Մինչ շատերը հին դանակ-պատառաքաղները համարում է նորաձևությունից դուրս եկած, անպետք իրեր, Լիա Պապյանի ձեռքերում դրանք երկրորդ կյանք են ստանում՝ վերածվելով ինքնատիպ զարդերի։
Հին իրերի մեջ գեղեցկություն տեսնելը Լիայի շնորհքներից մեկն է։ Մանկուց արվեստով տարված երիտասարդ աղջիկը ոչ միայն նկարում ու զարդեր է պատրաստում, այլև զբաղվում է կավագործությամբ, հելունագործությամբ, ասեղնագործությամբ ու կարպետագործությամբ։ Նա նաև նվագում է, երգեր գրում ու կատարում։
«Արվեստի տարբեր ճյուղերով եմ զբաղվել, բայց ամենից հոգեհարազատը զարդագործությունն ու երաժշտությունն են։ Հիմա հիմնականում այդ երկուսով եմ զբաղվում»,– պատմում է Լիան։
Իր մասին երկար խոսել չի սիրում։ 20-ամյա Լիան ապրում է Դիլիջանում։ Արդեն երկու տարի է՝ աշխատում է նաև որպես բարիստա։ Թեև աշխատանքը ժամանակատար է ու հոգնեցնող, փորձում է ժամանակ գտնել զարդեր պատրաստելու համար։ Իսկ երաժշտությունը նրան ուղեկցում է գրեթե ամենուր․ նույնիսկ աշխատելիս երգում է։
«Երբ սկսեցի զարդագործությամբ զբաղվել, սկզբում լատունից էի զարդեր պատրաստում։ Միշտ ուզում էի այնպիսի զարդեր ստեղծել, որ ուրիշը չունենա, ու միաժամանակ դրանք երկարակյաց լինեն՝ շուտ չվնասվեն, չկոտրվեն։ Մի օր էլ պատահաբար սեղանի շուրջը ուշադրությունս գրավեցին մելքիորի պատառաքաղների պոչերի գեղեցիկ նախշերը։ Մտքովս անցավ դրանցից մատանի պատրաստել։ Եվ ստացա հենց այն, ինչ փնտրում էի»,– պատմում է Լիան։

Ծնողները չէին պատկերացնում, որ աղջկա նոր զբաղմունքն այսքան մեծ հետաքրքրություն կառաջացնի։ Սկզբում թվում էր՝ Լիան պարզապես նոր հոբբի է գտել ու տան դանակ-պատառաքաղներն է հերթով զարդերի վերածում։
«Մաման մի օր ասաց՝ Լիա՛ ջան, մատներով չենք ուտելու ճաշը։ Ու ես սկսեցի արդեն հարևաններից ու ծանոթներից պատառաքաղ խնդրել։ Այդ ժամանակ նաև տեսանյութեր էի նկարում ու տեղադրում համացանցում։ Ի զարմանս ինձ՝ շատ մեծ արձագանք եղավ։ Արդեն անծանոթ մարդիկ էին գրում, առաջարկում իրենց պատառաքաղներն ուղարկել, հարցնում էին՝ որտեղ եմ ապրում, որ ուղարկեն»,– պատմում է Լիան։
Նրա պատրաստած զարդերը տեսնողները խնդրում էին նաև իրենց համար պատրաստել, նույնիսկ առաջարկում էին գնել, բայց Լիան սկզբում չէր համաձայնում։ Յուրաքանչյուր զարդի մեջ այնքան սեր ու ջանք էր դրել, որ չէր ուզում բաժանվել դրանցից։ Սակայն ցանկացողների թիվն աստիճանաբար այնքան մեծացավ, որ ի վերջո որոշեց իր ստեղծագործությունները նաև վաճառել։
Հիմա Լիան պատրաստվում է իր աշխատանքները վաճառքի հանել և պատվերներ ընդունել։ Սեփական բրենդն էլ արդեն անուն ունի՝ «Պոչեր»։ Թեև գաղափարը դեռ ձևավորման փուլում է, առաջին քայլերը նախատեսում է անել առաջիկայում՝ սկսելով փոքր հնարավորություններից և աստիճանաբար ընդլայնելով գործը։
«Ուզում եմ սկզբում եղած հնարավորություններով վաճառք սկսել, հետո ստացած գումարով զարգացնել գործս։ Սկզբում ոչ ոք չէր հավատում, որ կհաջողեմ։ Մեր տան նկուղում մի տարածք կար, ուզում էի արվեստանոց սարքել։ Հայրիկիս խնդրում էի, որ ինձ տրամադրի, բայց չէր համաձայնում, որովհետև չէր հավատում, որ այս ամենից մի բան դուրս կգա։ Իսկ երբ տեսավ, թե մարդիկ ինչքան են հետաքրքրվում իմ աշխատանքներով, ինքն առաջարկեց, որ տարածքը վերցնեմ ու աշխատեմ»,– պատմում է Լիան։
Լիայի պատրաստած զարդերը գեղեցիկ են ու ինքնատիպ, իհարկե Ինստագրամում և Ֆեյսբուքում տեղադրված մեկրոպեանոց տեսանյութերը դժվար թե պատկերացում տան, թե որքան աշխատանք է պահանջվում յուրաքանչյուր զարդը պատրաստելու համար։
Երբեմն մեկ զարդի վրա մի քանի ժամ է ծախսում։ Համապատասխան գործիքներ ունենալու դեպքում աշխատանքը շատ ավելի հեշտ կլիներ, բայց առայժմ ստիպված է յոլա գնալ ձեռքի տակ եղածով։
«Շատ ամուր մետաղներ են, դժվար է կտրելն ու կորացնելը։ Դժվարությամբ կտրում եմ, հետո երկար ժամանակ մուրճով հարվածում, որ կարողանամ ուզածս ձևը տալ։ Իհարկե, կան գործիքներ, որոնցով այդ ամենը կարելի է մի քանի րոպեում անել, բայց ես չունեմ։ Առայժմ հայրիկս իր ունեցած գործիքներն է տվել, դրանցով եմ աշխատում։ Հույս ունեմ՝ կկարողանամ զարգացնել իմ բրենդը»,– ասում է Լիան ու ցույց տալիս, թե որքան ջանք է պահանջվում նույնիսկ փոքրիկ գդալի պոչը կտրելու և կորացնելու համար։
Զարդագործությունն իր հետքն է թողել նաև Լիայի ձեռքերին․ մատները կոշտացել են, ձեռքերը կորցրել են նախկին փափկությունը։ Բայց նա չի դժգոհում։ Կարևորն այն է, որ գտել է իրեն հոգեհարազատ զբաղմունք և ստեղծում է իր պատկերացրած զարդերը։
Նման աշխատանքների հաջողված օրինակներ Լիան տեսել է արտասահմանում, սակայն Հայաստանում դեռ չի հանդիպել մեկին, ով հին դանակ-պատառաքաղներից ու գդալներից զարդեր պատրաստի։
Հարցին, թե սեփական գործը սկսելու ճանապարհին որն է իր ամենամեծ վախը, Լիան ժպտալով պատասխանում է՝ որ մի օր գդալներն ու դանակ-պատառաքաղները կսպառվեն։ Բայց, կարծես, դրա մասին անհանգստանալու պատճառ դեռ չունի։ Դիլիջանում նրան արդեն փողոցում էլ են ճանաչում ու առաջարկում իրենց հին սպասքը։

«Եղել են դեպքեր, երբ Դիլիջանում անծանոթ մարդիկ մոտեցել են ինձ ու ասել, որ մելքիորի դանակ-պատառաքաղ ունեն և ուզում են փոխանցել։ Մեծ սիրով ընդունել եմ։ Մտածում եմ՝ եթե մի օր պակասեն, գոնե վաճառքում կկարողանամ գտնել»,– պատմում է Լիան։
Նա չի փոխում հին սպասքի նախշերը՝ համոզված լինելով, որ դրանք ինքնին գեղեցիկ են։ Դժվարանում է առանձնացնել իր պատրաստած զարդերից ամենասիրելին, ասում է՝ բոլորն էլ սիրում է։ Բայց մատանիներից մեկը գրեթե միշտ մատին է։ Դրա վրա, Լիայի խոսքով, հավերժ կանացիության խորհրդանիշն է։ Թե այդ նշանն ինչպես է հայտնվել սովորական պատառաքաղի վրա, ինքն էլ է զարմանում։
«Այդ մատանին մատիս էր, երբ մի օր մի կին նկատեց, խնդրեց նայել ու հարցրեց. «Գիտե՞ս՝ էս ինչ է նշանակում։ Սա հավերժ կանացիության խորհրդանիշն է»։ Մինչ այդ առանձնապես չէի մտածել նախշի նշանակության մասին, բայց նրա խոսքերից հետո սկսեցի ավելի գիտակցաբար սիրել ու կրել այդ մատանին։ Թեև բոլոր նախշերն էլ շատ գեղեցիկ են, և ինձ համար յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի»,– պատմում է Լիան։
Առայժմ Լիան իր պատրաստած զարդերը հիմնականում նվիրում է, բայց հույս ունի շուտով նաև պատվերներ ընդունելու։ Կկարողանա՞ համատեղել բարում աշխատանքն ու զարգացող նոր գործը՝ ժամանակը ցույց կտա։ Ինքը, սակայն, տրամադրված է շարունակելու։
«Սա իմ ստեղծած աշխարհն է, ու ես պատրաստ եմ դեռ երկար աշխատելու, որովհետև հավատում եմ այս գործի հաջողությանը»,– ասում է Լիան ու կրկին անցնում աշխատանքի՝ քթի տակ երգելով։ Մուրճի հարվածների թխկոցն ու մելքիորի պատառաքաղների զրնգոցը խառնվում են նրա երգին։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















