«Մեկ-մեկ խոսում եմ խմորի հետ, ասում եմ՝ ախպեր ջան, հանգիստ». Ֆիլիպինցի հացթուխ Ջերոմը՝ Հայաստանում կյանքի, հացի և սիրո մասին

Մութ գիշերով, երբ քաղաքն արդեն քնած է, Աբովյան փողոցում հացի անուշ բույր է տարածվում․ ֆիլիպինցի հացթուխները փափուկ խմորները մեկը մյուսի հետևից վառարաններն են ուղարկում, որ լուսադեմին հացն արդեն պատրաստ լինի։ Հացթուխներից մեկն էլ Ջերոմ Դիկաֆորտեն է, ու թեև նա առաջին մասնագիտությամբ վաճառքի մենեջեր է, բայց հացի հանդեպ սեր դեռ փոքրուց է ունեցել։

«Երբ փոքր էի, սիրում էի նայել, թե ինչպես էր քեռիս հաց թխում։ Ուշադիր հետևում էի, թե ինչպես էր խմորը հասունանում, իսկ թխվելուց հետո՝ ուռչում ու կարմրում։ Մի օր էլ՝ սրանից մոտ 15 տարի առաջ, քեռիս ինձ կանչեց ու սովորեցրեց հաց թխել։ Առաջինը դոնաթ թխեցի։

Հիշում եմ՝ երբ մայրս համտեսեց թխածս, շատ հավանեց։ Ինձ էլ էր դուր գալիս նոր թխված հացի համը։ Հենց էդպես էլ սկսեցի հաց թխել, իսկ հետո նաև մասնագիտական դասեր ստացա ու մինչ էսօր թխում եմ»,- «Մեդիալաբին» պատմում է ֆիլիպինցի Ջերոմը։

Վերջինս արդեն նոր մասնագիտությամբ աշխատել սկսել է հենց հայրենի Ֆիլիպիններում՝ այնտեղ հիմնելով սեփական հացի փուռն ու աշխատելով ավելի քան 5 տարի։ 

«Ընտանեկան հավաքույթների ժամանակ բոլորը սպասում էին իմ հացերին, հատկապես՝ քաղցրերին։ 1-2 կիլոգրամ կշռող հացեր էի թխում ու զարմացնում բոլորին, բայց ֆիլիպինցիները հաց էնքան էլ շատ չեն օգտագործում, իսկ երեկոյան հացին փոխարինում է բրինձը։ Հայաստանում հակառակն է՝ մարդիկ հաց շատ են ուտում»,- ասում է Ջերոմն ու հավելում՝ Հայաստանում պատահաբար հայտնվեց։ 

«Երբ Դուբայում աշխատում էի որպես վաճառքի մենեջեր, Երևանում գտնվող Paul Armenia ռեստորանի տնօրենն ինձ նկատեց ու հրավիրեց Հայաստանում աշխատելու։ Հրավերն ընդունեցի ու Հայաստան եկա, բայց մինչև ռեստորանը կբացվեր, ուրիշ հացաբուլկեղենի խանութում էի աշխատում»։

Ջերոմի խոսքով՝ երբ Հայաստան գալու հրավերը ստացավ, Հայաստանի մասին նույնիսկ չէր լսել, իսկ լսելուց հետո սկսեց գուգլում փնտրել ու այդպես գտնել Հայաստանը։ Արդեն փոքր-ինչ տեղեկություն հավաքելուց հետո էլ սկսեց նաև յութուբով լեզուն ուսումնասիրել։ Ասում է՝ հեշտ չէր, բարդ բառեր շատ կային, բայց մեկ ամիս քրտնաջան աշխատանքից ու Հայաստանում լեզվի դասեր անցնելուց հետո հիմա շատ լավ հայերեն է խոսում։ 

«Հայերենը հեշտ լեզու չէր, բայց սովորեցի։ Դժվար բառեր շատ կային, օրինակ՝ հանրապետություն բառը չէի կարողանում ասել, իսկ հիմա ասում եմ։ Ինձ հետ աշխատող էլի ֆիլիպինցիներ կան էստեղ, իրենց էլ եմ հայերեն սովորեցնում։ Արդեն իրենք էլ մի քիչ գիտեն»,- պատմում է Ջերոմը։ 

Արդեն 6 տարի Հայաստանում ապրող ու հայերի հետ ընկերացած Ջերոմի միակ դժվարությունը հեռվում մնացած ընտանիքն է․ երեք երեխա ունի։ Ծնողներին, հարազատներին էլ է կարոտում, բայց վերադառնալու մասին դեռ չի մտածում, թեև չի էլ բացառում, որ գուցե ընտանիքին Հայաստան տեղափոխի։ Հայաստանն ու հայերին սիրել է։ 

«Տնեցիներիս գալուց առաջ սովորեցրել եմ հաց թխել, բայց մեկ է՝ իմ թխածն ուրիշ է։ Ինձ էլ են կարոտում, իմ թխած հացերն էլ,- ծիծաղում է,- բայց ինչ արած, այսպես է ստացվել։ Ամեն տարի մի ամիս արձակուրդ ունեմ, անպայման գնում եմ ընտանիքիս մոտ։ Վերջին անգամ անցած տարի դեկտեմբերին եմ գնացել։ 

Ձմռանը Ֆիլիպիններում անձրևոտ է, ամռանը՝ շատ շոգ, իսկ Հայաստանում շատ լավ է, տարբեր եղանակներ են լինում, սիրել եմ նաև էստեղի եղանակը»,- ասում է Ջերոմն ու հավելում՝ առաջին անգամ ձյուն հենց Հայաստանում է տեսել։ 

«Երբ նոր էի Հայաստան էկել, ինձ Ծաղկաձոր տարան։ Առաջին անգամ հենց էնտեղ ձյուն տեսա, նույնիսկ ձյան համը փորձեցի, աղի էր»,- ծիծաղում է Ջերոմը։ 

Ասում է՝ մինչ այս պահը Հայաստանում դեռ ոչ մի բացասական բան չի տեսել, չի կարող ոչինչ ասել, Հայաստանի առայժմ միայն դրական կողմերն է բացահայտել, միայն թե իր համար մի քիչ տարօրինակ էին գրկախառնությունները։ Մարդիկ իրար հենց տեսնում են, համբուրելով են բարևում, նույնիսկ տղամարդիկ։ 

Ջերոմը Հայաստանում անժամկետ պայմանագիր ունի կնքած։ Ապագայի ծրագրեր դեռ չի կազմում, ամեն ինչ ժամանակի հույսին է թողել, կարևորը գործը սիրով է անում։ Սիրում է խմորի հետ աշխատել, բայց նաև դժվարությունների մասին է խոսում։ Պետք է կարողանաս խմորի լեզուն հասկանալ, ձեռքերի մեջ զգալ։ 

«Մեկ-մեկ խոսում եմ խմորի հետ, ասում եմ՝ ախպեր ջան, հանգիստ, հանգիստ։ Կամ որ հացը ուշանում է, ասում եմ՝ ախպեր ջան, չենք հասցնում, դե շուտ թխվի, չքաշես»,- հումորով պատմում է ֆիլիպինցի հացթուխը։

Իր թխած հացերը սիրել են հայերն էլ, Հայաստան այցելած զբոսաշրջիկներն էլ։ Դրական արձագանքներ ու լավ բառեր բազմաթիվ են եղել, բայց նաև դժգոհություններ են եղել։ Օրինակ՝ դժգոհել են, որ հացը պինդ է, ու Ջերոմը բացատրել է, որ դա տարեկանի ալյուրով թխված հացի առանձնահատկությունն է։ Ավելի մեծ խնդիրներ կամ միջադեպեր չի մտաբերում, հացը չի վառել, չստացվելու դեպքեր չեն եղել։ Վստահեցնում է՝ խմորի լեզուն չափից դուրս լավ է հասկանում։ 

«Մեկ-մեկ կարող է մի երկու հաց մի քիչ շատ կարմրել, բայց չեմ վառել։ Ես հենց էդ նոր թխված հացն եմ սիրում, խրթխրթան, չնայած էնքան եմ թխել, որ արդեն հոտից կշտանում եմ»,- ծիծաղում է Ջերոմը, որ ջանքեր գործադրելով փորձում է խոսքն անսխալ ձևակերպել։

Ջերոմը օրական 400-ից ավելի հաց է թխում, տեղում են վաճառում ու ռեստորաններին մատակարարում։ Ֆրանսիական բագետ, բրիոշ, անուշահամ կրուասան՝ տեսականին մեծ է ու ախորժելի։ 

Անուշաբույր հացերի բույրը սրահում անտարբեր չի թողնում ոչ մի այցելուի։ Երբ այցելուները վայելում են կարմրաթուշ հացաբուլկեղենն ու ժպիտով դուրս գալիս փռից, քչերն են պատկերացնում, որ այդ համի հետևում թեժ վառարանի առաջ առավոտները լուսացնող հացթուխների բարդ աշխատանքն է՝ տնից ու ընտանիքից հեռու։

Լուսանկարները՝ Սոֆի Խաչատրյան

Սաթենիկ Հայրապետյան

MediaLab.am