«ՀՀ իշխանությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգը պետք է հեռանա, որ բանակին հատկացված միջոցները բանակին հասնեն». Վահրամ Թոքմաջյան

«ՀՀ իշխանությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգը պետք է հեռանա, որ բանակին հատկացված միջոցները բանակին հասնեն». Վահրամ Թոքմաջյան
«ՀՀ իշխանությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգը պետք է հեռանա, որ բանակին հատկացված միջոցները բանակին հասնեն». Վահրամ Թոքմաջյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

– Պարո՛ն Թոքմաջյան, վերջին շրջանում բանակին լվացքի մեքենա մատակարարելու, տուֆ ձեռք բերելու համար գումար հավաքելու ակցիաներ են անցկացվում, որին միացել է նաև ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: Ազգ-բանակ կոնցեպտին զուգահեռ «ազգ-լվացքի մեքենա» նախաձեռնությունն է իրականացվում, որը հանրության լայն շերտերի քննադատությանն է արժանացել: Մարդիկ հարցադրում են անում, թե ինչո՛ւ պետությունը չի լուծում այս խնդիրները, ինչո՛ւ են նորից դիմում հանրությանը:

– Ես ազգ-բանակ կոնցեպտի մասին արդեն հրապարակավ արտահայտվել եմ: Դա իշխանության սպառման վերջնակետն է՝ ունենալ ռազմականացված, շովինիստական ու զոմբիացած հասարակություն: Խոսել եմ նաև այն մասին, որ ես կտրուկ դեմ եմ բարեգործությանը, եթե խոսքը պետական ինստիտուտի մասին է, իսկ Հայաստանի բանակը պետական ինստիտուտ է, պետության կարևորագույն ինստիտուտը, որին բյուջեից հատկացվում են միջոցներ:

Ես արդեն իմ ներդրումն ունեմ այդ բանակի կայացման գործում՝ հարկեր վճարելով: Եթե դու բարեգործությամբ ես բանակ պահում, դա նշանակում է պետության կործանում: Ես օրինակ եմ բերել, որ եթե բարեգործությամբ բանակ ու պետական ինստիտուտ պահեին Մանթաշյանների ժամանակ, դա նորմալ էր, որովհետև այն ժամանակ պետություն չունեինք: Բայց մենք ունենք արդեն 30 տարեկան պետություն, ինչի՞ մասին է խոսքը:

Կարող ենք 100 տարի անընդհատ ասել՝ մենք անցումային հասարակություն ենք, բայց խնդիրը դա չէ: Փաստ է այն, որ այսօր բավական մեծ գումարներ են բյուջեից փոխանցվում բանակին: Այսօր ՀՀ իշխանությունը զավթած քրեաօլիգարխիկ համակարգը պետք է հեռանա, որ բանակին հատկացված միջոցները բանակին հասնեն: Եվ ոչ ոք թող հասարակությանը չխեղդի պաթոսով, թե բանակի համար պետք է ամեն ինչ անենք: Ես արդեն անում եմ՝ իմ չեղած ու թշվառ աշխատավարձից 25 տոկոս պետությանը տալով:

Ինչ վերաբերում է բանակին տուֆ քարով ապահովելու նախաձեռնությանը, որը Շուշան Պետրոսյանն է առաջ քաշում, ես այդ գումարի տեղը գիտեմ: Ասեմ Շուշան Պետրոսյանին՝ Հյուսիսային պողոտայի հայտնի բրենդային խանութներից մեկում իր կոլեգաներից մի քանիսն օրերս բավական մեծ գնումներ արեցին, 300-400 հազար դրամով փողկապ գնեցին: Թող այդ մարդկանց, որ նստում են հենց Շուշան Պետրոսյանի կողքին, կոչ անեն մի երկու շաբաթ նման փողեր չծախսել, այդ փողերը տան բանակին:

– Շուշան Պետրոսյանը հայտարարել է, որ այսօր էլ շատ գործարարներ ու պաշտոնյաներ օգնում են բանակին:

– Ուրեմն, շատ կներեք, ես իմ մասնակցությունն արդեն ունեմ, ո՛չ Շուշան Պետրոսյանի կոչին եմ սպասում, ո՛չ էլ այլ մեկի: Իսկ ինչո՞ւ պետք է բանակին հատկացվող միջոցները լափեն, թող հիմնավորեն, թե ի՛նչ փողերով են թանկարժեք ավտոմեքենաներով պտտվում, ի՛նչ փողերով են դղյակներ կառուցում: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, թե ի՛նչ է կատարվել բանակում:

– Իսկ ապրիլյան պարտերազմից հետո ինչ-որ բան փոխվե՞լ է պաշտպանությանն ուղղված գումարները հնարավորինս նպատակային ծախսելու առումով:

– Ես չեմ տեսել էական որևէ փոփոխություն: Դեռ կան իրենց զինծառայողներին տուլիկներ ու գումար ուղարկող ընտանիքներ: Ես չեմ ասում, որ համատարած այդպես է, բայց շատ տեղերում կա: Իսկ կոռուպցիան չի նվազել, քանի որ ընդհանրապես Հայաստանի պետական համակարգը, մասնավորապես, իշխանական համակարգը նստած է կոռուպցիայի վրա: Եթե այդ համակարգում կոռուպցիա չլինի, համակարգը կփլուզվի: Այստեղ գաղափարի, պետականաշինության խնդիր չէ, իրենք այդ համակարգի մեջ են, որովհետև կա կոռուպցիա: Եթե կոռուպցիա չլինի, իրենք ի՞նչ են անում այնտեղ, կարո՞ղ է մեզ նման չնչին աշխատավարձ են ստանում, տարիներով կուտակում, իսկ հետո Հյուսիսային պողոտայում տուն գնում:

– Ստացվում է, որ թեև բանակին պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը տարեցտարի ավելանում է, սակայն բանակի խնդիրները դարձյալ հասարակության միջին կամ աղքատ խավի վրա են ծանրանում, անընդհատ մարդկանցից գումար են «մուրում»: Եթե դիտարկում ենք նոր ծրագրերը, օրինակ՝ «Ես եմ»-ը, թիրախը դարձյալ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներն են, որոնց փորձում են գումարով գայթակղել ու երեք տարով ծառայության ուղարկել:

– Մեզ նման հասարակություններում, երբ ամեն ռացիոնալ միտք սպառում է իրեն, միշտ էլ դրվում են տաբու հանդիսացող թեմաներ և հասարակությանը ստիպում են այդ մեկ համակարգի ուղղությամբ մտածել ու գործել: Անգամ ամենաազատական մարդիկ, ովքեր հասկանում են այդ ամենը, վախենում են այդ համակարգին կպնել:

Եթե 4-5 տարեկան երեխան մանկապարտեզում հանդեսի ժամանակ երգում է «Կռիվ ենք գնում ախպերս ու ես», կամ 5 տարեկան երեխան ասում է, որ մեծանա՝ զինվոր է դառնալու, որպեսզի թուրք սպանի, այդ նույն համակարգում միշտ էլ ծանր պայմաններում, հայտնի խոսք կա, «անունը դնում են հայրենիք ու տալիս են մեզ»: Հենց մի քիչ հանդարտվում է, ուտելու պայմաններ են լինում, պարզվում է՝ արդեն չէ, երկիրն իրենցն է:

Մարդկությունը չի հորինել ավելի լավ ու արդյունավետ հարստանալու միջոց, քան պատերազմն է: Պատերազմը շատ ավելի մեծ գումար է բերում, քան թմրանյութերի վաճառքը: Դրա համար այն, ինչ այսօր Հայաստանում կատարվում է, օրինաչափ է պատմական կենսափորձով: Պատմությունից արդեն հայտնի է, որ երբ ռեժիմներն իրենց սպառում են, պատրաստ են մինչև վերջ կեղեքել իրենց հասարակությանը: Եվ, այո՛, մենք՝ աղքատներս, պետք է ծառայենք, որպեսզի հարուստներն ու իրենց զավակները վայելեն: Դա միշտ եղել է, գիտակից հասարակություններում սա հաղթահարել են, բայց, ցավոք, մեզ այսօր գիտակից հասարակություն չես համարի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am