Տարիներ առաջ տարբեր երկրներով ճամփորդելիս ճապոնացի Տայզի Նոտսուն կարճ ժամանակով այցելեց Հայաստան։ Այդ ժամանակ մտքով նույնիսկ չէր անցնում, որ մի օր վերադառնալու է, ու այս երկիրն իր համար այդքան հարազատ է դառնալու։
Տարիներ անց, երբ ցանկացավ ճապոներեն դասավանդելու փորձ ձեռք բերել, պատահաբար հիշեց Հայաստանը և որոշեց հենց այստեղ փորձել։ Եկավ մեկ տարով, բայց ամեն ինչ իր պատկերացրածի պես չընթացավ։ Հայերեն սովորելը շատ ավելի դժվար էր, քան պատկերացնում էր, և ճապոներեն դասավանդելու ծրագիրը չհաջողվեց։
Փոխարենը՝ Տայզին մնաց Հայաստանում։ Արդեն յոթ տարի է՝ այստեղ է ապրում և սեփական հաջողված բիզնեսն ունի։
«Երեք տարի առաջ Հայաստանում որոշեցի սուշի պատրաստել, բայց գործը չստացվեց այնպես, ինչպես ակնկալում էի։ Այդ ժամանակ էլ որոշեցի ռամենը փորձել։ Ռամենը ճապոնական ավանդական ապուր է, որի պատրաստման համար չորս օր է պահանջվում։ Ես առանձին մեկ օր եփում եմ միսը, հետո այն առանձնացնում եմ ոսկորից ու նորից վերադարձնում արգանակի մեջ՝ թողնելով ևս մեկ օր։ Սոուսի պատրաստումն էլ մեկ օրից ավելի է տևում։ Երկար ժամանակ է պահանջում նաև լապշայի պատրաստումը, որովհետև այն նույնպես ինքս եմ պատրաստում, որ համեղ ստացվի»,- պատմում է Տայզին։
Նրա ռամեն-բարը գրեթե երբեք դատարկ չի լինում։ Ճապոնացի խոհարարի պատրաստած ռամենը գնահատում են ոչ միայն տեղացիները, այլև Հայաստան այցելած օտարերկրացիները։
Առաջին ռամենը պատրաստել ու փորձել է ճապոնացի աշխատակիցների հետ։ Թեև պատրաստման ընթացքում օգտագործել է նաև հայկական մթերքներ, արդյունքից շատ գոհ է մնացել․ ասում է՝ անչափ համեղ էր ստացվել։
Տայզին օրական 15 ժամ անցկացնում է խոհանոցում, բայց վստահեցնում է, որ չի հոգնում։
«Ուժեղ եմ, որովհետև ռամեն եմ ուտում»,- կատակում է նա։
Տայզին Ճապոնիայի Մացուե քաղաքից է։ Մասնագիտությամբ կենսաբան է, աշխատել է միջնակարգ դպրոցում՝ կենսաբանություն դասավանդել։ Խոհարարությամբ, սակայն, հետաքրքրվել է դեռ ուսանողական տարիներից, երբ հաճախ ռամեն էր պատրաստում։ Մայրը նույնպես խոհարար է եղել, և Տայզին կարծում է, որ խոհարարության հանդեպ սերն իրեն հենց մորից է փոխանցվել։
Հետագայում սկսել է աշխատել ճապոնական ռեստորանների խոհանոցներում, սակայն սեփական ռեստորան բացելու մտադրություն երբևէ չի ունեցել։ Այդ գաղափարը ծնվել է միայն Հայաստան տեղափոխվելուց հետո։
«Երբ Հայաստանում բիզնես էի սկսում, վստահ չէի, որ հաջողություն կունենամ։ Ես պարզապես ուզում էի ճապոնական մշակույթի շուրջ համայնք ստեղծել, որովհետև այն ժամանակ այստեղ ճապոնական մշակույթով հետաքրքրվողները քիչ էին։ Ուղղակի ցանկանում էի լավ ժամանակ անցկացնել հաճախորդներիս, աշխատակիցներիս ու տեղացի գործընկերներիս հետ»,- ասում է Տայզին։
Հայաստանում Տայզին առաջին անգամ է սեփական ռեստորանային բիզնես սկսել։ Նրա ռամեն-բարում կարելի է համտեսել հատուկ եղանակով պատրաստված ճապոնական ավանդական ուտեստներ, նախուտեստներ ու աղանդերներ։
Վերջին տարիներին Հայաստանում ճապոնական խոհանոցի ու մշակույթի նկատմամբ հետաքրքրությունն աճել է, և Տայզին դա զգում է ամեն օր։ Թեև դեռ լավ հայերեն չի խոսում, այցելուների արձագանքը հասկանում է նրանց դեմքի արտահայտությունից, ժեստերից ու իրեն ծանոթ հայերեն բառերից։ Իսկ հաճախորդների սերն ու վստահությունը պահպանելու համար, ասում է, ոչ մի ջանք չի խնայում։
«Ես նրանց ճապոնական մշակույթն եմ ներկայացնում՝ ուտելիքի միջոցով։ Օգտագործում ենք թարմ՝ տեղական և ճապոնական բաղադրիչներ։ Որոշ մթերքներ Ճապոնիայից եմ բերում, որոշ կանաչիներ էլ հենց այստեղ ինքս եմ աճեցնում։ Հավելումներ չեմ օգտագործում, որովհետև չեմ ուզում վնասել հաճախորդներիս առողջությունը։ Ես նրանց սիրում եմ։ Ու թեև մեր երկու երկրների խոհանոցները շատ տարբեր են, նմանություններ էլ կան։ Օրինակ՝ երկու խոհանոցում էլ կարևոր է, որ բաղադրիչներն իրենք բացահայտեն իրենց համը։ Դա նշանակում է, որ շատ համեմունքներ չենք օգտագործում, փոխարենը երկար ժամանակ ենք հատկացնում նախապատրաստական աշխատանքներին»,- պատմում է Տայզին։



Հայաստանում հարմարվելը սկզբում հեշտ չի եղել։ Տայզին չի թաքցնում, որ սկզբնական շրջանում տեղացիների հետ հաճախ միայն ժեստերով էր կարողանում շփվել։ Լեզվական դժվարությունները մինչ օրս էլ ամբողջությամբ չի հաղթահարել։ Ուզում է հայերեն սովորել, փորձում է, բոլոր ծանոթներին խնդրում է իր հետ հայերեն խոսել, որ ավելի արագ յուրացնի լեզուն։
«Շատ դժվար բառեր կան, բայց ինձ համար ամենադժվարը «շնորհակալություն» բառն է»,- ասում է Տայզին՝ դժվարությամբ արտասանելով բառը։
Հայերենը, իր բնորոշմամբ, խենթանալու աստիճան բարդ լեզու է, բայց դա չի խանգարել սիրել Հայաստանն ու հայերին։ Ասում է՝ այստեղ մարդիկ բարի են, միշտ պատրաստ են օգնելու, իսկ երկիրն անչափ գեղեցիկ է։
«Ես վայելում եմ Սևանա լիճը, սիրում եմ զբոսնել ձորերում։ Շատ եմ սիրում նաև Վարդավառը, երբ մարդիկ իրար վրա ջուր են լցնում։ Այդ օրը կարծես բոլորը միավորվում են, միասին խաղում, ու նույնիսկ անծանոթ մարդիկ մի տեսակ հարազատ են դառնում իրար։ Շատ ուրախ տոն է»,- պատմում է Տայզին։
Հայրենի Ճապոնիան ու հարազատ քաղաքը, իհարկե, կարոտում է։ Ամենաշատը՝ ծովափը, ծովում ձկնորսություն անելն ու ծովամթերքը։ Բայց Հայաստանում էլ փորձում է հարազատ պատկերներ գտնել։ Օրինակ՝ ասում է, որ Արարատի երկու գագաթներից մեկը իրեն հիշեցնում է Ճապոնիայի Ֆուձի լեռը։
Հայաստանում գրեթե ոչինչ փոխել չէր ցանկանա։ Ասում է՝ երկիրն առանց այդ էլ գեղեցիկ է, մարդիկ՝ լավը։ Բայց կան բաներ, որոնց այդպես էլ չի կարողանում հարմարվել։
«Տաքսու վարորդներն ու Երևանի կենտրոնի խցանումներն ուղղակի խենթություն են։ Ես էլ եմ մեծ քաղաքից եկել, բայց մեզ մոտ այսքան խցանումներ չկային։ Տաքսու վարորդներն էլ երբեմն մի քիչ անհասկանալի մարդիկ են»,- ծիծաղում է Տայզին։
Հայաստանում ճապոնական խոհանոցը ներկայացնող Տայզին առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում նաև հայկական ուտեստների մասին։ Ասում է՝ գրեթե ամեն ինչ փորձել է ու հավանել, բայց կան ուտեստներ, որոնք հատկապես սիրել է։
«Ինձ շատ է դուր գալիս հայկական խոհանոցը։ Օրինակ՝ հայկական խոզի մսին ոչինչ չի հասնի։ Անչափ համեղ են տոլման, խաշը, որը ես ռամենի հետ եմ համեմատում․ երկուսն էլ երկար են եփվում ու շատ համեղ են ստացվում։ Սիրում եմ նաև հայկական ապուրները, խաշլաման, խորովածը։ Այստեղ ձուկն էլ շատ համեղ է։ Երբեմն փորձում եմ հայկական ձկով տարբեր ուտեստներ, նույնիսկ սուշի պատրաստել, ու շատ լավ է ստացվում։ Ի դեպ, հայերն էլ են ուտելիքը հոգով պատրաստում, դրա համար էլ այդքան համեղ է»,- ասում է Տայզին, որը շարունակում է ուսումնասիրել սննդագիտությունը, կենսաբանությունն ու քիմիան։
Հաջորդ տարի Տայզին պատրաստվում է մեկնել Ճապոնիա՝ ընտանիքին անձամբ պատմելու այն ամենի մասին, ինչ տեսել ու զգացել է Հայաստանում՝ աշխարհաքաղաքական բարդ իրադարձությունների խաչմերուկում գտնվող երկրում։
Սակայն հայրենիք վերադառնալը միայն կարճատև այց է լինելու։ Յոթ տարի առաջ մեկ տարով Հայաստան եկած ճապոնացին գտել է իր տունը Երևանում:
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















