«Միշելի խոսնակի հայտարարությունն ամբողջությամբ ուղղված էր Ադրբեջանին ու պատասխան էր Ալիևի՝ Զանգելանում ունեցած ելույթին». Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակ Բարենդ Լեյցի հայտարարության մեջ որևէ նորություն կա՞ր, ու ինչի՞ համար է այդ հայտարարությունն արվել:

– Այս հայտարարությունը, կարծում եմ, արձագանք է Իլհամ Ալիևի մայիսի 27-ի՝ Զանգելանում արված մի շարք հայտարարությունների, երբ Ադրբեջանի նախագահն ակնհայտորեն խեղաթյուրել էր Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման բովանդակությունը, ինչպես նաև հայտարարության տեքստում տեղ գտած ձևակերպումները:

Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, նշել էր, որ կողմերը համաձայնության են եկել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև ավտոճանապարհային ուղու հարցի շուրջ, ինչը հետագայում հերքեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Մեծ հաշվով այս հայտարարության մեջ տեղ գտած բոլոր կետերը պատասխան էին Իլհամ Ալիևին, որը նաև հայտարարել էր, թե միջազգային հանրությունն ընդունում է Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր գոյություն չունի, ինչին ևս այս հայտարարության մեջ անդրադարձ կա: Մի խոսքով, այս հայտարարությունն ամբողջովին պատասխան էր ադրբեջանական կողմին, և բոլոր մեսիջներն ուղղված են Ադրբեջանին:

Հաշվի առնելով, որ այդ հայտարարության մեջ նաև նշված է, որ «ԼՂ խնդրի հետ կապված բոլոր հարցերի կարգավորումը հնարավոր ենք համարում բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ», կարո՞ղ ենք եզրակացնել, որ Եվրամիությունը պատրաստ է այս հարցով Ռուսաստանի հետ մեկ սեղանի շուրջ նստելու:

– Այստեղ դժվար է ասել, թե շահագրգիռ կողմեր ասելով ի՛նչ է հասկանում Եվրամիությունը, հնարավոր է, որ հասկանում է Հայաստանն ու Ադրբեջանը կամ, գուցե նաև, Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այսինքն՝ միանշանակ չենք կարող ասել: Եթե Ռուսաստանի մասին խոսք լիներ, կարծում եմ, որ ակնարկն ավելի պարզ կլիներ: Չեմ կարծում, թե այստեղ Ռուսաստանին ուղղված ակնարկ կար:

Պարո՛ն Գրիգորյան, հաշվի առնելով թե՛ Ալիևի այդ հայտարարությունները, թե՛ ադրբեջանական կողմի նախաձեռնած սահմանային կրակոցները, որքանո՞վ եք հնարավոր համարում հարաբերությունների կարգավորումը, խաղաղության դարաշրջանի բացումը:

– Իրականում, ինչպես տեսնում ենք, խաղաղության պայմանագրի բովանդակության վերաբերյալ նույնիսկ միակարծություն չկա: Այս հայտարարության մեջ նաև հստակ ներկայացված է, թե Եվրամիությունն ի՞նչ է պատկերացնում խաղաղության պայմանագիր ասելով՝ խաղաղության պայմանագրի մաս է համարում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր հարցերը: Կա նաև մոտեցում, որ խաղաղության պայմանագիրն առանձին գործընթաց է, որ առաջին հերթին ենթադրում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում, ապաշրջափակում, դելիմիտացիա, դեմարկացիա, իսկ ղարաբաղյան հակամարտությունն այլ գործընթաց է ու պետք է այլ լուծումներ ունենա:

Այս հարցի շուրջ նույնիսկ Երևանում հստակություն չկա, չեն կարողանում կողմնորոշվել, բայց ակնհայտ է նաև, որ նույնիսկ առկա գործընթացներում կան դեռևս լուրջ խնդիրներ, որոնց համար լուծումներ գտնելը բավականին բարդ է լինելու, ու Ադրբեջանն օգտագործելու է ուժային ճնշման իր քաղաքականությունը, որպեսզի հասնի իր համար ցանկալի արդյունքների:

Այսինքն՝ սահմանային հետագա միջադեպեր, էսկալացիաներ չե՞ք բացառում:

– Չեմ բացառում, որովհետև, եթե բանակցությունները չընթանան Ադրբեջանի համար ցանկալի սցենարով, ապա որևէ բան չի զսպելու Ալիևին հերթական անգամ սադրանքների դիմելու: Մենք տեսնում ենք, որ, մեծ հաշվով, բոլոր գործընթացներում կան խնդիրներ, որոնց շուրջ դժվար է ինչ-որ փոխզիջում պատկերացնել, օրինակ՝ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհն ու երկաթուղին դե ֆակտո չվերահսկվի Երևանի կողմից, ինչը, ինչպես լսում ենք մեր իշխանություններից, կարմիր գիծ է Հայաստանի համար, ու պարզ չէ, թե այս հարցում ինչպիսի լուծումներ են հնարավոր:

Ադրբեջանը նաև հայտարարում է, որ եթե այս հարցում առաջընթաց չլինի, ինքը փորձելու է մաքսակետեր ու անցակետեր տեղադրել Լաչինի միջանցքում, այսինքն՝ սպառնալիքի լեզվով է խոսում: Ես չեմ տեսնում Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչ-որ հակվածություն՝ հարցերը փոխզիջման միջոցով լուծելու, այսինքն՝ կառուցողական մոտեցում չկա:

Պարո՛ն Գրիգորյան, Եվրամիության այս ակտիվությունը, այնուամենայնիվ, շոշափելի արդյունքների կհանգեցնի՞:

– Արդեն որոշակի արդյունքներ կան. հիշում ենք, որ ամիսներ շարունակ կողմերը չէին կարողանում ձևավորել այդ սահմանային հանձնաժողովը և անցկացնել այդ հանդիպումը, ու ԵՄ-ի ակտիվության շնորհիվ առաջին հանդիպումը կայացավ: Իսկ կոնկրետ՝ ավելի առարկայական արդյունքների մասով դժվար է ինչ-որ բան կանխատեսել, կարծում եմ, որոշ հարցերի շուրջ, օրինակ՝ երկաթուղիների վերաբացումը, ինչ-որ բան հնարավոր կլինի, բայց մյուս հարցերով, կարծես թե, գործընթացը փակուղու մեջ է:

– Պաշտոնական Մոսկվան այս հարցերում իսկապե՞ս պասիվ է հիմա, թե՞ դա ընդամենը թվացյալ պասիվություն է:

– Մոսկվայի համար այսօր այս հարցը երրորդական նշանակություն ունի, այսինքն՝ Ռուսաստանն ամբողջովին կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող գործընթացների վրա, չնայած փորձում են տպավորություն ստեղծել, թե ձեռքը զարկերակին է, բայց այս փուլում Մոսկվան ավելի կարևոր հարցեր ունի և կակտիվանա ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծումից հետո:

– Իսկ այդ հանգուցալուծումը մո՞տ է:

– Դժվար է ինչ-որ բան կանխատեսել, հատկապես Ռուսաստանի նման երկրի պարագայում, որտեղ որոշումներն ինստիտուցիոնալ չեն կայացվում, ամեն ինչ կախված է մի քանի հոգու քմահաճույքից: Հավանական տարբերակն այն է, որ Ռուսաստանը միգուցե Դոնբասում կարողանա ինչ-որ հաջողությունների հասնել ու փորձի կանգ առնել,բայց դա էլ երաշխավորված չէ, որ հաջողությունից հետո Մոսկվան կանգ կառնի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am