«Ես հաշվել եմ օրերը՝ 154 օր ինքը չկար, հետո ԴՆԹ-ով հաստատվեց»․ Օգսենի կինը՝ Նաիրան, հինգ ամիս սպասել է ամուսնուն

«Անօդաչուն է հարվածել, ինքը ոտքից վիրավորվել ա։ Հետո ականատեսները պատմում են, որ այրվել ա, քանի որ հրդեհ ա եղել տարածքում։ Դրա համար մոտ 5 ամիս չէին գտում, ես հաշվել եմ օրերը՝ 154 օր ինքը չկար, հետո ԴՆԹ-ով հաստատվեց»,- հուզմունքով պատմում է 44-օրյա պատերազում զոհված Օգսեն Թովմասյանի կինը՝ 42-ամյա Նաիրա Սահակյանը։ 

42-ամյա Օգսեն Թովմասյանը Սիսիան քաղաքից էր։ Սովորել է Սիսիանի N 68 ուսումնարանում, ստացել տրակտորիստ-մեքենավարի մասնագիտություն։ Զինծառայող էր, աշխատել է Սիսիանի զորամասում՝ որպես վարորդ։ Ամուսնացած էր, ունի 3 երեխա։

Կինը պատմում է, որ մինչ հոկտեմբերի 8-ը ամուսինը Սիսիանի դիրքերում էր, այնուհետև զորքը մեկնել է Արցախ՝ Կարմիր Շուկա, որտեղ էլ օրեր անց տեղի է ունեցել ողբերգական դեպքը․ «Զորքը Սիսիանից գնում ա Ղարաբաղ, ինքը էդ մեքենաներից մեկի վարորդն էր։ 

Դեպքից մեկ օր առաջ խոսեցի՝ հոկտեմբերի 14-ին, ասեց՝ աղջիկներին չասես, որ Ղարաբաղում ենք… Ինքը շատ էր նեղվում, ասում էր՝ աղջիկներին չասես, որ շատ չմտածեն, աղջիկներս մեծ են, հասկացող են, տղաս փոքր է՝ 3 տարեկան»,- պատմում է կինը։

Նաիրան ասում է, որ թեև ականատեսները պատմել էին դեպքը և ասել, որ զուր հույսեր չունենա, որ ողջ կլինի ամուսինը, քանի որ իրենք իրենց աչքով են տեսել՝ ինչ է տեղի ունեցել, այդուհանդերձ Նաիրան փորձել է իրեն ուժեղ պահել՝ մինչ ամուսնու մարմնի հայտնաբերումը: 

«Որ կորած էր, ինձ մի քիչ ձիգ էի պահում, բայց երբ բերեցին, թաղում արեցին, ես վերջնական կոտրվեցի։ Մտածում էինք՝ կարող ա փրկված լինի, հետո լրիվ կոտրվեցինք»,- հուզվում է կինը:

Նաիրան պատմում է, որ այդ օրերին հաճախ էր 3-ամյա տղան՝ Նարեկը, հեռախոսը վերցնում ու երևակայում, որ հոր հետ է խոսում։ «Ասում էր՝ պապա՛, բա չե՞ս գալիս գործից, պապա՛, դե շուտ արի։ 

Անընդհատ հոր հետ ժամերով խոսում էր՝ էդպես ստից, երևակայական, ու տղայիս խոսելը մեզ ուղղակի քայքայում էր։ Նարեկս հոր կարիքը շատ ունի, շատ կապված էին, ու իր պուճուրիկ ուղեղի մեջ ինչ-որ բան կատարվում ա։ Ինքը հասկանում ա, որ չկա, չի գալիս»,- ասում է Նաիրան ու կրկին հուզվում։

Պատմում է, որ ամուսինը շատ էր սպասել որդու ծննդին, մեծ տարիքում էին ունեցել որդուն, ու պատկերացնում էր՝ ինչպես  է մեծացնելու տղային, ինչպես է դաստիարակելու․ 

«40 տարեկանում եմ ունեցել Նարեկին, որովհետև Օգսենը շատ էր ուզում տղա ունենայինք: Ասում էր՝ որ տղա լինի, դու չխոսաս, ես ոնց կպահեմ՝ կպահեմ, չխառնվես իմ ու տղայիս հարաբերություններին: Ասում էր՝ ավտո քշել կսովորացնեմ, հետս կտանեմ խմելու, կլկստացնեմ, հիմա էլ Նարեկս առանց հոր ա մեծանում»։

Նաիրա Սահակյանը և Օգսեն Թովմասյանը 18 տարվա ամուսիններ էին։ Նաիրան ասում է՝ ամուսինը շատ հանգիստ բնավորություն ուներ, բացարձակ կոնֆլիկտային չէր: 

«Որպես կին ոնց կլինի չասես, չխոսես կենցաղում, ինքը որ ներքուստ ջղայնանում էր, ասում էր՝ ծնգըլ ես անում։ Դա իր ջղայնանալն էր։ Կոնֆլիկտային մարդ չէր։ 

Ինքը շատ էր սիրում մեզ տեղ տանել՝ այգի, կարուսել, մեկ էլ կարող ա զանգեր, ասեր՝ հավաքվեք, իջեք, գալիս եմ՝ գնանք»,- կսկիծով հիշում է կինը։

Նաիրան պատմում է, որ ամուսինը շատ էր սիրում մեքենաներ, շատ փոքր տարիքից մեքենա էր սարքում․ «Իր հիմնական գործը, նվիրումը եղել են մեքենաները, Սիսիանում իրեն որպես արհեստավոր գիտեն»։

Նաիրան ասում է պատերազմից հետո ու ամուսնուն կորցնելուց հետո այժմ փորձում է ուժեղ լինել, որ երեխաներին կարողանա մեծացնել, լավ ապագա ապահովել․

«Երեխաների համար եմ ուզում ուժեղ լինեմ, հենց տեսնեն՝ ես կոտրվում եմ, իրանք էլ կնեղվեմ, երեխեքի համար պիտի ապրեմ»:

Արփինե Արզումանյան

MediaLab.am