Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ.Պեսկով

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք ուշադիր հետևում ենք: Բնական է, անհանգստացած ենք իրադրության սրման առնչությամբ: Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, իսկ ամենակարևորը՝ կյանքի կոչել բոլոր հայտնի եռակողմ փաստաթղթերի դրույթները»,- ասել է նա:

Պեսկովը տեղեկացրել է, որ ԼՂ-ում իրադրության լարման հետ կապված ՌԴ նախագահ Պուտինի գրաֆիկում չկա ծրագրված հեռախոսազրույց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Այս պահին նախագահի գրաֆիկում չկա: Սակայն եթե կարիք լինի, ապա շատ օպերատիվ կերպով նման շփում կարող է իրականացվել»,- ասել է նա:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը: