«Չխոպանչի կնոջ» արդարացումը

Մհեր Արշակյան

Այսօր Աննա Հակոբյանը փորձել է փակել այն թեման, թե «պատերազմի ժամանակ վարչապետի կինը ի՞նչ գործ ուներ բունկերներում»:

Աննան ճիշտ է արել, որ փորձել է այս հարցը փակել: Չուզողի աչքն էլ հանել է: Նույնիսկ լավ է արել: Բայց ինչպե՞ս է փակել հարցը: Ա՛յ դա վատ է արել: Որովհետև նա ծաղրել է… անկրթությունը: Այսինքն՝ բոլոր նրանց, որոնք «հերոսածին մայրեր» որակումից դուրս են:

Եթե անկեղծ, նույնիսկ այստեղ չի սխալվում Աննան: Ծաղրելին պիտի ծաղրվի, որովհետև չի կարելի կնոջը, որը սեփական ոտքեր ունի, ցույց տալ իր տեղը, ինչպես շատերն էին պատերազմի օրերին Աննային իր տեղը ցույց տալիս:

Բայց փոքրիկ խնդիր կա: Բոլոր ծաղրողները չեն եղել բունկերում ու չեն իմացել, թե ինչպես է այնտեղ որոշվում իրենց որդիների, հայրերի, հորեղբայրների ճակատագիրը: Նրանք մարդկանց են ուղարկել կռվի ու չեն կարողացել հետևել նրանց ամեն քայլին: Իսկ Աննան կարողացել է, որովհետև իր որդին էլ է եղել ճակատում, փառք Աշոտին:

Աննան պետք է մոռանա մարդկանց ծաղրել անհավասարության դիրքերից: Աննան կիրթ կին է, ու ցավի նրա զգացումները հերքելի չեն: Բայց երկու տարի նա «ծամել» է ծաղրողներին հարվածելու եղանակը: Աննան չի խնայել ոչ մեկին:

Երևում է, որ երկու տարի նա ուրիշ ոչնչի մասին չի մտածել, այլ միայն խփելու, ցավոտ խփելու մասին: Ու որպեսզի իր հարվածն ավելի ցավոտ լինի, նա թաքնվում է հարյուրավոր կանանց թիկունքին, խփում է այդ հարյուրավոր կանանցով:

Նա ասում է, որ Հայաստանում ընկալում կա, թե սրբություն են միայն հերոսածին մայրերն ու 70-ն անց մայրերը, «մնացած բոլոր կանայք՝ հարևանի կինը, բարեկամի կինը, ընկերոջ կինը, մահացած ընկերոջ կինը, պաշտոնյայի կինը, պաշտոնյա կինը, անմարդ կինը, մարդով կինը, կայացած կինը, չկայացած կինը, գեղեցիկ կինը, տգեղ կինը, հաճելի կինը, տհաճ կինը, հարուստ կինը, աղքատ կինը, կրթված կինը, անկիրթ կինը, խոպանչու կինը, չխոպանչու կինը, հղի կինը, չբեր կինը, նրանք բոլորը, անխտի՛ր բոլորը ըստ անհրաժեշտության կամ արդեն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականներ են»:

Այո՛, դատապարտելի ընկալում է, բայց տիկին Աննային դատապարտել են ոչ թե որ նա հերոսածին մայր չէ կամ ոչնչով ավելին չէ «չխոպանչու կնոջից», այլ որ քաղցկեղի վիրահատության ժամանակ ոչ ոք կողմնակի մարդուն, որը բժշկության հետ կապ չունի, չի հրավիրի վիրահատարան ու առավելևս չի մտածի, որ եթե թույլ չտա մտնել վիրահատարան, իր օրերը հաշված են: Էս մասին է խոսքը:

Քեզ թույլատրված է, մյուս մայրերին թույլատրված չէ, մինչդեռ դու միայն գերագույն գլխավոր հրամանատարի կինն ես, դու հրամաններ չես կարող տալ, դու ոչ մի լիազորություն չունես, և եթե պրոտոկոլը քեզ չի արգելել, ապա այն պատճառով, որ նույնիսկ չի էլ ենթադրել, որ նման բան է հնարավոր: Դու, կարճ ասած, Ելենա Չաուշեսկուն չես, որի թուրն աջ ու ձախ կտրում էր:

Երբեք չեմ հասկացել քեզ այդ առիթով դատափետողներին, բայց նույնքան չեմ հասկանում երկու տարի ծամծմված այսպիսի բացատրությունը: Իսկ բացատրություն այդպիսի քայլին հաստատ կա: Փորձի՛ր ևս մեկ անգամ:

Մհեր Արշակյան

MediaLab.am