Մեր կողքին ապրող մարդիկ՝ Բաբոմբան Կոնգոյից. «Կամ դժվարությունների միջով առաջ գնալ, կամ ուղղակի հանձնվել, ինչը չես կարող անել» 

Լուսանկարը՝ Երևանի քաղաքապետարանի

Մաշտոցի պողոտայում հաճախ ուշ գիշերով կամ լուսաբացին մի կնոջ կհանդիպեք, որ գլուխը կախ, արագ-արագ շարժումներով փողոցն է մաքրում։ Աշխատում է լուռ, կարծես ձգտելով աննկատ մնալ անցորդների աչքից։ Ցանկացած հարցի կամ շփման փորձի պատասխանում է միայն ժպիտով՝ խուսափելով խոսակցության մեջ մտնելուց։ Ֆրանսախոս Բաբոմբա Նզոուզին Հայաստան է տեղափոխվել հեռավոր Աֆրիկայից` Կոնգոյի Հանրապետությունից։ 

«Ես Հայաստան եմ եկել 2023-ի փետրվարին, որովհետև ամուսինս էր այստեղ։ Նա ավելի վաղ էր եկել Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ու մնացել էր, ես էլ որոշեցի գալ Հայաստան ու այստեղ փորձել կյանքը դասավորել։ Մենք նաև երեխաներ ունենք, բայց նրանք չկարողացան գալ վիզայի պատճառով»,- պատմում է աֆրիկուհին։ 

Ասում է՝ հաճախ են իրեն մոտենում, հարցեր տալիս, փորձում այլ լեզուներով խոսել, այդ թվում՝ անգլերեն, բայց ինքը, միևնույն է, ոչինչ չի հասկանում, դրանից է միայն կոմպլեքսավորվում ու հնարավորինս խուսափում շփումներից։ Հայոց լեզուն դժվար է, ասում է, ժամանակն էլ շատ չէ, որ կարողանա լեզուն սովորել, միայն մի քանի հայերեն բառեր գիտի՝ հաց, դանակ, բաժակ։ Խանութ այցելելիս էլ ժեստերի լեզուն է օգնության հասնում։ Հայերը լավն են, քաղաքը ջերմ է, բայց, ցավոք, երբեմն ինքը շատ վիրավորվում է մարդկանց պահվածքից։

«Մեզ երբեմն տեսնելով մարդիկ պիտակավորում են՝ նեգր են ասում, ինչը ինձ՝ որպես աֆրիկացի կնոջ, խորապես վիրավորում է։ Կան մարդիկ, որոնք մեզ չեն ընդունում, հաճախ հանդիպում ենք կեղծավորության, ոմանք մեզ պարզապես չեն ուզում տեսնել հասարակական վայրերում ու հատկապես տրանսպորտում և դա ցույց են տալիս իրենց հայացքով, որքան էլ լեզուն չեմ հասկանում, բայց ես նախընտրում եմ ուշադրություն չդարձնել՝ հավատալով, որ բարի մարդիկ ավելի շատ են: Կամ դժվարությունների միջով առաջ գնալ, կամ ուղղակի հանձնվել»,- ասում է նա։ 

Հայաստանում ամեն ինչ լավ է, գեղեցիկ, միայն վատ է, որ ծով չունեք, ասում է նա։ Երևանը շատ գեղեցիկ ու սրտաբաց քաղաք է, իսկ Հայաստանում շատ շրջել դեռ չեն հասցրել, քանի որ աշխատում են։ Ամուսինն էլ երկաթագործ է, կարողացել է իրեն հարմար աշխատանք գտնել։ Գումարից ու աշխատավարձից դժգոհ չեն, բայց կարոտը տանջում է։ Կոնգոյի մայրաքաղաք Բրազավիլում են թողել վեց երեխաների՝ հինգ տղա և մեկ աղջիկ։ Երեխաների հետ գրեթե ամեն օր են տեսազանգով խոսում, բայց, միևնույն է, կարոտը չի մեղմվում։ 

«Մենք փորձում ենք Հայաստան բերել նաև մեր երեխաներին, որովհետև իսկապես շատ ենք սիրում այս երկիրը։ Այստեղ հանգիստ է, խաղաղ, իսկ դժվարություններ ամեն տեղ կան, դրանք փորձում ենք հաղթահարել երբեմն անտեսելով, երբեմն պայքարելով, հույս ունեմ, որ լավ է լինելու»,- ասում է նա։ 

Բաբոմբայի կարգավիճակը Հայաստանում թույլ է տալիս նրան ապրել և աշխատել։ 

«Մեզ մոտ ազատություն չկար, պայմանները լավը չէին, բռնապետական ռեժիմ էր»,- ասում է նա։ 

Բաբոմբայի համար Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկում աշխատանք է գտել ամուսնու ընկերը։ Հիմա լիովին կարողանում են կարիքները հոգալ, բայց չի թաքցնում՝ աշխատանքը բարդ է։

«Ձմռանը շատ ցուրտ է, արև լինի, անձրև, թե ձյուն՝ մենք պետք է աշխատենք։ Այդպես ենք կարողանում մեր խնդիրները լուծել ու ոտքի վրա կանգնած մնալ, այլ տարբերակ ուղղակի չունենք։ Կամ դժվարությունների միջով առաջ գնալ, կամ ուղղակի հանձնվել ու թևաթափ լինել, ինչը չես կարող անել գոնե հանուն երեխաների»,- բարի ժպիտով պատասխանում է Բաբոմբան։ 

Բաբոմբան ու ամուսինը հասցրել են համտեսել հայկական խոհանոցի որոշ ուտեստներ ու սիրել դրանք։ Բաբոմբայի ամենասիրելի ուտեստը հավի մսով, բրնձով ու գազարով ապուրն է։ Հայկական խոհանոցը հարուստ է, համեղ ու բազմազան, որոշ բաներ հայկական խոհանոցից ինքն էլ է սովորել և արդեն կարողանում է պատրաստել, ամուսինն էլ շատ է հավանում։ 

«Ե՛վ աֆրիկյան, և՛ հայկական խոհանոցներում մեծ տեղ են զբաղեցնում շիլաները, ապուրները և բանջարեղենային ուտեստները, բայց տարբերություններ էլ կան, աֆրիկյան խոհանոցում հաճախ գերիշխում են սուր համեմունքները, օգտագործում են այնպիսի բաղադրիչներ, որոնք Հայաստանում հազվադեպ են հանդիպում կամ չկան, օրինակ՝ արմավենու յուղ, կասավա կամ յամս, որոնց ալյուրից թխում անուշաբույր լոշիկներ։ Հայկական խոհանոցը հիմնված է ավելի մեղմ համերի, մսի, կաթնամթերքի և հացահատիկային մշակաբույսերի վրա»,- պատմում է նա։ 

Բաբոմբան խոստովանում է, որ կարոտում է հայրենիքը, հարազատներին, հարազատ բնությունն ու համերը, սակայն ավելի լավ կյանքի ձգտումը և դժվարությունները հաղթահարելու վճռականությունը գերակայում են։ Առաջիկա ամենակարևոր պլաններից մեկը երեխաներին Հայաստան բերելն է։ 

«Մենք հաճախ ենք նրանց պատմում Հայաստանի մասին, ուղարկում լուսանկարներ. երեխաներս անհամբերությամբ են սպասում այստեղ գալուն։ Մեծ հույս ունենք, որ մի օր մեր ընտանիքը կվերամիավորվի, և մենք կկարողանանք վերջապես Հայաստանում ապրել լիարժեք ու խաղաղ կյանքով, որովհետև Հայաստանը բարի ու հյուրընկալ երկիր է»,- ասում է Բաբոմբան։ 

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am