Գաոշունը Չինաստանից, որ Հայաստանում դարձավ Երջանիկ. «Ինձ դուր են գալիս հայ երիտասարդների նպատակասլացությունն ու խելքը»

Չինաստանից Հայաստան տեղափոխված Չժոու Գաոշունը, կամ ինչպես ինքն է իրեն հայկական անուն ընտրել՝ Երջանիկը, արդեն մեկ տարուց ավելի է, ինչ կրթության նպատակով բնակվում է Հայաստանում։ 24-ամյա Գաոշունը ապագա հեռուստալրագրող է, երազում է մի օր խոսել հայկական հեռուստաէկրաններից՝ աշխարհին և հատկապես չինացի հայրենակիցներին պատմելով այս փոքրիկ, բայց գեղեցիկ երկրի մասին։

«Երբ նոր էի եկել Հայաստան, ինձ օտար էի զգում, այդքան էլ չէի սիրում այս երկիրը, բայց հիմա շատ եմ սիրում։ Մարդիկ այստեղ շատ բարի և ընկերասեր են, քայլելիս միշտ ժպտում են և, ամենակարևորը՝ դանդաղ են քայլում, որևէ տեղ չեն շտապում։

Չինաստանում՝ հատկապես մեծ քաղաքներում, մարդիկ միշտ արագ են քայլում, շատ մտազբաղ և տխուր տեսք ունեն։ Ինձ դուր է գալիս հայերի հանգստությունը»,- դժվարությամբ ընտրելով հայերեն բառերը՝ «Մեդիալաբին» պատմում է Գաոշունը։

Երջանիկը Չինաստանի հյուսիսում գտնվող Լանչժոու քաղաքից է, որ մայրաքաղաք Պեկինից մոտավորապես 1250 կմ հեռու է, բնակչությունը մոտ 7 միլիոն է։ 

Ավարտելով Լանչժոուի արվեստի և գիտությունների համալսարանի լրագրության բաժինը՝ Գաոշունը որոշում է կրթությունը շարունակել արտերկրում և դիմում է Չինաստանում ուսանողների փոխանակման ծրագրին, իսկ ավելի ուշ՝ ընդունվում Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի հեռուստատեսային հաղորդակցություն բաժնում:

«Չինաստանի կառավարությունը կրթությունս շարունակելու համար ինձ երեք երկիր առաջարկեց՝ Հայաստան, Ադրբեջան և Մոլդովա։ Նշված երկրներից լրագրությունն ամենաշատը Հայաստանում էր զարգացած, բացի այդ՝ չինացի ընկերս նախորդ տարի ևս եկել էր Հայաստան սովորելու և այդ ժամանակ Հայաստանում էր, մտածեցի, երբ գամ, գոնե մեկին կունենամ, այդքան էլ դժվար չի լինի»,- ասում է Գաոշունն ու հավելում՝ անսովոր էր առաջին անգամ Հայաստանում գտնվելը։

«Չինաստանում միշտ շրջապատված ես բարձրահարկ ու մեծ շենքերով, իսկ Հայաստանում բարձրահարկ շենքեր հիմնականում չկան, առաջին հայացքից դա շատ անսովոր էր։ Հետո էլ՝ Չինաստանը շատ տեխնոլոգիական երկիր է, ցանկացած տեսակի գործողություն արվում է տեխնոլոգիաների միջոցով, իսկ Հայաստանում այդ ամենը ևս չկա։ Օրինակ՝ Հայաստանում երբեմն անհրաժեշտություն է կանխիկ դրամ ունենալ, իսկ Չինաստանում գումարը պահվում է հեռախոսում և բոլոր տեսակի վճարումներն արվում են դրանով»։

Հաջորդ դժվարությունը, որին բախվեց Գաոշունը Հայաստանում, լեզուն էր։ Ասում է՝ մարդկանց մեծ մասը հայերեն էր խոսում, իսկ ինքը հայերեն չէր հասկանում։ Հենց այդ ժամանակ էլ որոշեց՝ եթե պետք է այդ երկրում ապրի, պետք է հայերեն սովորի: 

«Հիշում եմ՝ երբ առաջին անգամ գնացի Երևանի պետական համալսարան, դասախոսների խոսքը չէի հասկանում, ստիպված էի սպասել ընկերոջս, որ ինձ օգներ հասկանալու։ Հետո իհարկե ամեն ինչ փոխվեց, երբ հանդիպեցի պարոն Սիմոնյանին, ով ինձ հայերեն է սովորեցնում»,- պատմում է Գաոշունն ու հավելում՝ իր ուսուցիչը նաև իր ընկերն է, հենց դա է օգնում, որ հայերեն արագ սովորի։

«Ուսուցիչս շատ բարի և ընկերասեր է, ինձ վրա գրեթե չի բարկանում, երբ սխալներ եմ անում։ Միայն երբեմն է բարկանում, երբ բառեր եմ մոռանում՝ այն էլ շատ քիչ։ Նա ինձ ցույց է տվել Հայաստանը, իսկ շաբաթ և կիրակի օրերին էլ միշտ գալիս է՝ դիտելու, թե ինչպես եմ բասկետբոլ խաղում Թումոյի այգում»։

Գաոշունի խոսքով՝ հենց իր ուսուցիչն է օգնել, որ իր անունը հայերեն թարգմանեն, որպեսզի հայկական անուն էլ ունենա՝ Երջանիկ։

«Չինարենում Գաոշուն նշանակում է անհոգ, երջանիկ։ Ծնողներս ինձ այդպես են անվանակոչել, որ կյանքում անհոգ ու երջանիկ լինեմ։ Այդպես պարոն Սիմոնյանի հետ անունս թարգմանեցինք հայերեն, և հիմա ես ունեմ հայկական անուն՝ Երջանիկ»,- ժպիտով ասում է Գաոշունն ու հավելում՝ մի օր անվան հետ կապված ծիծաղելի դեպք է պատահել։

«Սովորության համաձայն՝ Թումոյի այգում հայ տղաների հետ բասկետբոլ էի խաղում, մի տղա մոտեցավ, հարցրեց՝ անունդ ի՞նչ է, ասացի՝ Երջանիկ, ասաց՝ ի՞նչ, ասացի՝ Երջանիկ, շատ զարմացավ, ոչինչ չասաց և ուղղակի հեռացավ»։

Գաոշունն ասում է՝ հայերին շատ է հավանում։ Միշտ պատրաստակամ են օգնելու, բարի են և ժպտերես։ 

«Դեպքեր են պատահել, երբ ծանր տոպրակներ տեղափոխելիս փողոցի անծանոթ մարդիկ մոտեցել են և իրենց օգնությունն առաջարկել։ Ընդ որում՝ իրենց օգնությունն առաջարկող մարդիկ տարբեր տարիքի են եղել՝ երիտասարդից մինչև անգամ տարեց»,- հիշում է նա ու հավելում՝ առանձնակի հիացմունք ունի հայ երիտասարդների նկատմամբ։ 

«Ինձ դուր են գալիս հայ երիտասարդների նպատակասլացությունն ու խելքը։ Իմ բոլոր հայ ընկերները մի քանի լեզու գիտեն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Բացի այդ՝ շատ աշխատասեր են ու սիրում են սովորել։ Դա շատ զարմանալի և հաճելի է ինձ համար»,- ասում է Գաոշունն ու հավելում՝ հայ երիտասարդները նաև շատ գեղեցիկ են, միայն երբեմն իրենց տարիքից մեծ են երևում։

«Մի օր տաքսու մեջ էի, վարորդը հարցրեց՝ քանի՞ տարեկան եմ, ասացի՝ 24, ասաց, որ շատ ջահել եմ երևում, հետո ես հարցրի, թե ինքը քանի տարեկան է, ասաց՝ 21, բայց նա ավելի մեծ էր երևում, որովհետև սև, թավ մորուք ուներ»։

Հայաստանում Գաոշունին տպավորել են հատկապես եկեղեցիներն ու վանքերը։ Ասում է՝ բնությունն էլ, օդն էլ այստեղ ուրիշ են։

«Ես հասցրել եմ այցելել շատ եկեղեցիներ և վանքեր Հայաստանում։ Դրանք շատ հին են և շատ գեղեցիկ։ Հայաստանի բնությունն էլ շատ եմ սիրում, օրինակ՝ Տավուշի, Լոռու բնությունն անզուգական է։

Ճիշտ է, Չինաստանի բնությունն էլ շատ գեղեցիկ է, բայց Հայաստանի բնությունն ավելի գեղեցիկ է»,- ասում է Գաոշունն ու հավելում, թեև Հայաստանի բնությունը շատ է սիրում, բայց հայկական ուտեստներին այդպես էլ հարմարվել չի կարողանում և կարոտում է չինական սիրելի ուտեստները։ 

«Հայկական ազգային բոլոր ուտեստներն էլ փորձել եմ, բայց, միևնույն է, դրանք ոչ մեկն էլ չինական ուտեստների համը չունեն։ Օրինակ՝ չինական ուտեստները հիմնականում կծու են և առանձնահատուկ համ ունեն, իսկ այստեղ կծու ուտեստներ գրեթե չկան։ Ես շատ եմ կարոտում իմ սիրելի չինական լապշան (noodles) կամ տոնական այն ուտեստները, որ պատրաստում են հունվար-փետրվար ամիսներին»,- պատմում է Գաոշունն ու նշում՝ կարոտել է նաև իր ընտանիքին, ընկերներին ու նաև տնային կենդանիներին։

«Ես շատ եմ կարոտում ծնողներիս, ընկերներիս, փիսոյիս՝ Ֆուգուեյին, և շանս՝ Թանգյուանին, բայց եթե այստեղինձ համար լրագրողի լավ աշխատանք գտնեմ, կարծում եմ՝ կմնամ և աշխարհին ու հատկապես չինացի ժողովրդին կպատմեմ այս հնագույն երկրի մասին, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունի»,- ասում է Գաոշունը։

Անի Մարտիրոսյան 

MediaLab.am