74 միլիոն դոլար. Հայաստանի կառավարության դրամաշնորհները 2018 թվականին

74 միլիոն դոլար. Հայաստանի կառավարության դրամաշնորհները 2018 թվականին
74 միլիոն դոլար. Հայաստանի կառավարության դրամաշնորհները 2018 թվականին

2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը նախատեսում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստանալ ընդհանուր առմամբ 35,8 միլիարդ դրամի (74 միլիոն դոլարի) դրամաշնորհներ: Այս ցուցանիշը 4,8 միլիարդ դրամով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ կազմելով պետական բյուջեի եկամուտների 3 տոկոսը: 

Գծապատկերում ներկայացված է վերջին տարիներին պետական դրամաշնորհների ծավալների փոփոխության դինամիկան: Ինչպես երևում է գծապատկերում, օտարերկրյա դրամաշնորհների ծավալը, ընդհանուր առմամբ, սկսած 2013 թվականից արձանագրել է աճի հետևողական միտում, որի գագաթնակետը հենց 2018 թվականն է: 

Ինչպես 2016 և 2017 թվականներին, 2018-ին ևս Հայաստանի ամենամեծ դոնորները շարունակում են մնալ Եվրամիության կազմակերպությունները: Ընդ որում, ԵՄ կազմակերպությունները միակն են, որոնք Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում տրամադրում են բյուջեի աջակցման ընդհանուր բնույթի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք հասնում են 6.5 միլիարդ դրամի: Այս ֆինանսական օգնությունը ոչ մի կերպ կապված չէ համատեղ ծրագրերի իրականացման հետ և տրվում է որպես Հայաստանում ժողովրդավարության խթանիչ: Հարկ է, սակայն, նշել, որ այս ցուցանիշը, համեմատած 2017 թվականի 9.2 մլրդ. դրամի հետ, նվազել է 2.7 մլրդ. դրամով, ինչը լիովին կարող է պայմանավորված լինել Հայաստանում ժողովրդավարության ցուցիչների անկմամբ: 

2018 թվականին նախատեսվում է ստանալ շուրջ 29,3 մլրդ. դրամի նպատակային դրամաշնորհներ: Ֆինանսական աջակցության այս խումբը ներառում է պաշտոնական, այսպես ասած, կապակցված դրամաշնորհները: Այստեղ ևս Եվրամիությունը հանդիսանում է խոշորագույն դոնոր, որը պատրաստվում է իր աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակում տրամադրել շուրջ 20 մլրդ. դրամ: Այս աջակցությունը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները 11,3 մլրդ. դրամով: 

Ստորև ներկայացված են 2018 թվականին համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակներում նախատեսված դրամաշնորհների առավել խոշոր փաթեթները (սրանցում ներառված չեն գերատեսչական ծրագրերի դրամաշնորհները, ինչպես նաև գերատեսչություններին տրամադրվող օտարերկրյա գույքն ու այլ աջակցությունը): 

Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում, Հայկական ատոմակայանի օգտագործման ժամկետները երկարացնելու համար նախատեսվում է ստանալ 6,3 մլրդ. դրամ: Այսպիսով, 2017 թվականի համեմատ, Ռուսաստանի կողմից Հայաստանին տրվող ֆինանսական աջակցությունը կմեծանա 4,7 մլրդ. դրամով: 

ԵՄ հարևանության Ներդրումային ծրագրի աջակցության շրջանակներում երևանյան մետրոպոլիտենի վերակառուցման դրամաշնորհային երկրորդ ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,58 մլրդ. դրամ: Նույն ծրագրի աջակցության շրջանակներում Երևանի ջրամատակարարման բարելավման դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,43 մլրդ. դրամ: 

ԵՄ օժանդակությամբ իրականացվող Հայաստանի տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրի նպատակով նախատեսվում է ստանալ 2,126 մլրդ. դրամ: 

ԵՄ հարևանության ծրագրի ներդրումային օրգանի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային ծրագրի նպատակով նախատեսվում է ստանալ 683 մլն. դրամ: 

Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային նախագծի նպատակով նախատեսվում է ստանալ 1.561 մլրդ. դրամ: Նույն բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի կոշտ թափոնների կառավարման» դրամաշնորհային նախագծի նպատակով նախատեսվում է ստանալ 1.561 մլրդ. դրամ: 

Արևելյան Եվրոպայի էներգախնայող ու բնապահպանական համագործակցության աջակցությամբ «Երևանի քաղաքային լուսավորում» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է ստանալ 1,050 մլրդ. դրամ: 

Գերմանական զարգացման վարկերի բանկի (KFW) աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Կովկասի արգելավայրերի աջակցության դրամաշնորհային ծրագրի» 3-րդ փուլի իրականացման համար նախատեսվում է ստանալ 1,44 մլրդ դրամ: Եվս 2,8 մլրդ. դրամի դրամաշնորհային միջոցներ KFW տրամադրելու է Հայաստանին ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգման ծրագրերի համար, որոնք իրականցվում են ԵՄ հարևանության ներդրումային օրգանի հետ համատեղ: Այդպիսով, 2017 թվականի համեմատությամբ Հայաստանին գերմանական KFW-ի դրամաշնորհային աջակցությունը կմեծանա 2,24 մլրդ դրամով: 

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստանալ 764 մլն դրամ: 

574 մլն. դրամ Հայաստանը կստանա ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ իրականացվող տեղական ինքնակառավարման բարեփոխման դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: 

Համաշխարհային հիմնադրամի (The Global Fund) աջակցությամբ իրականացվող «Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստանալ 1.64 մլրդ դրամ: Եվս 800 միլիոն դրամ Համաշխարհային հիմնադրամը կտրամադրի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի» իրակացման համար: 

Նշենք, որ բազմաթիվ օտարերկրյա դոնորներ (ԱՄՆ, ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, ԵԱՀԿ և այլն) ներառված չեն այս ցուցակում, քանի որ նախընտրում են չփոխանցել դրամական միջոցները Հայաստանի պետական մարմիններին (հնարավոր է կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար), այլ միանգամից տրամադրել անհրաժեշտ գույքը կամ անմիջապես ցուցաբերել այլ աջակցություն (օրինակ կրթական ծրագրերի ոլորտում): 

Դավիթ Ստեփանյան 

«Իրազեկ քաղաքացիների միավորում»