Ջորջ Սորոսի հիմնադրած Բաց հասարակության հիմնադրամները հայտարարել են, որ առաջիկա հինգ տարիներին 300 մլն դոլար կհատկացնեն «ԱՄՆ-ում ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությանն ու տնտեսական անվտանգության ամրապնդմանը»։
Հայտարարությունը հնչում է այն ֆոնին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ուժեղացել է ճնշումը մի շարք ոչ առևտրային կազմակերպությունների և բարեգործական հիմնադրամների նկատմամբ։ Պահպանողական շրջանակները պահանջում են հետաքննել կազմակերպություններին, որոնց մեղադրում են անօրինական ներգաղթին, կլիմայական ծրագրերին կամ ծայրահեղ ձախ խմբերին աջակցելու մեջ։
Բաց հասարակության հիմնադրամների ԱՄՆ գծով գործադիր տնօրեն Լալե Իսփահանին հայտարարել է, որ իրենք շարունակելու են աշխատանքը․ «Մեզ չեն կարող լռեցնել վախեցնելով»։
Նշվում է, որ սա հիմնադրամի առաջին խոշոր՝ ԱՄՆ-ին ուղղված նախաձեռնությունն է Ալեքս Սորոսի ղեկավարությամբ։ Ջորջ Սորոսի որդին հիմնադրամների նախագահն է դարձել ներքին վերակազմավորումից հետո։



















