Ռուսաստանը վստահ է, որ հայ ժողովուրդը շահագրգռված է Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերությունների զարգացմամբ․ Լավրով

Ռուսաստանը անդրկովկասյան տարածաշրջանում Հայաստանի միջոցով ՆԱՏՕ-ի երկրների շահերն առաջ տանելու փորձեր է տեսնում, սակայն վստահ է, որ հայ ժողովրդի մեծ մասը ցանկանում է զարգացնել Մոսկվայի հետ եղբայրական հարաբերությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրությունների սրմանը, ապա դա որոշիչ չափով արվում է արհեստականորեն։ Մենք գիտենք, թե Հայաստանում վերջին տարիներին քանի հասարակական կազմակերպություններ են ստեղծվել, և նախկինում էլ դրանք քիչ չեն եղել։ Այդ կազմակերպությունները չեն ստեղծվում Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամական հարաբերությունները խթանելու նպատակով։ Ընդհակառակը, դրանք նպատակ ունեն հող նախապատրաստել այստեղ հակառուսական տրամադրությունների համար և Հայաստանի միջոցով այս տարածաշրջանում իրենց, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի ու Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրների շահերի առաջխաղացումը նախապատրաստել։ Մենք տեսնում ենք այդ փորձերը, նրանք ինչ-որ արդյունքի հասնում են», – Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Միևնույն ժամանակ, Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը «խորին համոզմունք ունի, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը շահագրգռված է Ռուսաստանի Դաշնության հետ ավանդական, պատմականորեն եղբայրական կապերի զարգացմամբ»։

«Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց էր տալիս և այդ ժամանակ հստակ ասաց, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները։ Հույս ունեմ, որ այս դիրքորոշումը կգերակայի, չնայած Երևանն այլ ուղղությամբ տանելու փորձերին», – հավելեց նա։