Ինտեգրման դժվարությունները 50-ին մոտ և 50-ն անց բռնի տեղահանված կանանց համար
Երբ դեռ թոշակառու չես, բայց արդեն այն տարիքում ես, երբ նոր մասնագիտություն ձեռք բերելն ու վերափոխվելը հեշտ չեն տրվում, աշխատանք գտնելն ու ինքնադրսևորվելը դառնում են լուրջ խնդիր։ Միջին տարիքի մարդկանց համար Հայաստանում աշխատանք գտնելը դյուրին չէ, խնդիրները կրկնակի են բարդանում, երբ կորցրել ես տունդ, հայրենիքդ և բռնի տեղահանվել:
Իրենց կայուն կյանքը Արցախում թողած մարդիկ դժվարությամբ են հարմարվում նոր իրականությանը, իսկ աշխատաշուկայում, որտեղ առաջնահերթությունը տրվում է երիտասարդներին, աշխատանք գտնելը դառնում է լուրջ փորձություն հատկապես կանանց համար:
Որտե՞ղ է 50-ն անց կանանց տեղը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած՝ «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 և բարձր տարիքի 19007 կանանցից 2026 թ․ հունվարի 1-ի դրությամբ աշխատում են միայն 2823-ը՝ շուրջ 15%-ը։ 18217 անձ դիմել է աջակցության ծրագրերին, 283-ը՝ զբաղվածության պետական ծրագրերին, իսկ «Գործ» և E-work համակարգերում աշխատանք գտնելու համար գրանցվել է 830 անձ։
Այս թվերի հետևում մարդկային պատմություններ են։ Հինգ կանանց պատմություններով վեր է հանվում Հայաստանում տարածված մի ցավոտ խնդիր՝ տարիքային խտրականությունը՝ էյջիզմը։
Անահիտ․ «Կարծես բորոտ լինենք»
Անահիտը գրադարանավարուհի է։ Աղջկան, որն այսօր կոնսերվատորիայի ուսանողուհի է, միայնակ է մեծացրել։ Բռնի տեղահանումից հետո հայտնվելով Երևանում՝ աշխատանք էր գտել գրադարանում, սակայն երկար չի աշխատել, ասում է՝ աշխատավայրում ստեղծված ծանր մթնոլորտի պատճառով թողել է աշխատանքը։
Անահիտը նրբանկատորեն շրջանցում է այս թեման՝ խուսափելով որևէ մեկի հասցեին բացասական գնահատականներ տալուց, սակայն խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ խնդիրը կապված էր «ղարաբաղցի-հայաստանցի» տարանջատման հետ։
Գրադարանի աշխատանքից հեռանալուց հետո Անահիտը այլևս չի կարողանում աշխատանք գտնել։ Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտը տարիքն է․ աշխատաշուկայում 50-ն անց կանայք դուրս են խաղից։ Գործատուները նրանց հաճախ նույնիսկ չեն դիտարկում որպես հավանական թեկնածու։ «Կարծես բորոտ լինենք»,- ասում է Անահիտը՝ նկարագրելով անտեսվածության ու մերժվածության այն պատը, որին բախվում է։

Անահիտը պատմում է, որ գործատուները պատրաստ են աշխատանքի վերցնել ուսանողուհի աղջկան, սակայն նրա համար ուսումն ու աշխատանքը համատեղելը դժվար է։ Առայժմ երգչախմբում է ընդգրկված, աշխատավարձը 70 հազար դրամ է։ 40+10 աջակցության դադարեցումն էլ ավելի է խորացրեց ճգնաժամը։ Երկար ժամանակ էժան վարձու բնակարանի փնտրտուքով են զբաղված, մայր ու աղջիկ այլևս ի զորու չեն ամեն ամիս 170 հազար դրամ վճարել։
Աշխատանք փնտրելիս Անահիտը արձագանքել է վարսավիրանոցում մաքրուհու թափուր տեղի հայտարարությանը։ Նշում է՝ սկզբում պայմանավորվածությունները հստակ էին, սակայն մի քանի օր անց գործատուն սկսել է աստիճանաբար ավելացնել թե՛ աշխատանքային ժամերը, թե՛ պարտականությունները՝ առանց վարձատրությունն ավելացնելու. «Վիրավորանքից հացս կուլ չէր գնում․ մեզ ո՞ւմ տեղն են դրել։ Թևաթափ դուրս եկա այդտեղից»։

Լուսանկարները նախկին երջանիկ կյանքից են, երիտասարդ տարիներին ճամփորդել է ողջ Խորհրդային Միությունով, եղել է նաև Գերմանիայում, Բուլղարիայում։ Այստեղ խաղողաքաղ են անում, այս մեկն էլ հարազատ գրադարանում է, որտեղ Անահիտը սիրով գրքեր է հանձնում ուսանողներին։ Այժմ գրադարանն էլ չկա, իր նախկին կյանքն էլ, վերադառնալու հույսն էլ։
Մերի. «Արցախում ես այս գործով չէի զբաղվի»
Մերի Ջավադյանը 20 տարի աշխատել է պետական համակարգում, անշարժ գույքի կադաստրում գրանցման բաժնի պետ էր։ Հայտնվելով Երևանում՝ 50-ամյա կինը սկզբում ընդգրկվել է ՀԲԸՄ ծրագրում, որտեղ սնունդ են պատրաստել և ուղարկել մարզերում հաստատված բռնի տեղահանվածների ընտանիքներին։ Այդ աշխատանքի ընթացքում, իր խոսքով, ցրվում էր տխուր մտքերից, իրեն օգտակար զգում, օգնողի դերում էր, ոչ թե զոհի։

ՀՀ-ում գործարկված սոցիալական բաղադրիչ պարունակող ծրագրի շահառուն էր Մերին։ 6 ամիս աշխատեց «Կիսուր մամա» ատելիեում որպես դերձակի օգնական։ Նախկինում 350 հազար դրամ աշխատավարձ ստացող Մերին այստեղ իր աշխատանքի համար ստանում էր 120 հազար դրամ։ Ծրագրի ավարտից հետո գործատուն չկարողացավ աշխատանքով ապահովել Մերիին, թեև համապատասխան փորձ ձեռք բերեց և կապվեց կոլեկտիվին։
Այժմ Մերին իր ուժերը փորձում է լրիվ նոր ոլորտում՝ անշարժ գույքի առուվաճառք։ Առաջին հայացքից թվում է, թե այն կապ ունի Մերիի նախկին աշխատանքի հետ, սակայն այլ ոլորտ է, մեծ մասամբ կապված է վաճառքի հետ։ «Ես այս գործով Արցախում չէի զբաղվի, մի շարք աշխատանքներ այնտեղ չէինք անի, այստեղ ստիպված ենք»,- ասում է Մերին։

Իր 50 տարիները Մերին դիտարկում է որպես հարստություն ու փորձ, նա գնահատում է իր ապրած ամեն օրը։ Տանը կարում է ու հելունագործությամբ է զբաղվում է, արդյունքը օնլայն վաճառքի է դրվում, բայց այսօրվա հիմնական աշխատանքը դասապատրաստումն է։ Չորս ամիս տանն անգործ մնալուց հետո Մերին սկսեց աշակերտների հետ մաթեմատիկա պարապել։ Միտքը ծնվեց Բրյուսելում ապրող քրոջ ու նրա մոսկվայաբնակ ընկերուհու հեռախոսազրույցի ընթացքում, նրանք իրար հետ խոսելիս խորհուրդ տվեցին Մերիին զբաղվել մաթեմատիկայի հեռավար դասավանդմամբ, առաջին աշակերտներին էլ հենց նրանք գտան։ Այսօր դա Մերիի միակ հիմնական զբաղմունքն է։
Նունե․ «Երդվել էի, որ երբեք չեմ բաժանվի իմ երեխաներից»
Նունե Գրիգորյանը Մարտունու շրջանի Հերհեր գյուղից է, որպես կապավոր ծառայել է Արցախի պաշտպանության բանակում։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանի կողմից լայնածավալ հարձակում սկսվեց Արցախի դեմ, Նունեն ծառայության մեջ էր։ Մարտական գործողությունների դադարումից հետո սկսեց փնտրել իր հարազատներին։

Նունեի երկու անչափահաս զավակները և տարեց ծնողներն ապրում էին Հերհեր գյուղում։ Նունեն չգիտեր, թե ինչ էր պատահել նրանց հետ, որտեղ էին նրանք, ողջ էին, թե ոչ։ Արդեն հայտնի էր, որ ադրբեջանցիները հարձակվում էին գյուղերի վրա, և որ զոհեր կային, այդ թվում՝ երեխաներ։ Մի քանի օր շարունակ գյուղից ոչ մի լուր չկար։
«Դրանք իմ կյանքի ամենասարսափելի օրերն էին։ Ես սկսեցի փնտրել իմ ընտանիքին, հավատալով ամեն տեսակի լուրերի, ոմանք ասում էին, թե գյուղացիները տարհանվել են, ոմանք պնդում էին, թե նրանք դեռ այնտեղ են, ոմանք էլ ասում էին, թե թաքնվել են ինչ-որ կիրճում։ Ռուս խաղաղապահներից մեքենա կամ վառելիք խնդրեցի՝ մտածելով, որ նրանք կօգնեն ինձ որպես զինվորի և մոր, բայց նրանք անընդհատ ասում էին՝ ոչ: Ես երբեք չեմ մոռանա սպասման այդ սարսափելի օրերը: Կարող եմ ասել, որ նորից սկսեցի շնչել, երբ գյուղացիներից մեկից լուր ստացա, որ բոլորը ողջ են, անտառներով և այլ բնակավայրերով ճանապարհ են ընկել դեպի Ստեփանակերտ: Երեխաներիս ձայները լսեցի միայն սեպտեմբերի 25-ին»:
Նունեն, նրա երեխաները և ծնողները այժմ ապրում են Աբովյան քաղաքում: Նա միայնակ մայր է: Ընտանիքը բնակարան է վարձակալում: Հայաստան հասնելու առաջին օրվանից Նունեն սկսեց աշխատանք փնտրել:
«Առաջարկեցին վերադառնալ բանակ, կրկին հերթապահելու: Ես հրաժարվեցի, քանի որ սպասման այդ սարսափելի օրերին երդվել էի, որ երբեք չեմ բաժանվի իմ երեխաներից: Մենք կորցրինք մեր տունը, մեր հողը, բայց ընտանիքս մնաց: Որտեղ էլ լինենք, որքան էլ դժվար լինի, մենք պետք է միասին լինենք»:
Հայաստանում նա ընդունվեց վարսահարդարման դասընթացների՝ փախստականների համար նախատեսված կառավարության սոցիալական ծրագրի շրջանակներում: Հաջողությամբ ավարտեց դասընթացը, բայց չկարողացավ մասնագիտությամբ աշխատանք գտնել: Սրահները հրաժարվում էին վարձել փորձ չունեցողներին կամ առաջարկում էին աթոռ վարձակալել և հաճախորդներին ինքնուրույն գտնել: Այնուհետև նա աշխատանքի էր դիմում տարբեր ընկերություններում: Աշխատանք գտավ Երևանում, բայց աշխատավարձը հազիվ էր հերիքում տրանսպորտի ծախսերին: Հետո փորձեց աշխատել մանրածախ առևտրի կետերում, բայց մերժումներ ստացավ: «Տարիքի պատճառով մերժում են ինձ: Իսկ մի գործատու ասաց, որ հոգեբանական տրավմաներ չունեցող մարդիկ են պետք»:
Նունեն այժմ լրացուցիչ գումար է վաստակում բնակարաններ մաքրելով, սակայն աշխատանք հազվադեպ է լինում: Նա շարունակում է մշտական աշխատանք փնտրել: Տարեցների կենսաթոշակի և սոցիալական ապահովագրության նպաստների մի մասը (30000 դրամ) գնում է վարձավճարին, մնացած ամեն ինչի համար ընտանիքը ստիպված է մեծ խնայողություններ անել:
Մոնիկա․ «Իմ 30 տարվա փորձը ոչ մեկին չի հետաքրքրում»
Մոնիկա Գրիգորյանը ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Այնտեղ ամուսնացել է, գրեթե 30 տարի աշխատել խոշոր ընկերությունում որպես հաշվապահ։ Ամուսնու հետ մեծացրել է երկու երեխա և տուն կառուցել։ Բռնի տեղահանվելուց հետո ընտանիքը հայտնվել է Չարենցավան քաղաքում։
«Նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ ես չեմ լքել Ստեփանակերտը, սպասել եմ որդուս և ամուսնուս պատերազմից վերադառնալուն։ Եվ 2023 թվականի սեպտեմբերին, մինչև վերջ, չէի հավատում, որ մեզ կարող են ստիպել լքել Արցախը»։

Մոնիկայի կարծիքով՝ արցախցիների համար փորձությունները Հայաստանում չեն ավարտվել, դրանք պարզապես նոր տեսք են ստացել՝ հոգեբանական ճնշում և սոցիալական խնդիրներ։ Այդ փորձություններից մեկը, ըստ նրա, այն մարդկանց զբաղվածության հարցն է, որոնք երիտասարդ չեն, բայց դեռ շատ հեռու են թոշակի անցնելուց։
Մոնիկան չի հիշում իր կյանքի մի օր, երբ անգործ է եղել։ Մինչ ընտանիքի տղամարդիկ կարողացան աշխատանք գտնել, թեկուզև ցածր աշխատավարձով, 50-ամյա Մոնիկան ստիպված էր բախվել դաժան իրականությանը. ոչ ոք չէր հետաքրքրվում նրա փորձով։
«Չարենցավանը փոքր քաղաք է, քիչ աշխատատեղերով։ Նույնիսկ եթե ես ինչ-որ բան գտնեի, նրանք ինձ աշխատանքի չէին վերցնում։ Ես փնտրում էի ցանկացած աշխատանք, նույնիսկ եթե դա իմ մասնագիտությամբ չէր։ Բայց նրանք, միևնույն է, հրաժարվում էին՝ ասելով. «Մեզ երիտասարդ, ուժեղ մարդիկ են պետք»։ Զգում էի՝ ոչ մեկին պետք չեմ»։
Բռնի տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրի շրջանակներում Մոնիկան երեք ամիս աշխատել է կարի ընկերությունում, որտեղ նրան խոստացել էին կար անելու հմտություններ սովորեցնել, սակայն բիզնեսը շուտով փակվել է։
Մոնիկան հիշում է, որ մի ժամանակ լավ կար էր անում, ինչպես նաև հագուստ էր հյուսում։ Սովորել էր 1990-ականներին՝ Արցախի առաջին շրջափակման ժամանակ։ Մինչ տղամարդիկ կռվում էին, կանայք և երեխաները օրերն անցկացնում էին ապաստարաններում՝ անընդհատ հրետանային և օդային հարվածների պատճառով։ Նկուղում, մոմի լույսի ներքո, տարեց կանայք երիտասարդներին էին փոխանցում կարուձևի, ասեղնագործելու, հյուսելու հմտություններ: Նրանք հիմնականում գուլպա ու գլխարկ էին հյուսում կռվող տղամարդկանց համար, բայց աղջիկներին հաջողվեց ստեղծել իրենց սեփական և յուրահատուկ ստեղծագործությունները։

«Ո՞վ կմտածեր, որ նկուղներում սովորած ասեղնագործության դասերը 30 տարի անց օգտակար կլինեն։ Ես որոշեցի փորձել. գնեցի մի քիչ թել, սկսեցի պայուսակներ ու շալեր հյուսել, ապա սրբիչներ ու անկողնային պարագաներ կարել։ Ընկերուհիս ինձ կարի մեքենա տվեց։ Ես տնից եմ աշխատում, պատվերներ եմ ընդունում, երբ լինում են։ Ամուսինս ասում է. «Կարևոր չէ, որ քիչ ես վաստակում, կարևորն այն է, որ քեզ չես տանջում անցյալի մտքերով ու հիշողություններով»։
Կինը խոստովանում է, որ առանց կայուն եկամտի իրեն լիարժեք չի զգում։ Նա ցանկանում է նպաստել իր ընտանիքի բարեկեցությանը, ուստի շարունակում է աշխատանք փնտրել։
Գայանե․ «Էլի նույն ձևով վազվզում եմ, բայց անարդյունք»
Գայանեին հանդիպեցինք Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցու բակում, նա ամեն շաբաթ-կիրակի երգում է եկեղեցու երգչախմբում։ Երգեցողության ուսուցիչ է, Ստեփանակերտում միանգամից մի քանի տեղ էր աշխատում։ 2020 թվականի պատերազմից հետո իր նոր տան շինարարությունն էր ավարտին հասցրել։
Կառուցել, սակայն չէր հասցրել վայելել։

Երևան եկավ իր մեքենայով, երեխաներին միայնակ մեծացրած Գայանեն սովոր է իր խնդիրները ինքնուրույն լուծել։ Ի տարբերություն մեր մյուս հերոսուհիների՝ իր առաջին աշխատանքը Գայանեն տեղահանումից հետո արագ գտավ։ Բախտս բերեց՝ ասում է։
Գործընկերներից շատերը դեռ անգործ են, մշակութային կոլեկտիվներում տեղավորվելն այնքան էլ հեշտ չէ։ Նույնիսկ այն խմբավարներին դիմեցին, որոնք Ստեփանակերտ գալիս-գնում էին, ծանոթ էին իրենց երգեցողությանը, բայց ապարդյուն։
Գայանեն աշխատանքի անցավ մանկապարտեզում։ Զուգահեռաբար տանը զամբյուղներ էր հյուսում ու վաճառում։ Երախտագիտությամբ է հիշում իր տանտիրոջը, որի օգնությամբ առաջին մեծ խմբաքանակը վաճառեց սփյուռքում։
Այժմ ապրում է երևանամերձ Զովունիում։ Այստեղ տուն վարձելն ավելի մատչելի է․ բնակարանային ծրագրով տուն ձեռք բերելու մասին չի էլ երազում, անհնարին է թվում․ Գայանեի 2 հոգանոց ընտանիքին այդ ծրագրով 6 մլն կհատկացվի, դժվար թե դրանով ստացվի տուն գնել նույնիսկ Զովունիում, նույնիսկ վատթար վիճակում։
Զովունիի մանկապարտեզում աշխատանքը գտավ, Երևանի կենտրոնում էլ մյուս աշխատանքն է։ Ինչպես Ստեփանակերտում էր մի քանի տեղ վազվզելով աշխատում, այնպես էլ այստեղ, սակայն մի մեծ տարբերությամբ՝ եթե այնտեղ այդ վազվզուքի արդյունքում սեփական տուն է կառուցել, այստեղ դա անհնարին է։
Շաբաթ-կիրակի օրերին եկեղեցու երգչախմբում երգող Գայանեն առ Աստված մի աղոթք ունի՝ կրկին լիարժեք կյանքով ապրել ու սեփական տանիքն ունենալ։
Մարինե Մկրտչյան
Ալվարդ Գրիգորյան
Մարինե Մկրտչյանն ու Ալվարդ Գրիգորյանը արցախցի 50-անց կանայք են, որոնք նույնպես աշխատանքի փնտրտուքի մեջ են։



















