Կա պետության բռնության իրավունքը և կա քաղաքացու բռնության իրավունքը:
Քաղաքացին բռնանում է ապստամբության միջազգայնորեն սահմանված իրավունքով, պետությունը դրան դիմադարձում է ամբողջականության անհրաժեշտությունն ու քաոսի դեմն առնելու սահմանադրական իրավունքը: Հայաստանում ապստամբության կոչեր բազմիցս են հնչել: Պետությունը միշտ վստահեցրել է, որ օրենքի ամբողջ ուժով կանխելու է դա: Կա փոքրիկ խնդիր. դա բռնության լեգիտիմ իրավունքն է: Երբ քաղաքացին ինքն է ձևավորում իր իշխանությունը, այդ լիազորման մեջ դնում է նաև իր հանդեպ բռնության լեգիտիմ իրավունքը: Երբ քաղաքացուց խլվում է իշխանություն ձևավորելու իրավունքը, թվում է, թե նա ազատ է ցանկացած պահի ցանկացած միջոցներով վերադարձնել իրենից խլված իշխանությունը:
Իշխանությունը, ինչ կերպ էլ ձևավորված լինի, որպես պետության կառավարման այդ պահի առաջնային մանդատի ներկայացուցիչ, միջոցներ է ձեռք առնում: Բռնությունն այդ միջոցներից մեկն է: Իշխանությունն ամեն ինչի անունը կարող է դռնել բռնության կոչ, եթե նրանում հենց իշխանության, ոչ թե պետության ամբողջականության դեմ ուղղված միտումներ է տեսնում: Երբ իշխանությունը սպանում է, դրա անունը դնում է սահմանադրական իրավունքի վերականգնում: Հատկապես եթե սպանում է քաղաքացուց խլված իշխանությունը պահպանելու համար: Իրավունք ունի՞ քաղաքացին վերադարձնել իրենից խլված իշխանությունը ապստամբության ճանապարհով: Ըստ իս` իրավունք ունի, սակայն ոչ զինված ճանապարհով: Թեպետ իշխանությունը սպանելու համար քաղաքացու մոտ զենք կգտնի, երբ իրեն պետք է: Նույնիսկ եթե քաղաքացին ոչինչ չի լսել այդ զենքի մասին և զենքի տեսքին էլ չի տիրապետում: Սակայն երբ քաղաքացին զինվում է ընդդեմ իշխանության, այն միշտ պետության դեմ է: Կողմերից մեկը պետք է այնպիսի ատամներ ցույց տա, որ մյուսը նահանջի: Եթե պետության ատամներն ավելի սպառնալից են, քաղաքացին պետք է նահանջի, որովհետև ոչ ոք չեղյալ չի համարել և չի համարելու պետության բռնության իրավունքը:
Պետության «բառապաշարն» ավելի հարուստ է անվանելու քաղաքացու` իշխանության ձևավորման իր իրավունքը վերադարձնելու ցանկացած մղում: Այդ «բառապաշարի» մեջ կարող են լինել` «իշխանության տապալման հակասահմանադրական կոչեր», «զինված ապստամբությունը և այլն: Պետությունն ավելի «լայն» երևակայություն ունի գտնելու այդ ապստամբության համար անհրաժեշտ քաղաքացու զենքերը, նույնիսկ եթե դրանք պարզապես չկան: Պետության, այսինքն` ոչ լեգիտիմ ճանապարհով ձևավորված իշխանության ձեռքերը միշտ ավելի ազատ են անբարոյականության համար: Բայց նա առաջնային մանդատի կրողն է, ինչ ճանապարհով էլ որ ձեռք բերած լինի այդ մանդատը: Եթե քաղաքացին իշխանության ձևավորման իր իրավունքները մինչև վերջ չի իրացրել, նա ձևավորված իշխանությանը տալիս է նաև անբարոյականության «սահմանադրական» իրավունքը:
Պետությունը` հանձին հակասահմանադրական ճանապարհով ձևավորված իշխանության, ավելի ազատ է ինքնապահպանման բնազդի իրացման մեջ: Քաղաքացին այդ ազատությունը չունի: Քաղաքացին չունի իր ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը: Երբ խոսվում է քաղաքացու ատամների մասին, հենց դա նկատի ունենք՝ այդ ատամները պետք է այնքան ճշմարիտ և ծանրակշիռ սպառնալիք կրեն իրենց մեջ, որ ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը և բանակը որոշեն կանգնել նրա կողքը: Այսօր նման հնարավորություն Հայաստանի քաղաքացին չունի: Իշխանության տապալման նրա իրավունքը միշտ լինելու է հակասահմանադրական և պետական կարգին սպառնացող, քանի դեռ հենց ինքը՝ քաղաքացին է պետությունը վարակում հակալեգիտիմության վարակով:
Քաղաքացին ապստամբելու իրավունք չունի, քանի դեռ ինքը պետության բոլոր ինստիտուտների իրացման և օրինականության համար բոլոր ջանքերը չի գործադրել: Դա գրեթե նույնն է, որ ոչ մի աղոթք չի հասնի Աստծուն, քանի դեռ դու ամեն ինչ չես արել, որ քո ցանկություններն իրականանալի լինեն առանց Աստծո: Աղոթքն անհասանելի է, եթե աղոթողը «լեգիտիմ» չէ առանց Աստծո արդյունքի հասնելու իր ջանքերի մեջ: Աղոթողն Աստծուն պետք է նկատի ունենա վերջում, Աստված պիտի տեսնի, որ առանց իրեն արդյունքի հասնելու բոլոր ջանքերը սպառվել են: Նա կա միայն դրանից հետո: Ապստամբելու իրավունքի համար քաղաքացին պետք է իր ներսում ավարտի ապստամբության ինստիտուտուցիոնալացման վերաբերյալ բոլոր հարցերը: Ապստամբության իր իրավունքի մեջ պետությունը պետք է բարձրանա նույնքան անվնաս, որքան այն կար մինչև ապստամբությունը: Այսինքն` դա պետք է լինի այնքան սահուն, որ պետությունը չզգա քաղաքացու և իշխանության սեղմված ատամներով կռիվը: Այլ ապստամբություն ուղղակի գոյության իրավունք չունի:
Մհեր Արշակյան
MediaLab.am