնայած բոլոր թվարկված դժվարություններին՝ որոշմանս համար ոչ մի վայրկյան չեմ զղջացել, որովհետև Հայաստանն էլ ֆանտաստիկ գեղեցիկ երկիր է։ Ես առաջին իսկ վայրկյանից ինձ շատ անվտանգ զգացի այս երկրում»,- ասում է Անդրեզան։
Առաջիկա ծրագրերում ծնողներին Հայաստան բերելն է, բայց մինչ այդ ավելի կարևոր առաքելություն ունի՝ հայերեն պետք է սովորի։ Խոստովանում է՝ հայերենը բարդ լեզու է, դժվար բառեր շատ կան, բայց իր առջև նպատակ է դրել հնարավորինս արագ սովորել, որ հաղորդակցության խնդիրը լուծվի։
«Ես սկսեցի հայերեն սովորել 2023 կամ 2024 թվականին՝ մեկ ամսվա դասընթաց անցնելով հրաշալի ուսուցչի մոտ։ 2025-ին վերադարձա ուսմանը՝ այս անգամ ինքնուրույն՝ հավելվածների միջոցով, և ստեղծեցիTikTok-ի օգտահաշիվ՝ իմ առաջընթացով կիսվելու համար։ Հայաստան վերադառնալուց հետո ևս մեկ ամիս մասնակցեցի դասընթացների, ապա՝ խմբային պարապմունքների»,- լայն ժպիտով ասում է Անդրեզան ու փորձում հայերեն նախադասություններ կազմել։
Բրազիլացի հարսը նաև հայ սկեսուր-սկեսրայրի հետ է հեշտ լեզու գտել։ Հայկի մայրիկից հայկական համեղ խոհանոցի գաղտնիքներն է ուզում սովորել, որ երբ ծնողները Հայաստան գան, զարմացնի նրանց։
«Ես սիրում եմ հայկական խոհանոցը։ Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ուտելիքն ուներ շատ մեծ էմոցիոնալ արժեք։ Հասկանում եմ, որ նույնն է նաև այստեղ՝ Հայաստանում։ Իմ սիրած ուտեստներն են լավաշը, գաթան, հարիսան, բաստուրման, խորովածը և լահմաջոն»,- ասում է նա։
Ապրել մի երկրում, որը քո հայրենիքից ոչ միայն հեռու է, այլև շատ տարբեր, ամեն մեկը չէ, որ կարող էր համարձակվել, ասում է, բայց սիրո առկայությունն ամեն հարց էլ լուծելի է դարձնում։ Անդրեզան նշում է՝ տեսակով հարմարվող է, նույնիսկ հարմարվել է տարօրինակություններին, ինչպիսիք են, օրինակ, շատ ծխելը։
Ասում է՝ Հայաստանում շատ են ծխում, իսկ ինքը առողջ ապրելակերպի կողմնակից է։ Բրազիլիայում նույնպես կան ծխողներ, բայց այստեղ նրանց թիվն ավելի մեծ է։ Իր ընտանիքում ծխողներ չկան, ուստի սկզբում դժվար էր հարմարվել այդ միջավայրին։ Տարօրինակ էր նաև փողոցում մարդկանց ակնդետ հայացքները, բայց դրանք էլ արդեն սովորական են դարձել։ Անդրեզան հիմա իր սոցցանցերի միջոցով նաև փորձում է հայ հետևորդներին ծանոթացնել իր հայրենիքին։
«Ես զգում եմ, որ մարդիկ հետաքրքրված են և ուզում են ավելին իմանալ Բրազիլիայի և այն մասին, թե ինչպես եմ ես հարմարվում։ Կարող եմ միայն ասել, որ ես շատ ուրախ եմ և շատ շնորհակալ այստեղ ապրելու և այդքան շատ նոր բաներ սովորելու հնարավորության համար, սիրում եմ Հայաստանը»,- ասում է բրազիլուհի Անդրեզան։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















