Թունաքիմիկատներ, արգելված հակաբիոտիկներ, ծանր մետաղներ. Հայկական մեղրում հայտնաբերվել են արգելված նյութեր

47-ամյա Արսեն Մագդալյանը 12 տարի է՝ զբաղվում է մեղվապահությամբ, ունի խոշոր մեղվաընտանիքներ, 150-ից ավելի փեթակ։ Տարվա տարբեր եղանակներին նա մեղուներին տեղաշարժում է մարզից մարզ, համայնքից համայնք՝ ավելի ապահով ու անվտանգ մեղր ստանալու մտադրությամբ: 

Նրա մեղուներն ապրում են Արարատի մարզի Այգեստան գյուղում խոր աշնանը և գարնանը՝ մինչև մայիսի վերջ, այնուհետև հունիսի սկզբներին մեղուներին տեղափոխում է Կոտայքի մարզ՝ հիմնականում Ֆանտան գյուղի մոտակա դաշտեր, իսկ արդեն հուլիսի վերջերին՝ Սևանի ավազան։ 

«Մեղուները պետք է հեռու լինեն աղբառատ, գյուղատնտեսական ու շատ բնակելի տարածքներից։ Գերադասելի է՝ մեղվի փեթակները մայրուղիներից էլ հեռու լինեն, որպեսզի մեքենաների արտանետումները հասանելի չլինեն մեղուներին»,- «Մեդիալաբին» պատմում է մեղվապահ Մագդալյանը։

Երկարամյա մեղվապահի համար զարմանալի են վերջին հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն՝ հայկական մեղրի որոշ նմուշներում հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր հակաբիոտիկներ, թունաքիմիկատներ, ծանր մետաղներ։

«Ինչպե՞ս կարող է այդքան կեղտոտ լինել մեղրը, կարելի է, էլի, ուղղորդել մեղվապահներին, սովորեցնել՝ ինչպես մեղու պահել»,- ասում է մեղվապահը՝ խնդրի պատճառը համարելով մեղվապահների կրթված չլինելը։

Հայաստանում թեպետ բնակչությունը մեղր քիչ է օգտագործում, բայց այդ մթերքը դառնում է վտանգավոր մարդկանց առողջության համար. Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի գիտնականները կատարած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ հայկական մեղրի մեջ կան վտանգավոր նյութեր, այդ թվում՝ կայուն օրգանական աղտոտիչներ՝ հակաբիոտիկներ, թունաքիմիկատներ, ծանր մետաղներ։ 

«Կայուն օրգանական աղտոտիչները երկար տարիներ պահպանվում են հողում ու հողից կարող են անցնել բուսականությանը, ծաղկի միջոցով էլ՝ մեղրին»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։ 

Պիպոյանը նշում է, որ Երևանում բնակչության 40 տոկոսը ընդհանրապես մեղր չի օգտագործում, իսկ մյուս մասն օգտագործում է, բայց՝ փոքր քանակներով։ Ցածր սպառման արդյունքում Երևան քաղաքում առողջական ռիսկեր գիտնականները չեն գրանցում։ Պատկերը, սակայն, այլ է գյուղական համայնքներում. մասնավորապես այն մարդիկ, ովքեր իրենք են մեղր արտադրում, հենց նրանք էլ համարվում են շատ օգտագործողներ ու ընկնում ռիսկի տակ։

«Մենք փորձում էինք պարզել՝ հնարավո՞ր է փոքր քանակով իրացվող ապրանքից ևս առողջական խնդիրներ ունենալ, և, ի զարմանս մեզ, որոշ գյուղական համայնքներում համոզվեցինք՝ այո, կարող են խնդիրներ լինել։ Մասնավորապես, առողջական խնդիրներ կարող են ունենալ այն մարդիկ, որոնք իրենք են մեղր արտադրում և սովորաբար հենց նրանք էլ համարվում են շատ օգտագործողներ։ Որքան մեծ քանակով ու հաճախ է օգտագործվում այդ մթերքը, բնականաբար, դրանում պարունակվող վտանգավոր տարրը մեր օրգաններ ավելի մեծ քանակով են թափանցում»,- նշում է սննդագետը։

Նրա խոսքով՝ մեղրը բարձր ռիսկային սննամթերք չէ, և դրա օգտագործման արդյունքում առաջանում են ոչ թե սուր թունավորման դեպքեր, այլ նրա մեջ պարունակվող քիմիական վտանգներն ի վիճակի են առաջացնել քրոնիկական հիվանդություններ: «Մեր ուսումնասիրած համայնքներում քիմիական վտանգները, մասնավորապես, ծանր մետաղները, առկա են ոչ միայն մեղրում, այլև ուրիշ մթերքներում, մասնավորապես, պտուղ-բանջարեղենի մեջ, որոնք սպառվում են ավելի մեծ քանակությամբ»,- նշում է սննդագետը: 

Չնայած հատկապես վերջին տարիներին սուպերմարկետներում և մասնագիտացված խանութներում վաճառվում է բազմատեսակ, գեղեցիկ փաթեթավորմամբ մեղր, սակայն սննդագետը պնդում է, որ շուկայում բարձիթողի վիճակ է, այս տեսականին պահանջարկ չի վայելում, փոխարենը՝ մարդիկ նախընտրում են ծանոթ-բարեկամների «անարատ մեղրը»։ 

«Շատ են եղել դեպքեր, որ մեզ դիմել են մարդիկ՝ ասելով, որ այդ մեղրը իրենց ամենահարազատ բարեկամի անարատ մեղրն է։ Բայց մենք հետազոտել ենք, ու արդյունքները ցույց են տվել, որ այդ մեղրը, մեղմ ասած, այնքան էլ անարատ չի եղել»,- ասում է Դավիթ Պիպոյանը։

Հայկական մեղրի մեջ վտանգավոր նյութերի առկայության փաստը հաստատում են նաև կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ)։ 

«Մեդիալաբի» հարցմանն ի պատասխան Տեսչական մարմնից տեղեկացրել են, որ յուրաքանչյուր տարի իրենք ամփոփում են մեղրի մոնիթորինգի արդյունքները և ներկայացնում Եվրոպական հանձնաժողովի Առողջապահության և սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինություն (GD SANTE):

«2014-1018 թթ. մեղրում մնացորդային նյութերի հսկողության ծրագրով կատարված լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվել են սուլֆադիազին, օքսիտետրացիկլին, քլորտետրացիկլին, տետրացիկլին հակաբակտերիալ նյութեր, նիտրոֆուրանտոին մետաբոլիտ (AHD), ֆուրազոլիդոն մետաբոլիտ (AOZ), ցիֆլութրին, պղինձ, կապար, հայտնաբերվել է նաև քլորամֆենիկոլի թույլատրելի քանակի գերազանցում»,- տեղեկացնում է ՍԱՏՄ-ն: 

Մասնագետների հավաստմամբ՝ այս նյութերից շատերը մարդու օրգանիզմում կարող են ժամանակի ընթացքում անդառնալի հետևանքներ առաջացնել։ 

ՍԱՏՄ-ն տեղեկացնում է նաև, որ մեղվաբույծները օգտագործել էին հակաբիոտիկներ, որոնք ձեռք են բերել դեղատներից՝ մեղուների հիվանդությունների կանխարգելման և բուժման նպատակներով: Տեսչական մարմնից նաև վստահեցնում են, որ մեղրի այն խմբաքանակները, որոնց նմուշներում հայտնաբերվել են վտանգավոր նյութեր, ինչպիսիք են՝ քլորամֆենիկոլ, տետրացիկլին և պղինձ, նիտրոֆուրանտոին մետաբոլիտ, ֆուրազոլիդոն մետաբոլիտ, ցիֆլութրին, առանձնացվել են, իսկ դրանց իրացումը՝ կասեցվել։ Ավելին, ոչնչացվել են։ 2019-ին «Մեղրում մնացորդային նյութերի հսկողություն» ծրագրով կատարված լաբորատոր հետազոտություններն ընթացքի մեջ են:

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը բացատրում է՝ սուլֆադիազինը, օքսիտետրացիկլինը, քլորտետրացիկլինը, տետրացիկլինը, ֆուրազոլիդոն մետաբոլիտը կարող են անմիջական ազդեցություն չգործել մարդու առողջության վրա, բայց դրանք հակաբիոտիկ նյութեր են, հետևաբար, քրոնիկ են, այսինքն՝ դրանց վտանգավոր ազդեցությունը զգալի է լինում ոչ թե օգտագործումից անմիջապես հետո, այլ որոշ ժամանակ՝ նույնիսկ տարիներ անց։ 

«Այս քիմիական միացությունները մեր օրգանիզմի վրա թողնում են թունավոր ազդեցություն, որի հետևանքները կարող են դրսևորվել նույնիսկ սերունդների վրա։ Օրինակ՝ կան հակաբիոտիկներ, մետաղներ, որոնք ազդում են սաղմի վրա և շատ դեպքերում կարող են վիժելու պատճառ լինել»,- ասում է մասնագետը։

Նա ընդգծում է՝ հակաբիոտիկների օգտագործման ձևերը ամբողջ աշխարհում են խնդիր և Հայաստանում՝ մասնավորապես։ «Հակաբիոտիկները շատ հաճախ կիրառվում են անհիմն, մեծ չափերով, ոչ ճշգրիտ, ի հետևանս՝ դրանք հայտնվում են սննդամթերքում, որն էլ մարդիկ սպառում են։ Օրինակ՝ ֆուրազոլիդոն մետաբոլիտը արգելված հակաբիոտիկ է, և եթե մեղրում հայտնաբերվում է այդ տարրը, ապա դա նշանակում է, որ գործ ունենք արգելված հակաբիոտիկի օգտագործման հետ»,- «Մեդիալաբին» ասում է Մելինե Բեգլարյանը։

Մետաղներից կապարը, արսենիումը, ըստ Մելինե Բեգլարյանի, թունավոր տարրեր են, և դրանց թեկուզ չնչին քանակությունն օրգանիզմում կարող է առաջացնել վտանգավոր ազդեցություններ։ Այս մետաղների կարիքը մարդու օրգանիզմը ընդհանրապես չունի։ Բայց կան մետաղներ, որոնց սահմանափակ քանակությունը մարդու օրգանիզմում ունի կենսական նշանակություն մարդու համար։ Մասնագետի խոսքով՝ այդպիսիք են, օրինակ՝ պղինձը, երկաթը, բայց դրանց չափից ավելին կարող է առաջացնել խնդիրներ, օրինակ՝ մարսողության։

Սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը նկատում է, որ ծանր մետաղներով աղտոտված մթերքի սպառումը կարող է լրջորեն խաթարել մարմնում որոշ կարևոր ֆունկցիաներ՝ առաջացնելով իմունային պաշտպանվածության նվազում, ստամոքսաղիքային համակարգի խաթարում և այլն: Բացի այդ, ըստ նրա, որոշ ծանր մետաղներ ունեն քաղցկեղածին, մուտագեն, տերատոգեն և նեյրոտոքսիկ ազդեցություններ:

Մասնագիտությամբ երկրաբան 37-ամյա Տիգրան Սեդրակյանը ծնվել, մեծացել է հոր մեղուների հետ ու փոքրուց է տեղյակ՝ ինչպես պետք է պահել մեղուներին։ Այժմ էլ ինքն է պահում մեղուներ Կոտայքի մարզում։ Ասում է՝ մեղվաբուծությունից հաճույք է ստանում, և այն ավելի շատ հոբբի է իր համար։ Նրան չեն զարմացնում հետազոտության արդյունքները, քանի որ վստահ է՝ մեղվապահների գերակշիռ մասը կրթված չէ, ծանոթ չէ մեղվաբուծության նրբություններին, իսկ նման արդյունքը հենց պակաս կրթված լինելու պատճառ է։ 

«Մեղու պահելու համար վտանգավորության աստիճանը կարող է բարձր լինել այն վայրերում, որտեղ հանքեր են շահագործում, որովհետև դրանցից կարող են նյութերի արտահոսք լինել, փոշու արտանետումներ, որոնց պատճառով մեղրը կամ գյուղատնտեսական այլ արտադրանք կունենա նորմայից շեղումներ»,- «Մեդիալաբին» ասում է Սեդրակյանը։

Սեդրակյանի խոսքը գալիս են փաստելու Սննդի անվտանգության տեսչական մարմնի տվյալները: Տեսչության տվյալների համաձայն՝ հենց հանքարդյունաբերությամբ զբաղվելու հետևանք է, որ մեղրի մեջ պղնձի բարձր պարունակություն է հայտնաբերվել Սյունիքի մարզի Քաջարանի, Տաշտունի, Շիշկերտի համայնքներում, իսկ կապարի բարձր պարունակություն՝ Լոռու մարզի հանքարդյունաբերական տարածքներում: 

«Մեղվաբույծներին առաջարկվել է գործունեությունը ծավալել այդ տարածքներից առնվազն 80-100 կմ հեռավորությամբ: Տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ սահմանափակել պղնձարջասպի օգտագործումը, փեթակները տեղափոխել թունաքիմիկատներով և այլ քիմիական նյութերով հագեցած տարածքներից հեռու»,- ի պատասխան «Մեդիալաբի» տեղեկացրել են Տեսչական մարմնից։ 

Այս ամենից ելքը, ըստ երկրաբան-մեղվապահի, ուժեղ վերահսկողությունն ու մեղվաբույծներին կրթելն է։ 

«Կարիք կա, որ մեղվապահները գրագետ զբաղվեն մեղվաբուժությամբ»,- նշում է Տիգրան Սեդրակյանը։ 

Նա նույնիսկ «Չոր մարքեթինգի» հետ միասին անցկացնում է անվճար վեբինարներ հետաքրքրվողների համար։ Վերջերս էլ այդպիսի մի վեբինար են կազմակերպել՝ մեղվաբուծության զարգացման, դրա անվտանգության, ոլորտի նրբությունների և ինչից ու ինչպես սկսելու մասին։ Նրա վեբինարները համացանցում կան, և հետաքրքրվողները կարող են գտնել դրանք, լսել ու ծանոթանալ։ 

Հայաստանի ագրարային համալսարանի կայքէջում մեղվաբուծությանը վերաբերող երեք թվայնացված գրականություն կա, որից մեկը ռուս հեղինակի 1974-ի հրատարակության թարգմանությունն է, մյուսը՝ «Համառոտ մեղվաբուծությունն» է՝ 1968 թ. հրատարակության։ Երրորդը՝ «Մեղվաբուծություն» անվանումով, ամենաթարմն է՝ հրատարակվել է 2003-ին «Գագիկ Ծառուկյանի ֆինանսական և բարոյական աջակցությամբ»։ 

Այդուհանդերձ, Սննդի անվտանգության տեսչական մարմնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեղվաբուծության ոլորտում մտահոգիչ է մեղվաբույծների ոչ բավարար իմացությունը։ Եվ այդ պատճառով էլ նրանք մեղրի օրգանական արտադրության մասին ուղեցույցներ են բաժանում մեղվաբույծներին։ Ավելին, եռամսյակային պարբերականությամբ համայնքներում կազմակերպվել են մեղվաբույծների հետ խորհրդակցություններ, մեղրի արտադրության և մեղվաբուծությունում նյութերի օգտագործման խնդիրների մասին սեմինարներ:

Դավիթ Պիպոյանը, որի թիմը երկար երկար տարիներ ուսումնասիրում է մեղրի ու դրա անվտանգության և որակի ցուցանիշները, փաստում է՝ ամենաորակյալը Արցախի մեղրն է, որի որակական ցուցանիշները շատ բարձր են։ 

«Հաշվի առնելով նշված հետազոտությունները՝ մենք մշտապես հանդես ենք գալիս խորհուրդներով, որ մարդիկ զերծ մնան աղտոտված տարածքներում աճեցված մթերքների սպառումից, քանի որ կան առողջական ռիսկեր»,- «Մեդիալաբին» ասում է նա։

ՍԱՏՄ-ը իր հերթին հավաստիացնում է, որ մեղվաբուծությամբ զբաղվող անձանց և տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ՝ սահմանափակել բուսաբուծության ոլորտում օգտագործվող թունաքիմիկատների, ագրոքիմիկատների ու այլ քիմիական նյութերի օգտագործումը և հետևել ագրարային կանոններին։

«Այն տնտեսավարողները և անձինք, որոնց արտադրանքում հայտնաբերվել են խախտումներ և անհամապատասխանություններ, 2020 թ. ընթացքում կլինեն Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում և մնացորդային նյութերի հսկողության պլանով կենթարկվեն նմուշառման և լաբորատոր հսկողության»,- տեղեկացնում են տեսչությունից: 

Հասմիկ Համբարձումյան 

MediaLab.am