«Միամտաբար կարծում էի՝ խոսքը մուլտֆիլմերի մասին է». սարդոստայն, որտեղ չեն գործում երեխայի պաշտպանության ավանդական գործիքները

«Մեր տանը միշտ հստակ «էկրանային» ժամ է եղել։ Ես այն մայրերից չեմ, որ երեխայից հանգստանալու համար նրան հեռախոս կամ պլանշետ են տալիս։ Մեր ընտանիքում բոլորը գիտեն, որ կարող են էկրանից կախված լինել առավելագույնը օրական 2 ժամ, այն էլ՝ միայն «անվտանգ» բովանդակության համար։ Մնացած ժամանակը երեխաներս անցկացնում են բակում խաղալով կամ գիրք կարդալով։ Բայց անկախ մեր՝ այստեսակ ուշադրությունից ու զգոնությունից, վերջերս հայտնվեցինք մի իրավիճակում, երբ ստիպված եղանք բոլորովին արգելել հեռախոսները»,– պատմում է Աննա Պապիկյանը, որը երկու տղայի մայր է։

Աննայի ավագ որդին սովորում է 9-րդ դասարանում, կրտսերը՝ 7 տարեկան է։ Հենց ավագ որդին է մորը պատմել, որ եղբայրը համացանցում հետևում է անցանկալի բովանդակության: Աննան ասում է, որ երկու երեխաներն էլ հեռախոս ունեն՝ դպրոց գնալ-գալիս ծնողների հետ կապի մեջ լինելու համար: Սակայն մայրը նկատել է, որ փոքր որդին, ինչպես Հայաստանում հազարավոր մարդիկ, տարվել է TikTok-ով: Աննան ասում է, որ երբեք չի եղել այդ սոցիալական հարթակում, ուստի չգիտի ու չի էլ պատկերացրել, թե ինչ բովանդակություն է շրջանառվում այնտեղ: 

«Տղաս իր էկրանային ժամանակը ծախսում էր այդ կայքում ինչ-որ բաներ դիտելով, և դասընկերների հետ զրույցներում էլ անընդհատ հնչում էր «մուլտո» բառը։ Ես միամտաբար կարծում էի, որ խոսքը մուլտֆիլմերի մասին է։ Զգում էի, որ երեխաս ագրեսիվ է դարձել, թաքցնում է հեռախոսը, երբ մոտենում ենք, անընդհատ ասում է, որ ինչ-որ մեկին պետք է «պատժել», «ստանալ» և նման բառեր, որոնք մեր ընտանիքում ընդունված չեն օգտագործել»,- «Մեդիալաբին» պատմում է Աննան։

Նա նշում է, որ տևական ժամանակ անց ավագ որդին մորը բացատրել է, որ խոսքը ոչ թե մուլտֆիլմերի, այլև քրեական ենթամշակույթ կրող, սարսափելի գռեհիկ, հայհոյախառն բառամթերքով մի օգտատիրոջ մասին է: 

«Որն ուղղակի զազրելի բաներ է իրեն թույլ տալիս այդ սոցիալական հարթակում։ Ես ինքս փորձեցի հասկանալ, թե ինչի մասին է խոսքը, և սարսափեցի՝ հայհոյանքներ, պատանդներ, մարդկանց տեսախցիկի առջև ստորացնել, բռնություն գործադրել․․․ Եվ այս ամենը դիտել է իմ 7 տարեկան տղան»,– նշում է Աննան։

Նա կարծում է, որ այս իրավիճակից հնարավոր կլիներ խուսափել, եթե ինքն ու ամուսինն ավելի շատ վերահսկեին որդիների համացանցային ակտիվությունը, սակայն դա հնարավոր է անել միայն տան պայմաններում, մինչդեռ դպրոցում, ընկերական շրջապատում, որտեղ ծնողները ներկա չեն, դա գրեթե անհնար է․

«Ավագ որդիս ավելի հասուն է, ունի իր հստակ նախասիրությունները, նրան այլևս հետաքրքիր չեն նման բաները։ Նա ինքն է կարողանում «ֆիլտրել» իր համար ցանկալի բովանդակությունը։ Բայց փոքր տղաս, ինչպես այդ տարիքի բոլոր երեխաները, սպունգի նման է, կլանում է ամեն ինչ։ Կարծում եմ՝ մի քիչ էլ ես եմ մեղավոր դրանում, որովհետև իմ թվային միջավայրը զտելիս՝ ծայրահեղական մոտեցում ունեմ․ ես ուղղակի տեղյակ չեմ լինում նման մարդկանց գոյության մասին, որպեսզի կարողանամ խոսել որդուս հետ այդ թեմայով և փորձեմ բացատրել նրան, որ դա իրեն ոչ մի օգուտ չի տալու»,– ասում է Աննան։

Հատկապես երեխաների կիբեռանվտանգության ապահովումն այսօր մարտահրավեր է դառնում ծնողների համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թվային միջավայրը և սոցիալական կայքերը համեմատաբար նոր երևույթ են, ծնողները հաճախ չունեն անհրաժեշտ փորձառություն կամ գիտելիքներ՝ անվտանգության անհրաժեշտ միջոցներն ապահովելու համար։

Դեռ 2015-ին անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ աշխարհում երեխաների 97%-ի մոտ առկա է բջջային հեռախոս։ Գրեթե բոլոր երեխաները հեռախոս կամ որևէ այլ թվային տեխնիկա սկսում են օգտագործել արդեն 1 տարեկանում։ Բջջային հեռախոս օգտագործող երեխաների 78%-ը կարծում է, որ հեռախոսը համացանց մուտք գործելու հիմնական սարքն է։

Հայաստանում երեխաների կողմից համացանցի օգտագործումը աննախադեպ չափերի հասավ 2020-ին՝ համավարակով պայմանավորված։ Դպրոցների փակվելուն զուգահեռ՝ հանրակրթական հաստատությունների շուրջ 400.000 սովորողների կրթության շարունակականությունն ապահովելու համար պետության և միջազգային կառույցների կողմից նրանց տրամադրվեցին անհրաժեշտ սարքավորումներ և ինտերնետ կապ։ 

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Հայաստանի բնակչության 77%-ն այսօր օգտվում է համացանցից։ 

Ըստ էության՝ առցանց միջավայր տեղափոխվեց մարդկանց կյանքի նաև այն հատվածը, որը մշտապես դրանից դուրս է եղել՝ աշխատանք և կրթություն։ Այս պայմաններում երեխաներն ավելի շատ սկսեցին ինքնուրույն օգտվել թվային սարքերից՝ հաճախ դուրս մնալով ծնողների ուշադրությունից։

Կիբեռանվտանգության մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Անահիտ Պարզյանը համոզված է՝ կիբեռանվտանգության կանոններն այսօր նույնքան կարևոր են երեխաների համար, որքան, օրինակ՝ երթևեկության կանոնները․

«Սակայն, եթե ծնողներն ու ուսուցիչները գիտեն երթևեկության կանոնները և կարողանում են դա փոխանցել երեխային, ապա կիբեռմիջավայրը նոր է, և այս մասին բավարար գիտելիքներ չունեն նաև մեծահասակները։ Ստացվում է, որ երեխաները հայտնվել են մի միջավայրում, որը գոյություն ունի իրական կյանքին զուգահեռ, բայց որում չկան իրենց վերահսկող, իրենց իրավունքները պաշտպանող, իրենց համար վնասակար կամ տարիքին անհամապատասխան բովանդակությունը զտող մարդիկ։ Այս հարցում ամենամեծ խնդիրն այն է, որ այս միջավայրում բոլորը հայտնվել են միաժամանակ՝ թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները, և երեխայի իրավունքների պաշտպանության ավանդական գործիքները, այդ թվում նաև՝ իրավական, այստեղ չեն գործում»,– ասում է Պարզյանը։

Երկրորդ մեծագույն խնդիրը, ըստ մասնագետի, այն է, որ աշխարհը երբեք չի սպառել այս ծավալի տեղեկատվություն։ Տարբեր մշակութային և սոցիալական միջավայրերում ապրող մարդիկ փոխանակում են աննախադեպ ծավալի տեղեկատվություն, որը որևէ կերպ չի զտվում։ Երրորդ խնդիրը, ըստ մասնագետի, այն է, որ թե՛ մեծահասակները, թե՛ երեխաներն իրենց մասին ամբողջական ինֆորմացիա են հայտնում համացանցում՝ նշելով, թե իրական ժամանակում որտեղ են, ինչով են զբաղված կամ երբ են պատրաստվում ճամփորդել։

«Z (1995-2009 թթ․ ծնվածները) և Alpha (2010-2024 թթ․ ծնվածները) սերունդներին հատուկ է նաև նորարարությունների և փոխգործակցությունների փնտրտուքը։ Այս իմաստով դպրոցն ու հասարակությունն այլևս չեն բավարարում երեխային, և նա իրեն առավել երջանիկ է զգում վիրտուալ աշխարհում, որտեղ ինքն է ստեղծում իր կյանքը։ Սա շատ վտանգավոր է, որովհետև հաճախ այս մասին մեծահասակները բավարար գիտելիքներ չունեն: Եթե, օրինակ՝ նրանք կարող են արգելել երեխային իջնել բակ և խաղալ անծանոթ մարդկանց հետ, սովորաբար դեմ չեն լինում, երբ երեխան վիրտուալ տիրույթում է խաղում նույն անծանոթների հետ, որտեղ էլ ստեղծվում է այն սոցիալական միջավայրը, որի մասին հստակ պատկերացում չունի ո՛չ երեխան, ո՛չ նրա ծնողը»,– ասում է կիբեռանվտանգության մասնագետը։

Ըստ Պարզյանի՝ վերջին տարիներին հատկապես սուր է կիբեռբուլինգի խնդիրը, երբ երեխան շարունակական հալածանքի և բռնության է ենթարկվում ոչ թե իրական կյանքում, այլ համացանցում։ Խնդիրը, ըստ մասնագետի, չափազանց լուրջ է, որովհետև ի տարբերություն իրական բուլինգի, երբ վիրավորանքը, ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունը բացահայտ են, կիբեռբուլինգը, որպես կանոն, անտեսանելի է մնում մեծահասակների համար և անվերջանալի դառնում։ 

Մովսիսյաններն իրենց վրա են զգացել կիբեռբուլինգի ուղիղ ազդեցությունը, երբ ընտանիքի կրտսեր դստեր՝ 10-ամյա Մարիի տրամադրությունը և վարքը սկսել են ուղղակիորեն կապվել հեռախոսով անցկացրած ժամանակի հետ: 

«Երեխան շատ անհանգիստ էր, հուսահատված, անտրամադիր, ասում էր՝ ոչ մեկին պետք չեմ, և մենք չէինք հասկանում, թե ինչ է եղել, քանի որ մշտապես ուշադրության կենտրոնում էր ու շատ սիրված»,- պատմում է մայրը՝ Մարինե Մովսիսյանը:

Մարինեն ավելի ուշ կարողանում է պարզել, որ օնլայն ստեղծված դեռահասների խմբում ծաղրի է ենթարկվում, մասնակիցներից մեկը պարբերաբար ստորացնում է և «համոզում», որ Մարին ոչ մեկին պետք չէ, որ այնքան անպետք է, լավ կլինի՝ ինքնասպանություն գործի:

«Մենք չգիտեինք՝ ինչ անենք, ուղղակի ստիպողաբար վերցրինք հեռախոսը, քանի որ չէր կտրվում, խոսեցինք, բացատրեցինք, փորձեցինք առօրյան ավելի ակտիվ դարձնել: Այլ լուծում չէինք գտնում»,- ասում է նա:

Կիբեռանվտանգության մասնագետ Պարզյանը նշում է՝ լուծումը մեկն է՝ կրթվել։ Ծնողները պետք է երեխային սովորեցնեն ոչ միայն համացանցից օգտվելու տարրական կանոնները, այլև՝ սոցիալական պատասխանատվություն ներշնչեն, բացատրեն, որ անգամ կիբեռմիջավայրում հալածանքի ականատես լինելիս դրա մասին անպայման պետք է պատմել վստահելի մեծահասակի։

Պարզյանը համոզված է՝ երեխաներին ընդհանրապես զրկել համացանցից և կիբեռմիջավայրում լինելու հնարավորությունից, սխալ է և ապարդյուն․ խնդիրը երեխաների համացանցային ակտիվությունը ճիշտ ուղղորդելն է։

Նա խորհուրդ է տալիս երեխաների համար սոցիալական կայքերում օգտահաշիվ բացելիս չնշել ծնողների տվյալները՝ ծննդյան տարեթիվ կամ էլեկտրոնային փոստի հասցե, քանի որ Google-ը, Ֆեյսբուքը կամ Ինսթագրամն ունեն բովանդակության տարիքային հստակ սահմանափակումներ, որոնք զգալիորեն կօգնեն ծնողներին՝ հեռու պահել երեխաներին անցանկալի կամ վնասակար բովանդակությունից։

«Բացի այդ, համացանցում կան բազմաթիվ parental control կամ «ծնողական վերահսկողության» ծրագրեր, որոնք շատ պարզ են գործածության մեջ և միևնույն ժամանակ հնարավորություն են տալիս վերահսկել, թե ինչ բովանդակություն է սպառում համացանցում երեխան»,-նշում է մասնագետը։

Սոնա Մարտիրոսյան

Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյան

MediaLab.am