Սա կեղծ եվրոպամետություն է, որ Փաշինյանը խաղում է եվրոպաներում ու դրա տակ իրականում սպասարկում է ռուսական շահը. Հայկ Սահակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ, քաղաքագետ Հայկ Սահակյանը

– Պարո՛ն Սահակյան, France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Այս հայտարարությանը արձագանքեցին ՀԱՊԿ-ից, նշելով, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել իրենց այս հարցով, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը ևս վերահաստատեց դա։ Հայ-ռուսական հարաբերությունների վրա ի՞նչ հետևանք է ունենալու այս հայտարարությունը։

– Հերթական սուտ տեղեկատվությունն է, առաջին անգամը չէ, որ նա նման հայտարարություն է անում՝ հատկապես հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, հետո տեսնում ենք, որ այդ հայտարարության ֆոնին՝ հողի վրա ավելի պրոռուսական գործունեություն է ծավալվում։ Նա սովորաբար գնում է Եվրոպա, այնտեղ անում է հակառուսական հայտարարություններ, բայց գալիս է Հայաստան, ավելի է խորացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեր վարչապետը սուտ է խոսում։ 

– Նպատակը ո՞րն է։

– Հստակ չենք կարող ասել, կարող ենք ենթադրություններ անել․ գնում է Եվրոպա, այնտեղ հակառուսական խաղ է խաղում, բայց իրականում ինքն ամենառուսամետն է, կեղծ եվրոպամետությունը ռուսասիրության ամենաբարձր դրսևորումներից է, ըստ էության։ Իմաստը ո՞րն է՝ գնաս Ֆրանսիա, նման հայտարարություն անես, բայց իրականում ոչ մի քայլ չձեռնարկես։ Որ հայի հետ խոսում ես, ասում են՝ Ֆրանսիան մեզ զինում է, բայց մեր բանակի իրական կարիքների մեջ մեզ Ֆրանսիան տվել է շատ համեստ սպառազինություն, այո՛, որակյալ, բայց մեր բանակի կարիքը դա չէ։ Սա կեղծ եվրոպամետություն է, որ Փաշինյանը խաղում է եվրոպաներում ու դրա տակ իրականում սպասարկում է ռուսական շահը։ 

Ինչպե՞ս է սպասարկում. մեր ժողովուրդը հանգիստ է, որ, դե, լավ է, պրծանք Ռուսաստանից, Ֆրանսիան է եկել, Փաշինյանը մեզ տանում է Եվրոպա, բայց իրականում մենք մնացել ենք Ռուսաստանի ազդեցության տակ։ Ռուսական ազդեցությունն է այստեղ բավականին մեծացել, ադրբեջանական ազդեցությունն է անհավանական չափերի հասել, Թուրքիայի ազդեցությունն է աճել, Իրանինը։ Հայաստանն այն ժամանակ միայն Ռուսաստանից կախված պետություն էր, հիմա նաև՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Իրանից, հիմա հպատակվում ենք նաև սրանց։

– Փոխարենը ի՞նչ ենք ստանում, պարո՛ն Սահակյան։

– Փոխարենը կորցնում ենք Արցախը, մեր ինքնությունը, կկորցնենք Սյունիքը, Հայաստանը ու թափառականի պես կապրենք աշխարհում։ 

– Հայաստանի համար նման հեռանկա՞ր եք տեսնում, պարո՛ն Սահակյան, բայց իշխանությունն ասում է, թե ամեն ինչ անում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար։

– Ինչպե՞ս կարելի է 2020 թվականից հետո հավատալ Նիկոլ Փաշինյանի որևէ խոսքին, ամբողջ պատերազմի ընթացքում ասում էր՝ հաղթում ենք, գրավում ենք, մեկ էլ հայտարարեց՝ պարտվեցինք։ Բոլորը մեր հաշվին շահած են դուրս գալու, որովհետև մեր իշխանությունները հանձնված են, ամեն ինչ հանձնում են ու դիմացը ստանում կեղծ ու սուտ խոստումներ, որոնցից ոչ մեկն իրականություն չի դառնում։ 

– Ձեր գնահատմամբ՝ այն, ինչ անում է գործող իշխանությունը, բնավ էլ արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չէ՞։

– Իհարկե չի փոխվում։ Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է միջազգային ասպարեզում։ Հիմա ոնց փնթի, ապաշնորհ, ստախոս կան ներսում, այդ կերպ էլ դրսում են։ Չկա մի բան, որ մինչև վերջ անեն, որ խոստանան ու անեն, նույնը միջազգային ասպարեզում է, բոլորի աչքին իրենք ստախոս, անլուրջ մարդիկ են, որոնց հետ ոչ մեկը չի ուզում գործ ունենալ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am